Այսօր հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Վաղը ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ թեկնածուները պետք է լռություն պահպանեն, իսկ հաջորդ օրը արդեն պարզ կլինի, թե նրանք ինչպիսի քարոզարշավ են անցկացրել ու որքանով են պատրաստ ընտրությունների ընթացքը վերահսկել (բացառությամբ ՀՀԿ-ի, նրանք քվեարկությունը վերահսկելու խնդիր չունեն):
Բնականաբար, Հայաստանի քաղաքական ողջ դաշտի ուշադրությունն հիմնականում կենտրոնացած է Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք ավագանու ընտրությունների վրա: Այդ ընտրությունները մասնակից քաղաքական ուժերի համար «գլխավոր փորձի» նշանակություն են ունենալու` 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
Փորձենք ամփոփ նկարագրել Գյումրիում եւ Վանաձորում առկա վիճակը: Գյումրիում ավագանու տեղերի համար առաջադրվել են «Ալյանս», «Գյումրեցու ոգի», «Գործարար», «ԳԱԼԱ», «Համախմբում» ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ) եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններն ու ՀՀԿ-ի եւ ՔԴՄ-ի «Բալասանյան» դաշինքը: Քարոզարշավի սկզբում այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ Գյումրիում ՀՀԿ-ին հեշտությամբ կհաջողվի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորած ցուցակի համար անհրաժեշտ քվեներ ապահովել: Ենթադրվում էր, որ իշխանությունները կկարողանան իրենց ցուցակի համար ապահովել մոտ 15 հազար քվե, մյուս կողմից էլ մոտ 10 հազար քվե էլ կփոշիացնեն` ավագանու թեկնածու ունենալու 6 տոկոսանոց շեմը չհաղթահարած կուսակցությունների միջոցով: Արդյունքում ՀՀԿ-ի «Բալասանյան» դաշինքը կկարողանար Գյումրիի ավագանու մանդատների 40 տոկոսից ավելին ստանալ եւ օրենքով հասանելիք բոնուսի հաշվին մեծամասնություն կազմել: Սակայն քարոզարշավին զուգահեռ Գյումրիում իրավիճակը փոխվեց: Գյումրեցիների համար ակնհայտ դարձավ, որ «Բալասանյան» դաշինքին ընտրելով՝ իրենք փաստացի ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին են կողմ քվեարկելու: Ի դեպ, ամենեւին էլ պատահական չէ, որ Սամվել Բալասանյանի թիմը քարոզչությունն իրականացնելիս ամեն կերպ փորձում է շրջանցել նրա՝ ՀՀԿ-ի թեկնածու լինելու հանգամանքը:
Մյուս կողմից սեպտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը եւս Սամվել Բալասանյանի դեմ գործեց: Անկախ պնդումներից, թե տեղի ունեցածը քաղաքական գործընթացների հետ կապ չունի, միեւնույն է՝ գյումրեցիների շրջանում այդ ողբեգությունը խորը նստվածք է թողել: Ստեղծված իրավիճակում, ակնհայտ է, որ Գյումրիի ավագանու ընտրությունների 11 մասնակից քաղաքական ուժերից եւ ոչ մեկին չի հաջողվի բացարձակ մեծամասնություն ունենալ: Այսինքն՝ եթե ՀՀԿ-ի ներկա եւ նախկին կոալիցիոն գործընկերները հաղթահարեն ավագանու անդամ ունենալու 6 տոկոսանոց շեմը, Հայաստանի իշխանությունները կրկին կդիմեն նրանց ծառայություններին` Բալասանյանին Գյումրիում քաղաքապետ դարձնելու համար:
Վանաձորում ի սկզբանե իրավիճակը միանշանակ չի եղել: Այստեղ ավագանու տեղերի համար պայքարում են ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ, «Հմախմբում», «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ), «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: ՀՀԿ-ի ցուցակը գլխավորում է նոտար Մամիկոն Ասլանյանը: Նա համարվում է ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Սամվել Կարապետյանի մերձավորը եւ հենց այս հանգամանքի շնորհիվ է նա Վանաձորի ավագանու ընտրություններում դարձել ՀՀԿ-ի ցուցակի առաջին համարը: Ենթադրվում էր, որ Կարապետյանների հեղինակության շնորհիվ ՀՀԿ-ին կհաջողվի Վանաձորում մեծամասնություն կազմել: Սակայն փաստն այն է, որ 10 ամիս առաջ տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ժամանակ ՀՀԿ-ն Վանաձորում ջախջախիչ պարտություն կրեց: Իշխանության օգտին, այսինքն՝ այո քվեարկել էր 12 հազար 678 ընտրող, իսկ 21 հազար 944 հոգի սահմանադրական փոփոխություններին դեմ էր արտահայտվել: Այսինքն՝ Վանաձորում եւս ընդդիմադիր տրամադրությունները գերիշխում են: Անցած քարոզարշավի ընթացքում այստեղ եւս ակնհայտ դարձավ, որ ՀՀԿ-ի վարկանիշը գրեթե զրոյական է: Ընդ որում, իրավիճակը գնալով ավելի բարդացավ, երբ պարզ դարձավ, որ Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը չի պատրաստվում աջակցել իր հարազատ ՀՀԿ-ի ցուցակին, որը կազմվել էր առանց իրեն: Ավելին՝ Վանաձորում լուրեր են շրջանառվում այն մասին, որ գործող քաղաքապետը ոչ միայն չի օգնում, այլ նաեւ ներքին կարգով ՀՀԿ-ի ցուցակի դեմ է գործում: Մի խոսքով, այստեղ եւս առավել հավանական է, որ քաղաքական ուժերից եւ ոչ մեկին չի հաջողվի բացարձակ մեծամասնություն ունենալ: Այդ դեպքում Վանաձորի քաղաքապետը կընտրվի փոխհամաձայնությամբ: Իսկ թե նման պայմաններում Վանաձորում իշխանությունը պահպանելու համար ՀՀԿ-ն իր ներկա եւ նախկին կոալիցիոն գործընկերներից ում օգնությանը կդիմի, պարզ կդառնա երեք օրից:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Ո՛Չ ՄԱՏԱՂ, Ո՛Չ ԽԱՇԼԱՄԱ
Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ասաց, որ նախօրեին ինքը եղել է Վանաձորում եւ այնտեղ կոալիցիոն քաղաքական ուժերը, այսինքն՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, ընտրակաշառք են բաժանում: «Հստակ ցուցակագրած ընտրակաշառք: Երեկ ինձ Վանաձորում մոտեցել են կոնկրետ քաղաքացիներ եւ ասում էին՝ գիտեք, կոալիցիոն կուսակցություններն արդեն շտաբներից սկսել են կանչել, փող տալ, անձնագրեր են ուզում, նույնիսկ վախեցնում են դպրոցի ուսուցիչներին, թե ձեր անձնագրի քսերոքսը տվեք, նայեք, եթե այնտեղ ուրիշ բան անեք, մենք կիմանանք, թե դուք ինչպես եք քվեարկել, այսինքն, չգիտեմ՝ մենք 5-րդ դարում ենք ապրում, թե որ դարում ենք ապրում»,- ասաց Բիշարյանը:
«Ժողովուրդ»-ը Աժ պատգամավորի հայտարարության առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուների ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանից: «Բոլորին փոխանցեք, որ Մամիկոն Ասլանյանը Վանաձոր քաղաքում, փառք Աստծո, ո՛չ ընտրակաշառք բաժանելու, ո՛չ որեւէ ձեւով ժողովրդին սիրաշահելու խնդիր չունի, քանի որ ինքն այդ ժողովրդի մի մասնիկն է եւ ընտրակաշառք բաժանելով չի, որ պետք է ընտրվի քաղաքապետ: Նման հերյուրանք տարածելը ես համարում եմ քաղաքակական ավանտյուրա, քանի որ այսօր ոչ մի վանաձորցի չի կարողա ասել, որ ընտրակաշառք է բաժանվել կամ բաժանվում: Այնպես որ, փոխանցեք բամբասանք եւ հերյուրանք տարածողներին, որ մենք ո՛չ ընտրակաշառք ենք բաժանում, ո՛չ էլ, առավել եւս, մատաղ կամ խաշլամա»,- պատասխանեց ՀՀԿ-ական թեկնածուն:
ԽՍՏԱՑՐԵԼ ԵՆ, ՈՐ ՉԱԶԱՏԵՆ
Ինչպես հայտնի է՝ անցած տարվա նոյեմբերի 25-ին Մարաշում բացահայտված «հանցավոր» խմբի քրեական գործի նախաքննությունը ավարտից առաջ գործով կալանավորված անձանց մեղադրանքը խստացվել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս քայլը կոնկրետ բացատրություն է ունեցել. բանն այն է, որ այս քրեական գործով անցնող անձանց մի զգալի մասին մեղադրանքը մեղմ է եղել, եւ համաներում հայտարարելուց հետո նրանք պատժի կրումից կազատվեին: Ուստի որոշվել է մեղադրանքը խստացնել, որպեսզի նրանք ազատ չարձակվեն:
ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի ղեկավար Կամո Գրիգորյանի եղբոր որդին՝ իր համագյուղացի Սերյոժա Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Գրիգորյանը, յոթ տարի հետախուզման մեջ գտնվելուց հետո կանգնել է դատարանի առաջ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 29-ամյա Սմբատ Գրիգորյանը Չարենցավանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Դատաքննության ընթացքում նա չի ընդունել առաջադրված մեղադրանքը:
ՔԱՄԱՀՐԱԿԱՆ
Բոլորը պետք է սկսեն մտածել, թե ինչ անեն, որ գյուղատնտեսությունը զարգանա եւ հարստանա: Չի կարող գյուղատնտեսությունը մտածել միայն օրվա հացի համար: Երեկ նման հայտարարություն է արել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: «Ռազմավարական ծրագիր ենք մշակում, դասընթացներ կկազմակերպվեն: Բնականաբար, այսօրվա իրավիճակը չի կարող ձեռքբերում համարվել: Ոնց եղել է, այդպես մնացել է, հիմա փորձում ենք զարգացնել: Եթե գյուղացին համարում է, որ այսպես ապրելը լավ է, այդպես էլ կարող է ապրել»,- գյուղացիների հանդեպ իր քամահրական մոտեցումը երկրորդել է նորանշանակ նախարարը:
ՉՀԵՐՔՈՂԸ
«Ես բժշկական պրակտիկայով զբաղվել եմ մոտ քսան տարի, կարող եք բժիշկներին հարցնել, հնարավոր է միլիոնատեր դառնալ, իհարկե, «Ինգո Արմենիայով» է պայմանավորված»: Երեկ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը` անդրադառնալով իր միլիոնատեր լինելու հանգամանքին: «Ես կարող էի հերքել իմ միլիոնատեր լինելը: Մոսկվայի ցանկացած բնակիչ, եթե վաճառի իր բնակարանը, ինքը միլիոնատեր է», – պարզաբանել է նա:
ԲԱՐԵՇՆՈՐՀ, ԲԱՐԵԽՈՆԱՐՀ
Վանաձորում հանրահավաքի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ սատանային էլ կմիանանք՝ ՀՀԿ-ին չենք միանա, այդպիսի բան չի՛ լինի»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, մեկնաբանելով Նաիրա Զոհրաբյանի խոսքերը, ասել է. «Որովհետեւ ՀՀԿ-ի հետ կարող են միանալ միայն բարեկիրթ, բարեշնորհ մարդիկ»: Հարցին՝ ԲՀԿ-ն եղել է ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մաս, դառը փո՞րձ ունեն, ինչի՞ց է, որ սատանային գերադասում են ՀՀԿ-ից, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Դրա համար ՀՀԿ-ի հետ միանում են միշտ բարեկիրթ, բարեխոնարհ մարդիկ»:
ԾԱՓՈՂՋՈՒՅՆՆԵՐՈՎ
Երեկ կառավարության շենքի մոտ հավաքված դժգոհ քաղաքացիները, որոնք սովորաբար որեւէ նախարարի տեսնելիս՝ սկսում են իրենց բողոքները բարձրաձայնել, մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին կառավարության շենքից դուրս գալիս ծափողջույններով են դիմավորել: