Երեկ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե պետական ապարատում «պրիմիտիվ գողությանը» պետք է վերջ դնել, ասաց. «Գողությունը գողանալ բառը չէ: Այն երեւույթը, որը կառավարության անդամները՝ ներքեւից մինչեւ վերեւ, պիտի օգտագործեն, երբեմն-երբեմն չի կատարվում դա: Եվ դա վարչապետը համարեց որպես գողություն: Ոչ թե գողական ասպարեզի մարդիկ գողանում տանում են, չգիտեմ ինչեր են անում, այլ պարզապես չկիրառելը համարեց գողություն»: Ավելին, ըստ ԱԺ նախագահի՝ եթե ինչ-որ մեկը գիտի՝ ովքեր են գողերը, համապատասխան մարմիններին պետք է տեղեկացնի:
«Ժողովուրդ»-ը վերջին փոփոխությունների շուրջ զրուցել է Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, ինչո՞ւ հենց Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետի պաշտոնում, այլ մարդ չկա՞ր:
-Ինչի՞ չունեինք, էնքան մարդ ունեինք:
-Եթե այդքան մարդ ունեիք, ինչո՞ւ հենց Կարեն Կարապետյանին հրավիրեցիք Մոսկվայից:
-Դա մի տեղ է՝ կամ Կարեն Կարապետյանը պետք է լիներ կամ մեկ ուրիշը:
-Ինչո՞ւ այն «մեկ ուրիշի» վրա կանգ չառաք, այլ կանգ առաք մոսկվաբնակ, անկուսակցական Կարեն Կարապետյանի վրա:
-Վերջին հաշվով դա մի տեղ է, եւ այդ տեղի համար նստում, մտածում ես, գտնում ես՝ առաջիկայում ինչ պետք է կարողանաս կատարես, ընտրում ես Կարեն Կարապետյանին: Դա չի նշանակում, որ մեր երկիրը մարդիկ չունի, որպեսզի պետական ապարատներում աշխատի, պարզապես Հանրապետականը գտավ, որ դա ճիշտ ճանապարհն է:
-Իսկ եթե այս անգամ էլ նա մի քանի ամիս անց այլ՝ ավելի եկամտաբեր աշխատանքի առաջարկ ստանա եւ թողնի հեռանա, մի տեսակ ամոթ չի լինի՞:
-Մի ուրիշ վարչապետ կլինի: Բայց ինքն այն տղան չի, որ թողնի գնա, որովհետեւ նա միշտ էլ Հայաստանում է ապրում, Հայաստանում կարողացել է միշտ էլ պաշտոններ ձեռք բերել, աշխատել, այդպես չի, որ մարդիկ պետք է թողնեն ու գնան: Նա կաշխատի:
-Առաջիկայում արդարադատության նախարարությունը խորհրդարանին է ներկայացնելու մի շարք օրինագծեր: Առաջինը վերաբերելու է ապօրինի հարստացման քրեականացմանը: Ձեզ դա չի մտահոգո՞ւմ:
-Օրինակ՝ եթե պատգամավորներին է վերաբերվում, բոլորը ինչ ունեն, չունեն, հանձնել են թղթին, ներկայացրել են համապատասխան մարմնին:
-Այո՛, ներկայացրել են, բայց որտեղի՞ց նրանց այդքան փող, ի՞նչ ճանապարհով են հարստացել, քրեականացնելուց հետո ամեն ինչ այլ է դառնում, պետք է հիմնավորեն՝ որտեղից են այդ միլիոնները ծագել:
-Ոնց, մարդիկ բիզնես են անում, ծաղկում են:
-Բայց պատգամավորը բիզնես անելու իրավունք չունի: Էլ չասած, որ շատ գործարար պատգամավորներ հայտարարում են, որ իրենք սնանկացման շեմին են:
-Կա մեծ բիզնես, կա փոքր բիզնես, հաջողված կա, մեկը կարողանում է, մեկը ավելի նվաստ սովորություններ ունի, եթե տենց խնդիրներ կա, իրավապահ մարմիններ կան, կարող են բռնել:
-Տեսակետ կա, որ նախարարությունների անունները փոփոխության ենթարկելով եւ չընդունելով ՀՀԿ-ի առաջարկները, նաեւ կառավարության մի շարք հնաբնակների նոր կառավարությունում չներգրավելով՝ Կարեն Կարապետյանը իր ազդեցությունն է ցույց տալիս: Հիմա էլ հերթը հասել է մարզպետներին: Չնայած Սյունիքի մարզպետը սպանության հայտնի գործից հետո վերանշանակվեց պաշտոնում եւ անարգել շարունակեց իր աշխատանքը՝ ներգրավվելով նորանոր աղմկոտ պատմություններում, այժմ տեղեկություններ կան, որ Կարեն Կարապետյանը պատրաստվում է Սուրիկ Խաչատրյանին ազատել աշխատանքից՝ այդպիսով նաեւ ցույց տալով, որ ոչ ոք չկարողացավ նրան զրկել մարզպետի պաշտոնից, իսկ, ահա, ինքը այդ քայլը կանի:
-Ասեմ հետեւյալը, ամբողջ կառավարությունը աշխատում է այն թեզերի հիման վրա, որ ստեղծել է Հանրապետական կուսակցությունը, իսկ Կարեն Կարապետյանը կարող է ցանկացած մարզպետի, նախարարի, չգիտեմ, մեկի, մյուսի իր պահանջները ներկայացնել դրական ձեւով եւ հասնել արդյունքի:
-Հիմա նորանշանակ վարչապետը Սյունիքի մարզպետի պահանջները ներկայացնելու է դրական ձեւո՞վ, թե՞ նրան ազատելու է աշխատանքից:
-Բայց ես չգիտեմ, որ Սուրիկ Խաչատրյանը կամ որեւէ մեկը գնում է, եթե ուզենամ, կիմանամ, եթե իմանամ էլ, Ձեզ այս պահին չեմ ասի, որովհետեւ խնդիրը պետք է լինի, նոր խոսենք այդ մասին:
-Կայացավ «Հարկային օրենսգրքի» երկրորդ ընթերցման քվեարկությունը: Սակայն տարօրինակն այն է, որ բավական մեծ ծավալ ունեցող այս կարեւորագույն փաստաթուղթը պատգամավորներին տրվել էր նախագծի քննարկումը սկսելուց մի քանի ժամ առաջ: Այնպիսի տպավորություն էր, որ ամեն ինչ արվել է, որպեսզի օրենսդիրները չհասցնեն փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ:
-Դա ուշ չի ներկայացվել, որովհետեւ առաջին ընթերցումը նախորդ նստաշրջանում է եղել, դրանից հետո՝ մոտավորապաես 24-ից 30-ը, քննարկումներ են եղել, եւ հանձնաժողովի նախագահը մի քանի անգամ հայտարարեց, որ քննարկումներին մասնակցեք: Ընդդիմությունից հիմնականում մարդիկ չեն մասնակցել եւ առավել եւս քննարկման ժամանակ էլ չցանկացան միջամտել, որպեսզի հասկանան՝ ինչ է փոխվել:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
3000 ԴՐԱՄ՝ ՇԱՊԻԿՆԵՐՈՎ ՇՐՋԵԼՈՒ, 5000` ԹՌՈՒՑԻԿՆԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր
Նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել հանրապետության տարբեր մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Վանաձոր քաղաքում հոկտեմբերի 2-ին սպասվող ընտրությունների նախաշեմին կուսակցությունն օգտվում է օրենքով սահմանված բազմապիսի քարոզչական տարբերակներից:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը, շրջելով Վանաձորում, նկատել էր «Համախմբում» կուսակցության շապիկներով քաղաքում շրջող երիտասարդների, որոնցից շատերը նաեւ կուսակցության ծրագրերի մասին թռուցիկներ էին բաժանում: Երիտասարդներից ոմանք մեր թղթակցի հետ զրույցում նշել էին, որ միայն շապիկով քաղաքում շրջելու համար օրական վաստակում են 3000 դրամ, իսկ թռուցիկներ բաժանելու համար` 5000 դրամ: Ստացվում է, որ կուսակցությունը միայն այդպիսի քարոզչություն իրականացնելու համար ամսական ծախսում է մոտ մեկ միլիոն դրամ: Թե քարոզչական ինչ մեխանիզմներ է կիրառում կուսակցությունը եւ որքանով է արդյունավետ համարում ամսական այդքան գումար ծախսելը նման քարոզչության համար, փորձեցինք պարզել «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանից: Վերջինս մեզ հետ զրույցում հերքեց երիտասարդների վարձատրության մասին տեղեկությունը:
-Արեգնա՛զ, հոկտեմբերի 2-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Վանաձոր քաղաքում ինչպիսի՞ քարոզչություն է իրականացնում «Համախմբում» կուսակցությունը:
-Օգտվում ենք օրենքով ընձեռված բոլոր հնարավորություններից, ե՛ւ հեռուստաեթերներ, ե՛ւ հեռուստաբանավեճեր: Բակային հանդիպումներ ենք շատ իրականացնում, որովհետեւ շատ ենք կարեւորում ընտրողի հետ անմիջական շփումը: Սեպտեմբերի 25-ին համապետական մեծ հանրահավաք իրականացրինք` այդտեղ ներկայացնելով նաեւ մեր ծրագրերը, մեր դիրքորոշումները:
-Շրջելով Վանաձոր քաղաքում` նկատել ենք երիտասարդների, ովքեր կրում են Ձեր կուսակցության նշանով շապիկները, նրանցից շատերը բաժանում են թռուցիկներ: Մեզ հետ զրույցում նրանք տեղեկացրին, որ այդ աշխատանքի դիմաց իրենք վարձատրվում են. միայն շապիկով շրջելու համար` 3000 դրամ, իսկ բուկլետ բաժանելու համար` 5000 դրամ:
-Ովքե՞ր են այդպես ասում, այդ երիտասարդնե՞րն են ասել, որ վարձատրվում են:
-Այո՛, նրանք են մեզ տեղեկացրել: Հայտնի է, որ այդպիսի քարոզչություն իրականացնելու համար ներգրավված են մոտ 200 երիտասարդներ: Ստացվում է՝ օրական Դուք ծախսում եք մոտ մեկ միլիոն դրամ: Ինչքանո՞վ եք արդյունավետ համարում այդպիսի քարոզչությունը, մտավախություն չունե՞ք, որ այն չի արդարացնի ձեր սպասելիքները, չէ՞ որ, եթե հիշում եք՝ ԱԺ ընտրություններից առաջ ՕԵԿ-ը եւս իրականացրեց այդպիսի քարոզչություն, սակայն այն չարդարացրեց սպասելիքները:
-Նախ որեւէ կուսակցության հետ մենք չենք ուզում համեմատվել, ինչ վերաբերում է վարձատրությանը, ո՛չ, այդպիսի բան չկա, իրենք մեր համախոհներն են, մեր կուսակիցներն են, երիտասարդական թեւի ներկայացուցիչներն են: Նրանք որեւէ վարձատրություն չեն ստանում, գումարի մասին խոսք լինել չի կարող, ուղղակի ներկայացնում են մեր ծրագրերը:
Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՌՈՒԲԼԻՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանն արդեն ներկայացրել է իր ունեցվածքի մասին պաշտոնական տվյալներ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նորանշանակ խորհրդականն ունի անհատական բնակելի 2 տուն, մեկ ընկերությունում՝ 17 հազար 500 դրամի բաժնեմաս: Տվյալ դեպքում, նշված չափի բաժնեմասը ենթադրում է, որ Մարտիրոսյանն ինչ-որ ընկերության մեկ երրորդ բաժնետոմսերի սեփականատերն է: Գագիկ Մարտիրոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմում են 17.5 մլն ռուսական ռուբլի: Վերջինս որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որ այս տարվա անցած ութ ամիսներին կազմել է 2 մլն 210 հազար ռուսական ռուբլի եւ կենսաթոշակը՝ 63 հազար ռուբլի: Այլ կերպ ասած՝ Գագիկ Մարտիրոսյանը փաստացի ապրում է ինչպես ՌԴ քաղաքացի: Հետաքրքիր է, թե ինչպես է նա ՀՀ կառավարությունում պաշտոնավարելու:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ
ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը եկող տարի պետական բյուջեից ծրագրվում է հատկացնել 14 մլրդ 539 մլն 298 հազար դրամ: Նշենք, որ այս տարվա պետական բյուջեով գյուղատնտեսության նախարարության համար նախատեսված է 15 մլրդ 905 մլն 49 հազար դրամ: Ստացվում է, որ եկող տարի գյուղատնտեսության ոլորտին հատկացվելիք գումարը 1 մլրդ 365 մլն 751 հազար դրամով կրճատվելու է: Ի դեպ, գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար կհատկացվի 1 մլրդ 163 մլն 13 հազար դրամ: Այս նպատակով հատկացվող միջոցների չափը փաստացի մնալու է նույնը: Հիշեցնենք, որ այդ հատկացումների շնորհիվ գյուղացիները կարողանում են ցածր տոկոսով վարկեր վերցնել: Իսկ ինչպես հայտնի է՝ Հայաստանի գյուղացիությունը փաստացի վարկերի հաշվին է կարողանում գոյատեւել:
ԴԵՌ ՏԱՔ ԵՆ
ՀՀ կառավարության՝ երեկ տեղի ունեցած նիստից հետո նախարարները հետնամուտքով չփախան, ինչպես սովորաբար նախկինում էր լինում: Գործադիրի անդամները տարօրինակ համարձակությամբ կենտրոնական մուտքով դուրս էին գալիս եւ ուղեւորվում իրենց ավտոմեքենաները: Կարելի է կարծել, որ նրանց դեռ չէր պատել լրագրողների հանդեպ տածած սարսափը: Հատկապես նորանշանակ նախարարները ինքնապաշտպանության լավ ձեւ ունեն, կարող են հղում անել իրենց նորանշանակ լինելու փաստը եւ խուսափել հարցերին պատասխանելուց: Թերեւս հենց այդ գիտակցումն էր նրանց ուղղորդում դեպի կառավարության հիմնական մուտք:
Ի դեպ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, սովորականի պես, կառավարության շենքը լքեց ետնամուտքով: Դե, շառից-փորձանքից հեռու, հազիվ վերանշանակվել է, մի թարս բան չասեր, համը դուրս գար, եւ…