Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդես է եկել հայտարարությամբ, որում հավաստիացնում է, որ «Ադրբեջանն ի վիճակի է ոչնչացնել հայկական «Իսկանդեր»-ները», գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Մեր բանակը համապատասխան միջոցներ է ձեռնարկում»,-հայտարարել է Հասանովն առաջնագծում զինծառայողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ «հայկական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում առաջընթաց չի գրանցվում»:
«Չնայած Ադրբեջանի ջանքերին՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դրական քայլեր չի ձեռնարկում կոնֆլիկտի կարգավորման համար»,-ասել է Հասանովը:
Նա նաև անդրադարձել է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առիթով Երևանում տեղի ունեցած շքերթի ժամանակ «Իսկանդեր» հրթիռային համակարգերի ցուցադրությանը:
«Մենք ունենք Հայաստանի կողմից ցուցադրված հրթիռների տակտիկա-տեխնիկական բնութագրի մասին ողջ տեղեկությունը: Դա չի փոխել տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը: Ադրբեջանը կարող է համարժեք պատասխան տալ»,-ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: