Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հոկտեմբերի 6-9-ը մասնակցել է Վիեննայում անցկացված Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) երիտասարդական կազմակերպության (YEPP) նախագահների հավաքին, որի ընթացքում YEPP անդամ կազմակերպությունների նախագահների կողմից, այդ թվում` ՀՀԿ երիտասարդական կազմակերպության, ստորագրվել է YEPP նոր աջակենտրոն քաղաքականության մշակման վերաբերյալ փաստաթուղթ:
YEPP նոր քաղաքականությամբ նախատեսվում է նախորդ տարիների արդյունքների բարելավում սոցիալ-տնտեսական, քաղաքական, իրավական և այլ ոլորտներում: Փոփոխություններ են նախատեսվում ֆինանսական մոդելում և հասարակական դաշտում: Նոր փաստաթղթով YEPP արժեհամակարգի առաջնահերթություններում տեղ են գտել մարդկային արժանապատվությունը, արդարությունը, հանդուրժողականությունը, ազատությունը, անվտանգությունը, խաղաղությունը, միասնականությունը, ժողովրդավարությունը և շրջակա միջավայրի պահպանության ու տնտեսական կյանքի կարգավորման հիմնախնդիրները:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը կարևորել է նման գործընթացում ՀՀԿ ԵԿ մասնակցությունը` նշելով, որ եվրոպական ամենամեծ քաղաքական երիտասարդական կառույցի նոր քաղաքականության մշակման վերաբերյալ հայտարարության ընդունման գործում մասնակցությունը նոր հնարավորություններ է ստեղծելու հայ երիտասարդության ձայնն առավել մեծ հարթակներում բարձրացնելու համար:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն