Ինչպես հայտնի է` ընթացիկ տարվա օգոստոսի 25-ին Արցախի խորհրդարանը միաձայն հավանության է արժանացրել Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԼՂՀ նախագահի առաջարկությունը: Այն ընդունվել է 28 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Այս համաներումը թվով 6-րդն է, որից 4-ը հայտարարվել է ԼՂՀ հռչակման տոնի առթիվ: Նկատենք, որ փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր համաներումից հետո, որպես կանոն, հանցագործությունների թիվը կտրուկ ավելանում է. մասնավորապես գողությունների եւ խուլիգանությունների:
Օրինակ՝ 2011 թվականին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներմամբ ազատ արձակվեց 533 դատապարտյալ: Դրանից չանցած մեկ ամիս ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ ազատ արձակվածներից մի քանի դատապարտյալներ զինված հանցախմբեր են կազմավորել եւ մի շարք բնակարանային գողություններ իրագործել:
Հասկանալու համար` ինչպիսին է պատկերը Արցախում, «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Ֆելիքս Հարությունյանի հետ: Վերջինիս փոխանցմամբ` համաներման հայտարարման գործընթացը դեռեւս ընթացքի մեջ է: Օգոստոսի 25-ից մինչ օրս ազատ է արձակվել մի քանի դատապարտյալ. «Քանի որ գործընթացը դեռեւս չի ավարտվել, ուստի, հանցագործությունների աճի մասին վիճակագրություն դեռեւս չունենք: Սակայն կիսամյակային ցուցանիշները որոշ ժամանակ անց պատրաստ կլինեն, եւ դրանից հետո կկարողանանք ասել` որքանով է ազդել համաներումը հանցագործությունների աճի վրա»: Ֆելիքս Հարությունյանը, այդուհանդերձ, նկատում է, որ հանցագործությունների թվի աճի հավանականությունը փոքր չէ:
«Պետությունն ինչպես պատժում, այնպես էլ ներում է իր քաղաքացիներին»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման կարծիք էլ հայտնեց ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը: Պատգամավորը մեր հարցին` ինչ դրական եւ բացասական հետեւանքներ կարող է ունենալ համաներումը, պատասխանեց. «Մարդկանց միշտ պետք է հնարավորություն տալ կյանքի նոր փուլ թեւակոխելու: Եվ սա մեծահոգություն է պետության կողմից: Բնականաբար, խնդիրներ կառաջանան, սակայն մեծամասամբ վերադաստիարակված քաղաքացիներն են ազատության մեջ հայտնվում: Իհարկե, սահմանափակ թվով մարդկանց վրա է ազդում համաներումը: Այն մարդիկ, ովքեր պատժի կրման ժամանակ տույժեր չեն ունեցել, խրախուսվել են եւ այլն, նրանք կարող են ազատ արձակվել: Եվ համաներման հայտարարությունը ես ինքս դրական քայլ եմ համարում»,- եզրափակեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը:
Հ.Գ. Հիշեցնենք, որ տեղեկություններ կան այն մասին, որ ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ Հայաստանում եւս համաներում է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է, որ համաներման նախագիծը կառավարության ծրագրի հետ մեկտեղ կներկայացվի Ազգային ժողով: Առաջիկա արտահերթ նիստին, ըստ ամենայնի, քննարկման կդրվի նաեւ այս նախագիծը:
Տաթեւ Հարությունյան