ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ «ՏՈՒԱՐԵԳԸ» ԿՎԱՃԱՌԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ յոթ տարի շարունակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար աշխատած Արմեն Աշոտյանին սպասարկած ծառայողական «Volksvagen Tuareg» մակնիշի ավտոմեքենան, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, աճուրդով կվաճառվի: «Կրթության ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` հայտնելով, որ նշված ավտոմեքենան իրենց ձեռնարկության համար ձեռք է բերել 2009 թվականին, եւ այն գտնվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հաշվեկշռում: «Ավտոմեքենան մեզ է պատկանում, տարիներ առաջ տվել ենք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, նոր նախարարի նշանակումից հետո, սակայն, այն վերադարձրել են, մենք էլ աճուրդի ենք հանել: Չգիտեմ վերադարձնելու պատճառը: Բայց ըստ նախնական պայմանագրի՝ մեքենան պետք է մի օր վերադարձնեինք»,- ասաց Նորայր Ղուկասյանը: Նա նաեւ հավելեց, որ ավտոմեքենան սարքին վիճակում է եւ ըստ փաստաթղթերի՝ արժի 9 մլն 400 հազար դրամ (մոտ 20 հազար ԱՄՆ դոլար): Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՀՀ ԿԳ գործող նախարար, դաշնակցական Լեւոն Մկրտչյանն իր նախորդի ավտոմեքենայից հրաժարվելու քայլով փաստացի ակնարկում է, որ Արմեն Աշոտյանը չհիմնավորված շռայլություն է թույլ տվել, քանի որ նա այդպիսով միանգամից երկու ծառայողական ավտոմեքենա է ունեցել: Հիմա Լ. Մկրտչյանը երթեւեկում է առավել համեստ` «Տոյոտա քեմրի» ծառայողական ավտոմեքենայով:
Բայց ամեն դեպքում հետաքրքիր է, թե, ի վերջո, ով կդառնա «Աշոտյանի Տուարեգի» տերը:

 

 
Խորհրդարանում այսօր պետք է տեղի ունենա «Հարկային օրենսգրքի» երկրորդ ընթերցման քվեարկությունը: Սակայն տարօրինակն այն է, որ բավական մեծ ծավալ ունեցող այս կարեւորագույն փաստաթուղթը պատգամավորներին տրվել է երեկ` նախագծի քննարկումը սկսելուց մի քանի ժամ առաջ: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ ամեն ինչ արվել էր, որպեսզի օրենսդիրները չհասցնեն փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագիծը նախօրեին քննարկվել է ՀՀ նախագահի նստավայրում, արժանացել Սերժ Սարգսյանի հավանությանը, որից հետո նոր ուղարկվել է ԱԺ: Ու կասկածից վեր է, որ կընդունվի: Իհարկե, տեսականորեն բացառված չէ, որ իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության մեջ կգտնվեն անձինք, որոնք գիտակցելով «Հարկային օրենսգրքի» նաեւ իրենց բիզնեսների համար պարունակող սպառնալիքները՝ կփորձեն այդ փաստաթղթի քվեարկությանը չմասնակցել: Բայց փաստ է, որ այս փաթեթով առաջացած դժվարությունների պատասխանատվությունը կրելու է վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

 

 
ԼՂՀ պաշտպանական բանակի զորամասերից մեկում սեպտեմբերի 7-ին 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Ղանդիլյանի մահվան դեպքից հետո լուրեր տարածվեցին, թե իբր երիտասարդը թյուրիմացության զոհ է դարձել: Ըստ այդ լուրերի՝ իբր գիշերը, երբ Արման Ղանդիլյանը դիրքին մոտենալիս է եղել, ծառայակիցը նրանից գաղտնաբառ է հարցրել, ինչին նա չի կարողացել պատասխանել, եւ արդյունքում էլ հերթապահ զինվորը նրա ուղղությամբ կրակահերթ է արձակել: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց այս դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ պարզել: Մասնավորապես, գործով մեղադրյալ Հայկ Իգորի Սեյրանյանը, որն այդ օրը դիտորդ է եղել, մեղադրվում է այն բանում, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, կորցրել է աչալրջությունը, չի նկատել, որ Արման Ղանդիլյանը դիրքի դիտակետ տանող խրամատի աջ մասով մոտենում է: Իսկ երբ նկատել է Ղանդիլյանի գլխի ուրվագիծն, առանց նշանաբառ պահանջելու կրակահերթ է արձակել: Ինչի արդյունքում էլ Արման Ղանդիլյանը սպանվել է:

 

 

 
Եվրասիական տնտեսական միության հրապարակած վիճակագրության տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի արտահանման ծավալներից ընդամենը 21,4 տոկոսն է բաժին հասնում անդամ երկրների շուկաներին: Հայաստանից արտահանվող ապրանքների մնացած 78,6 տոկոսը բաժին է հասնում, այսպես կոչված, երրորդ` ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներին: Փոխարենը Հայաստան ներկրվող ապրանքների մեջ ԵՏՄ երկրների արտադրանքի տեսակարար կշիռը կազմում է 31,8 տոկոս: Իսկ, այսպես կոչված, երրորդ երկրներից ներկրվող ապրանքները մեր ընդհանուր ներմուծումներում 68,2 տոկոս են կազմում: Փաստորեն, բոլոր այն հավաստիացումները, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն իր ապրանքներն իրացնելու լայն հնարավորություն է ստանում, այդպես էլ չիրականացան, փոխարենը հակառակ երեւույթը տեղի ունեցավ. Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից եւ Ղրղզստանից ներմուծումները հեշտացնելով՝ Հայաստանը գնալով ողողվում է այդ երկրների, մեղմ ասած, ոչ այնքան բարձր որակ ունեցող արտադրանքներով: Իսկ ԵՏՄ վարչապետ, ՀՀ նախկին վարչապետ, հայազգի Տիգրան Սարգսյանի ռուսաստանյան գործունեության շոշափելի արդյունքը մեր երկրում այդպես էլ չի նկատվում:

 

 

 
ՏՆՕՐԵՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ
Երեկ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանն այցելել էր Վայոց ձորի մարզ՝ տեղում քննարկելու խաղողի մթերման գործընթացի հետ կապված խնդիրները: Նրա առաջին կանգառը Աղավնաձորում էր, որտեղ նախարարը հանդիպեց դեռեւս անցած տարի մթերված խաղողի դիմաց իրենց գումարները չստացած գյուղացիների հետ: Ու թեեւ նա տեղեկացրեց, որ առաջիկայում աղավնաձորցիներն, ի վերջո, կստանան իրենց բերքի դիմաց վճարները, սակայն հանդես եկավ բավականին տարակուսելի հայտարարություններով: Ըստ էության, պետության կողմից մինչ օրս գյուղացիներին գործուն մեխանիզմներ չառաջարկելու եւ որեւէ աջակցություն չցուցաբերելու փաստն անտեսելով՝ գյուղնախարարը հենց գյուղացիներին մեղադրեց բարձր ինքնարժեքով մթերք արտադրելու մեջ.«Վերամշակողը պետք է կարողանա մրցակցային գնով դուրս գա շուկա, դրա համար իրեն պետք է՝ գյուղմթերքն էժան լինի, գյուղմթերքն էժան լինելու համար դուք պետք է մեծ աշխատանք կատարեք, ձեւ գտնեք այնպիսի գյուղմթերք աճեցնելու, որ ինքնարժեքը ցածր լինի։ Միջազգային փորձագետները ձեզ խորհուրդներ կտան»: Փաստորեն, տարիներ շարունակ կոնյակի գործարանում աշխատած գյուղնախարարը այդպես էլ չի հասկացել, որ ինքն այլեւս պետք է մտածի ոչ միայն մթերողների խնդիրների մասին, այլեւ իր անմիջական պարտավորությունն է հենց գյուղացիների համար բարենպաստ պայմանների ապահովումը, որպեսզի նրանք կարողանան ցածր ինքնարժեքով գյուղմթերք աճեցնել: Եվ փոխանակ ասելու՝ մենք պետք է մեծ աշխատանք կատարենք, ձեւ գտնենք, գործարանի տնօրենի մտածողության մակարդակում մնացած նախարարը գյուղացիներին է ասում՝ դուք պիտի կատարեք, դուք պիտի անեք: Ավելին՝ նա, ըստ էության, սպառնում է գյուղացիներին՝ ասելով. «Ճանապարհ մի՛ փակեք, դուք դրանով հարց չեք լուծելու։ Ես ոչ մեկին չեմ խնդրելու՝ ո՛չ գործարաններին եմ խնդրելու, որ մթերեն, ո՛չ էլ խնդրելու եմ որեւիցե մեկին, որ ինչ-որ բան անի, դա բիզնես է, գործարանը կգա, կասի՝ ես պատրաստ եմ գնել էս գնով, դուք պետք է գաք համաձայնության, ընտրություն անեք՝ խաղողը թողնեք այգում, որ փչանա՞, թե՞ ինչ-որ ելք գտնեք այս վիճակում»։
Փաստորեն, գյուղնախարարը գյուղացիներին ասում է՝ կա՛մ ձեր աճեցրած բերքը կոպեկներով վաճառեք մթերողին, կա՛մ թողեք՝ դաշտում փչանա: Լավ, բայց այդ դեպքում որն է գյուղնախարարության դերն ու նշանակությունը: Այդ դեպքում ինչու ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, մեր տված հարկերի հաշվին պահում նման մի պորտաբույծ գերատեսչություն, որը փոխանակ մեխանիզմներ մշակելու, օրուգիշեր աշխատելու եւ առաջնահերթ գյուղացու կողքին կանգնելու, նրանց առաջարկում է դառը դատել, դատարկ նստել: Սա ուղղակի խայտառակ մտածողություն է: Եւ եթե սա է նոր գյուղնախարարի բիզնես մոտեցումը եւ «համարձակ, ոչ ստանդարտ քայլեր անելու կարողությունը» /ինչի մասին ասել էր Կ. Կարապետյանը/, վայն եկել-տարել է ՀՀ գյուղացուն:




Լրահոս