Շահումով խաղերի և վիճակախաղերի մասով մենք բավականին բարձր աճի տեմպեր ունենք. Վարդան Արամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ ԱԺ-ում ընդունված աղմկահարույց «Հարկային օրենսգիրքը» տվեց իր առաջին բացասական արդյունքը: Գրել էինք, որ նոր օրենսգրքով շահումով խաղերի պետական տուրքը 5 անգամ ավելանում է: Եւ հիմա այդ ոլորտում գործունեություն իրականացնողներից ավելի շատ գումար պիտի գանձվի` բնականաբար քաղաքացիների մեջ խաղամոլությունը զարգացնելու գնով: Արդյունքում, ՀՀ կառավարության շենքի դիմաց հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ առցանց խաղատների եւ սպորտային միջոցառումների վրա խաղադրույքներ ընդունող ընկերությունների աշխատակիցների բողոքի ակցիան: Վերջիններս իրենց մտահոգությունների շուրջ նամակ փոխանցեցին վարչապետ Կարեն Կարապետյանին եւ սպասում են նրա արձագանքին:

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ:

-Պարո՛ն Արամյան, հարկային նոր օրենսգրքով շահումով խաղերի պետական տուրքը 5 անգամ բարձրացվել է` ներկայիս 100 միլիոն դրամի փոխարեն սահմանվելով 500 միլիոն դրամ: Հիմա այդ ոլորտի տնտեսվարողներից ավելի շատ գումար պիտի գանձվի, ինչը նրանց դրդել է բողոքի ակցիա իրականացնել:

-Շահումով խաղերի եւ վիճակախաղերի մասով ուսումնասիրվել է նաեւ իրենց իսկ կողմից ներկայացված շրջանառությունը: Ձեզ ասեմ, որ նույնիսկ վիճակագրական վարչությունն է դա ֆիքսել, որ երկու տարի անընդմեջ բավականին բարձր աճի տեմպեր մենք ունենք: Ասենք, օրինակ, հանգստի կազմակերպում այդ ենթաճյուղով, որը ՀՆԱ-ի ճյուղերից մեկն է, դրա մասով 2014 թվականին, 2015 թվականին տարեկան համապատասխանաբար 40 եւ 80 տոկոսանոց աճ է գրանցվել:

-Աճը արձանագրվել է, եւ հիմա նրանցից ավելի շատ գումար պիտի գանձվի` բնականաբար քաղաքացիների մեջ խաղամոլությունը զարգացնելու գնով: Դա չի մտահոգո՞ւմ Ձեզ:

-Իսկ ով ասեց, որ քաղաքացիների հաշվին է:

-Բնական է, որ խաղադրույքով հետաքրքրվածը կգնա ու ավելի բարձր գումար կվճարի ու կխաղա, իսկ ընկերություններն էլ, հանուն իրենց բիզնեսի, այնպիսի առաջարկներ կգովազդեն, որ արդյունքում քաղաքացին կտուժի:

-Ձեզ վստահեցնում են, որ շահումով խաղերը եւ վիճակախաղերը դա մի ոլորտ է, որը իրականում նոր ավելացված արժեք չի ստեղծում, այլ եկամուտների վերաբաշխում է կատարում: Ինչպես, հավաքում են մարդկանցից գումարները, 100 հազար հոգուց հավաքում են, վերաբաշխում են ընդամենը դրա, չգիտեմ, 10 կամ 20 տոկոսի փոխարեն, որովհետեւ դրանից տալիս են աշխատավարձ, դրանից հետ են վերադարձնում որոշակի շահումներ սահմանափակ մարդկանց համար, եւ դրանից մնում է իրենց շահույթը: Եթե աշխարհում ինչ-որ մեկը կա, որ ինձ կասի, որ այդտեղ վերաբաշխումը չի տանում եկամուտների կենտրոնացման, ես կասեմ՝ կներեք, ես սխալ եմ: Բայց դա միջազգային պրակտիկան է թույլ տալիս:

-«Հարկային օրենսգրք»-ի շուրջ սա միակ աղմուկը չէ: Պատգամավորները այն դիվերսիա են համարում, նշում, որ նոր օրենսգիրքը ավելացանելու է հարկային բեռը: Ձեզ չի անհանգստացնո՞ւմ գործարար պատգամավորների մտահոգությունը: Էլ չասած, որ նախագիծը Ազգային ժողով էին բերել բավականին ուշ:

-Գիտեք, ուզում եմ հղում կատարել պարոն Այվազյանին, որը արձագանքեց նմանատիպ…, իհարկե, շատ մեծ հարգանք ունեմ բոլոր իմ գործընկերների հանդեպ, ընդդիմադիր, թե դիմադիր, բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ հարկային օրենսգրքի քննարկման համար պլատֆորմ տրվել է: Նույն պարոն Այվազյանը, որը տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահն է, բարձրաձայնեց, որ 25 անգամ քննարկում եղել է, եւ այդ քննարկումներին մարդիկ չեն մասնակցել: Կարծում եմ՝ ճիշտ է որ մենք ունենանք բաց քննարկում, եւ մարդիկ մասնակցեն այդ պլատֆորմի քննարկումներին:

-Չեն մասնակցել, բայց բարձրաձայնում են, թե որտեղ են խնդիր տեսնում, օրինակ՝ բարձրաձայնվեց, որ ստուգումների մասով խնդիր են տեսնում:

-Պետք է հասկանանք բարձրացված փաստարկի հիմնական բովանդակությունը եւ փորձենք հասկանալ, թե ինչումն է խնդիրը:

-Ըստ լուրերի՝ իշխող կուսակցության գործարար պատգամավորները լռում են, քանի որ նրանց նման հրահանգ է տրվել:

-Այդպիսի բան չի լինում :

-Ի՞նչ գիտեք:

– Չի լինում:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս