Հաղթեց, համբուրեց, գնացին` միասին ճաշելու. Վանաձորում անակնկալ ոչինչ տեղի չունեցավ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Վանաձորում անակնկալ ոչինչ տեղի չունեցավ. ՀՀԿ-ին հաջողվեց քաղաքապետի իր թեկնածու Մամիկոն Ասլանյանի համար ապահովել նորընտիր ավագանու 19 անդամի քվե: Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին քվեարկեց ավագանու ընդամենը 14 անդամ: Սա այն դեպքում, երբ շաբաթ օրը ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ) եւ «Լուսավոր Հայաստանը», որոնք միասին վերցրած ունեին 18 մանդատ, հուշագիր էին ստորագրել Վանաձորի ավագանու ընտրություններում համատեղ հանդես գալու վերաբերյալ: Իսկ իշխանական կոալիցիան՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, համատեղ 15 ավագանի ուներ:

Բայց պարզվեց, որ ոչ իշխանական ուժերի մեջ «առնետներ» կային, քանի որ 18 ավագանուց 4-ը ՀՀԿ-ին ընտրեց թաքուն: Էդմոն Մարուքյանն ասաց, որ առաջիկա բոլոր քվեարկությունները բաց են լինելու, եւ բոլորը կբացահայտվեն: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ իրենք նախապես պայմանավորված հատուկ նշումով են քվեարկել եւ կարող են ապացուցել, որ Քրիստ Մարուքյանին են ձայն տվել: Այնուհետեւ «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ-ը) հայտարարեց, թե առաջիկայում կապացուցի, որ իր մեջ չեն «առնետները»: Թե ինչպես, պարզ չէ:

Բայց այսքանից հետո ՀՎԿ ներկայացուցիչներ Հեղինե Բիշարյանը, Լեւոն Դոխոլյանը, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հավաքվել էին ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբոր ռեստորանում. ՀՀԿ-ական Բաղդասարյանների հետ ուրախ, զվարթ ճաշում էին:

Մինչդեռ Վանաձորում ոչ իշխանական ուժերը հանգիստ կարող են սկզբունքայնություն դրսեւորել, կառավարման ղեկն իրենց ձեռքը վերցնել եւ օրումեջ անվստահություն հայտնել նորընտիր քաղաքապետին. ի վերջո, ոչ իշխանականների մանդատներն ավելի շատ են: Ու քանի դեռ նրանք այդ խնդիրը չեն լուծել, ստացվելու է, որ նշված կուսակցություններն ընդամենը դերասանություն էին անում` «ընդդիմադիր» կերպարով հանդես գալու համար»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս