Ինչու «զոհաբերեցին» Հովհաննես Հովսեփյանին. պաշտոնանկության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս այս տարվա մարտի 4-ին նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը նշանակվել էր ՊԵԿ նախագահ: Մինչ այդ նշված ծառայությունը գործում էր Ֆինանսների նախարարության հետ համատեղ, սակայն Սերժ Սարգսյանը կրկին առանձնացրեց դրանք: Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականի և Կարեն Կարապետյանի կառավարության ձևավորման օրերին Հովհաննես Հովսեփյանի պաշտոնանկության մասին բազմիցս էր խոսվում, սակայն պաշտոնանկությունը ուշանում էր: Ի վերջո, երեկ որոշումը կայացվեց. Հովսեփյանը պաշտոնանկ եղավ` տեղը զիջելով Վարդան Հարությունյանին:

Ով է Հովհաննես Հովսեփյանը

Դպրոցում սովորելուն զուգընթաց` 15 տարեկան հասակում աշխատանքի է անցել Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայում, ուր եղել է խառատի աշակերտ, ապա առաջին կարգի խառատ: Հետո էլ երկու տարի աշխատել է կարի արտադրական միավորման «Տաթեւիկ» կոոպերատիվում: Հիշենք, որ սրանք 1988-1990 թվականներն էին, երբ երկրաշարժից հետո Վանաձորը գրեթե կաթվածահար էր, չէր աշխատում ձեռնարկությունների մոտ 97 տոկոսը (սա պաշտոնական տվյալ է), իսկ, ահա, 15-17 տարեկան պատանին աշխատել է, ձեռք բերել խորհրդային տարիներին պարտադիր համարվող 2 տարվա աշխատանքային ստաժն ու դարձել Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող:

1996 թվականին աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում` սկզբում զբաղեցնելով առաջին կարգի, ապա առաջատար մասնագետի պաշտոնները, հետո էլ նշանակվել պետաիրավական վարչության գլխավոր մասնագետի խորհրդատու: Հենց նույն ժամանակամիջոցում էլ ընդունվել է ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիա, 2003-ին էլ դարձել նույն ակադեմիայի հայցորդ: 2003-ին պաշտպանել է թեկնածուական թեզ եւ ստացել իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան: Իր գիտելիքները ՀՀ կառավարման ակադեմիայի ունկնդիրներին մատուցելուն զուգահեռ` 2002-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնում: Ակնհայտ է, որ այստեղից արդեն նրա կենսագրության «ճարտարապետներից» մեկը դարձել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ով նախագահ Քոչարյանին շրջապատում էր «երիտասարդ ինտելեկտուալներով»:

Թե ինչն էր պատճառը, որ 4 տարի նախագահի աշխատակազմում աշխատելուց հետո՝ 2006-ին, Հովսեփյանը հեռացել է նախագահականից եւ մեկ տարի աշխատել որպես «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ, չգիտենք, (տարբեր վարկածներ կան` ընդհուպ մինչեւ Արտաշես Թումանյանի ունեցած զզվանքը ոգելից խմիչքի նկատմամբ), բայց գիտենք մի բան, որ 2007-ին դարձել է Հանրապետական կուսակցության անդամ եւ նույն տարվա փետրվարի 27-ին նշանակվել ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական, իսկ 2007-ի դեկտեմբերի 27-ից նշանակվել տարածքային կառավարման նախարարի տեղակալ եւ այս պաշտոնում մնացել մինչեւ 2008-ի մայիսի 26-ը: Իհարկե, այս նշանակումն էլ սերտակցվում էր Արմեն Գեւորգյանի անվանը…

Տարիների դիզած հարստությունը

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, պարզվում է, նախագահի աչքի առջեւ վերահսկողական գործառույթներ իրականացնելուն զուգահեռ սեփական հարստությունն է դիզել:  Նրա հարստության զգալի մասը, ինչպես ցույց են տալիս Հ. Հովսեփյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը, կուտակվել է տարբեր նվիրատվություններից:

2015թ. նրա հաշվին եղել է 185 մլն դրամ և 1 մլն 855 հազար դոլար: Հովհաննես Հովսեփյանը նախորդ տարի գնել է նաև թանկարժեք գույք: «RANGE ROVER 5.0» մակնիշի ավտոմեքենան ձեռք է բերել 120 հազար դոլարով: 30 մլն դրամով «RANGE ROVER 2.5 TD» մակնիշի ավտոմեքենա գնել էր նաև 2011թ., իսկ նույն տարում  «RANGE ROVER»-ը վաճառել 16,5 մլն դրամով:  Հ. Հովսեփյանը հետաքրքրված է նաև նկարներով: 2015թ-ին նա գնել է 2 հատ նկար` 5000 դոլար արժողությամբ, 2014թ.` 3  նկար, որոնց համար վճարել է 32 հազար դոլար, իսկ 2013թ.` 5 հատ նկար` ընդհանուր 70 հազար դոլար արժողությամբ:

Հովիկ Աբրահամյանի հետևից

Հովսեփյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադրն էր համարվում երկար տարիներ, ավելին՝ վարչապետի եղբոր` Ջոնիկի մտերիմ ընկերն է: Հովսեփյանին կառավարման համակարգ է մտցրել հենց Աբրահամյանը, նշանակել տվել տարածքային կառավարման նախարարի խորհրդական, հետո էլ անսալով Արմեն Գեւորգյանի խնդրանքներին` աջակցել փոխնախարար նշանակվելու գործում: Բայց տարիների ընթացքում հաջողացրել է ժեստիկուլացիայի ակտիվ դրսեւորումների արդյունքում տեղավորվել Սերժ Սարգսյանի շրջապատում: Վերջերս բազմաթիվ տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Հովսեփյանի ռուսաստանաբնակ եղբայրն է նույնիսկ Սերժ Սարգսյանի մոտ միջնորդել, որ նա շարունակի պաշտոնավարել, սակայն  դա էլ արդյունք չտվեց:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս