Հոկտեմբերի 10-ին Ստամբուլում մեկնարկել է Էներգետիկայի համաշխարհային համաժողովը:
«Թուրքական հոսք»-ի նախագիծը կիրականանա, իսկ թուրքական մրգերը կվերադառնան ռուսական շուկա: Երեկ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ նման արդյունքի են հասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
ՌԴ և Թուրքիայի նախագահների հանդիպման քաղաքական մասը, ինչպես և կանխատեսվում էր, վերաբերել է Սիրիայի իրավիճակին:
Սա Պուտինի առաջին այցն էր Թուրքիա 2015թ. նոյեմբերին Թուրքիայի կողմից ռուսական Սու-24-ի կործանման հետևանքով առաջացած ռուս-թուրքական ճգնաժամից հետո:
«Թուրքական հոսք»-ի իրականացում
Ռուսաստանն ու Թուրքիան «Թուրքական հոսք» գազամուղի ծրագրի շուրջ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գազպրոմ»-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնության են եկել գազամուղի երկու ճյուղերի շինարարության մասին, յուրաքանչյուրի հզորությունը կկազմի 15,75 միլիարդ խորանարդ գազ:
Մեկ ճյուղը նախատեսված կլինի թուրք սպառողների ապահովման համար, երկրորդը՝ Եվրոպայի երկրների գազի մատակարարումների համար: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Մենք հասկանում ենք, որ Թուրքիայում լավագույն ժամանակները չեն նման խոշոր միջոցառումների համար, քանի որ դեռևս վերջերս Թուրքիան պետական հեղաշրջման փորձ վերապրեց »,-իր ելույթում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով՝ Կրեմլում շատ ուշադիր հետևում էին, թե ինչ էր տեղի ունենում Թուրքիայում:
Մրգերի վերադարձ
Էներգետիկ հարցերի քննարկմամբ Պուտին-Էրդողան հանդիպումը չի ավարտվել: Ռուսաստանը որոշել է թուրքական մրգերը վերադարձնել ռուսական շուկա:
«Այսօր ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել ռուսական շուկա թույլ տալ թուրքական մի շարք մթերքներ, մասնավորապես, կորիզավոր և ցիտրուսային մրգերը»,-հանդիպման արդյունքներով հայտարարել է Պուտինը:
«Այդ որոշումը փոխշահավետ է, ռուսական գյուղատնտեսությունը նման մրգեր չի արտադրում: Իսկ թուրքական մթերքների վերադարձը կարող է շուկայում գների նվազեցման հանգեցնել»,-նշել է Պուտինը:
Պուտինի խոսքով՝ անցած տարի այդ մթերքների վաճառքի ծավալները կազմել են 500 միլիոն դոլար:
Սիրիական ճգնաժամ
Հանդիպման քաղաքական մասը, առաջին հերթին, վերաբերում էր Սիրիայի իրադարձություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մի շարք ռուս փորձագետներ նշում են, որ հանդիպման արդյունքները վկայում են այն մասին, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման ֆոնին՝ Մոսկվան Սիրիայի հարցով զիջող դաշնակից է գտել, քան Վաշինգտոնն է:
Համաժողովին ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Համաժողովի մեկնարկից առաջ Պուտինը, Էրդողանն ու Ալիևը բուռն քննարկում են անցկացրել: