Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսը գտնվում է մեռնող վիճակում: Մեղմ ասած, ՓՄՁ քաղաքականությունը 180 աստիճանի բարելավման կարիք ունի:
Այս ոլորտում խնդիրները բազմաթիվ են՝ փոքր ու միջին բիզնեսի գործարարների մեծ մասը մտահոգված է առեւտրի ոլորտով: Բնակչության թվի անկումը եւ գնողունակության նվազումը անհաջողությունների հիմնական պատճառն են, բայց ոչ միակը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել քաղաքացիական գործ` քաղաքացի Խաչիկ Ավագյանի հայցի հիման վրա: Այսպես՝ սույն անձը դիմել է դատարան՝ պահանջելով վերականգնել իր իրավունքները: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ պատասխանող կողմը «ԱԿՕԴ շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, որի 50 տոկոս բաժնեմասը պատկանում է Խաչիկ Ավագյանին:
Դատարանը մերժել է հայցը, իսկ դատական «քաշքշուկները» տեւել են ավելի քան 10 տարի:
Գնալով գործի հետքերով՝ «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Բանն այն է, որ շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերության հիմնադիրներից մեկը Խաչիկ Ավագյանն է: ՍՊԸ-ն ստեղծվել է 2006 թվականին Գենադի Դոլուխանյանի հետ համատեղ: Որոշ ժամանակ եկամտաբեր գործելուց հետո խնդիրներ են առաջացել:
Մասնավորապես, Խաչիկ Ավագյանը բռնության եւ սպառնալիքների ազդեցության ներքո կորցրել է իր մասնաբաժինը: Ասել է, թե «գործը ձեռքից խլել են»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տուժած գործարարը հայտնեց, որ Գենադի Դոլուխանյանը համաձայնել է հարկայինի՝ Շահումյանի բաժնի պետ Արմեն Հունանյանի հետ ապօրինի գործարքներ կնքել, մասնավորապես, պետությանը հասանելիք գումարները չտրամադրել, իսկ ինքը հրաժարվել է կատարել հարկայինի աշխատակցի նույն պահանջը: Արդյունքում իր նկատմամբ ճնշումներ են սկսվել, որպեսզի վերը հիշատակված անձանց՝ «փայ մտնելու գործը» չտապալվի:
Խաչիկ Ավագյանը հայտնեց, որ Դոլուխանյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս հարվածել է իր գլխին, արդյունքում նա երկար ժամանակ բուժում է ստացել հիվանդանոցում: Հետագայում նա նույնիսկ իր աշխատասենյակ մտնելու հնարավորություն չի ունեցել, մշտապես խոչընդոտների եւ արգելքների առաջ է կանգնել:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ինքը բազմիցս դիմել է իրավապահներին, սակայն իր հաղորդմանն առանց պատճառաբանության ընթացք չի տրվել: Խ. Ավագյանի խոսքով՝ ինքն առողջական լուրջ խնդիրներ ունի եւ չկարողացավ շարունակել զրույցը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ ավելի ուշ՝ մոտ մեկ տարի առաջ, Ավագյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանին հաջողվել է հասնել նրան, որ հաղորդմանն ընթացք տրվի: Մենք փորձեցինք մանրամասներ իմանալ նաեւ փաստաբանից:
Վերջինիս փոխանցմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 2014-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որը անձանց կամ պետությանը վնաս է պատճառել, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Երեմ Սարգսյանի փոխանցմամբ՝ նշանակվել էր դատահաշվաբանական փորձաքննություն, որի եզրակացությունն իրեն չէր բավարարել, եւ իրենք դիմել են կրկնակի փորձաքննություն նշանակելու պահանջով: Այն բավարարվել է, սակայն եզրակացություն դեռեւս չկա: Այս հանգամանքը, մեր զրուցակցի գնահատմամբ, մտահոգիչ է, քանի որ գործն ավելի քան մեկ տարի է՝ քննվում է, իսկ սայլը տեղից դեռ չի շարժվել:
Այս ողջ ընթացքում, փաստաբանի խոսքով, պարբերաբար քննիչներ են փոխվել, եւ գործը ձեռքից ձեռք է անցել: Իսկ առավել մտահոգիչը, ըստ Երեմ Սարգսյանի, այն է, որ չկա որպես մեղադրյալ ներգրավված անձ, թեպետեւ հայտնի է անձը, ով պետք է որպես այդպիսին ներգրավվի գործի մեջ. «Այս հապաղումը վնաս է պատճառում առաջին հերթին տուժողի շահերին»,- նկատում է Ե. Սարգսյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Խաչիկ Ավագյանը դժգոհ է հարուցված գործի հատկանիշներից, եւ իրենք միջնորդություն են ներկայացրել այն մասին, որ կատարվածում կան նաեւ բազմաթիվ այլ բնույթի հատկանիշներ, այդ թվում՝ յուրացման: Այս միջնորդությանը եւս ընթացք չի տրվել:
ՀՀ քննչական կոմիտեից հարուցված քրեական գործի հետ կապված պաշտոնական տեղեկություն ստանալ չհաջողվեց, չկարողացանք կապ հաստատել Արմեն Հունանյանի հետ:
Իսկ, ահա, տուժած գործարար Խաչիկ Ավագյանի գործընկեր Գենադի Դոլուխանյանը «Ժողովուրդ»-ի հարցը լսելուն պես հայտարարեց. «Ով ինչ ասել է, իր գործն է»: Մեր ճշտող հարցին՝ ինքն ընդունո՞ւմ է, որ բռնության ոււ սպառնալիքների ազդեցության տակ խլել է գործընկերոջ մասնաբաժինը, պատասխանեց. «Էս թեմայի շուրջ ինձ այլեւս չանհանգստացնեք»:
Թե ինչու է քննությունը դանդաղ ընթանում, եւ ինչու մեղադրյալ չի ներգրավվում, դժվար չէ կռահել: Իսկ թե ինչու է գործարարը միայնակ ու անպաշտպան մնում այն պարագայում, երբ կառավարությունը՝ իր բոլոր եկած-գնացած ղեկավարների գլխավորությամբ, հայտարարում է, որ պետք է ամեն գնով առաջ մղել փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների գործը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԼԵԳԻՏԻՄ ՉԷ
Երեկ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ ղեկավար Կարեն Հեքիմյանն ասուլիս էր հրավիրել՝ բարձրաձայնելու 2012 թվականին կատարված պետական մասշտաբի հանցագործության մասին: Ըստ Հեքիմյանի՝ հայտարարությունը կապված է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ: Բանն այն է, որ 2012 թվականի ընթացքում, ըստ լրագրողական հետաքննությունների, Մարուքյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Վանաձոր քաղաքի թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից ներկայացրել է փաստաթուղթ այն մասին, որ ինքը մինչեւ 2012 թվականը հինգ տարի անընդմեջ բնակվել է Հայաստանում: Մինչդեռ բազմաթիվ հրապարակումներում փաստեր են ներկայացրել, համաձայն որոնց՝ 2009թ. հունիսի 13-ից մինչեւ 2010թ. հունիսի 30-ը, այսինքն՝ 1 տարի 17 օր, Մարուքյանը, մշտապես գտնվելով ԱՄՆ-ում, Համֆրիի անվան ծրագրի շրջանակներում ստացիոնար հիմունքներով սովորել է ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում, որից հետո նրան տրվել է 5 տարի Հայաստանում մշտապես բնակվելու մասին փաստաթուղթ՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար: Այս փաստերը հաստատել է նաեւ ազգային անվտանգության ծառայությունը՝ տրամադրելով քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի եւ ելքի մասին ինֆորմացիոն տեղեկանքը: ՀԿ ղեկավարը շեշտեց, որ կեղծ փաստաթուղթ ներկայացնելով եւ պատգամավոր ընտրվելով՝ Մարուքյանը, ըստ էության, զուրկ է լեգիտիմ պատգամավոր լինելուց: ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են այս հարցով դիմել դատարան, ինչպես նաեւ դիմել Ազգային ժողովին՝ այս հարցով մշտական ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար: Նրանք նամակով դիմելու են նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որպեսզի վերջինս ԱԱԾ-ից պահանջի ԱԱԾ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա, Էդմոն Մարուքյանի՝ Հայաստան մուտքի ու ելքի մասին տեղեկատվություն:
Այն հարցադրմանը, թե ինչո՞ւ է Մարուքյանի անվան շուրջ սկանդալը հատկապես այս ընտրական պրոցեսների ժամանակ գլուխ բարձրացնում, եւ այս գործընթացն ի՞նչ կտա վանաձորցուն, որտեղից էլ պատգամավոր է ընտրվել Մարուքյանը: Հեքիմյանը պատասխանեց, թե այս հարցը պարբերաբար եղել է իրենց ուշադրության կենտրոնում. «Տենց օր չի եղել, որ այս հարցը չշոշափվի: Այս հարցը միշտ եղել է օրակարգում, ու ավելին ասեմ՝ Վանաձորի ընտրություններից հետո էլ կմնա օրակարգում: Սա ընդհանրապես կապ չունի նախընտրական այս թոհ ու բոհի հետ: Ես համոզված եմ, որ ընտրությունից հետո էլ այս հարցը շարունակելու է մնալ օրակարգում: Պատմություն է, մարդիկ քվեարկում են մի մարդու համար, որն անարժանահավատ տեղեկանքներ է ներկայացնում եւ հետագայում ոչ լեգտիմ պատգամավորի կարգավիճակում հանդես է գալիս: Մարդիկ պետք է իմանան»: Նա հայտարարեց, որ Մարուքյանին կեղծ փաստաթղթեր ներկայացնելով խախտվել են մի շարք քրեական հոդվածներ, եւ առաջիկայում մի քանի կառույցներ հարցումներ անելուց հետո իրենք կդիմեն դատարան:
Էդմոն Մարուքյանի հետ զրուցելու մեր փորձերն ապարդյուն անցան:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՈՍՆԱԿԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ արդեն աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել նախկին վարչապետի խոսնակ Գոհար Պողոսյանը, առողջապահության նախկին նախարարի օգնական Տաթեւիկ Գրիգորյանը, բնապահպանության նախկին նախարարի խոսնակ Թեհմինա Արզումանյանը, տրանսպորտի եւ կապի նախկին նախարարի խոսնակ Անժելա Մարտիրոսյանը: Իսկ գյուղնախարարի խոսնակ Անի Սմբատյանը կշարունակի աշխատել նոր նախարարի հետ։
ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Խոշոր բիզնեսից գանձված հարկային եկամուտները մոտ 7%-ով գերազանցել են 2015թ. 8 ամիսների ցուցանիշը: Չնայած աշխարհաքաղաքական եւ տնտեսական անբարենպաստ պայմաններին՝ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը 2016թ. հունվար-օգոստոս ամիսներին գրանցել է գրեթե 293 մլրդ դրամ հարկային եկամուտ՝ ի տարբերություն 2015թ. նույն ժամանակահատվածում արձանագրված մոտ 275 մլրդ դրամի: Եվ սա այն պայմաններում, երբ երկրի խոշորագույն հարկ վճարողներից առաջին 4-ի հարկային եկամուտները նվազել են ավելի քան 15 մլրդ դրամով. մասնավորապես, «Զանգեզուրի ՊՄԿ»՝ 11.4 մլրդ դրամ, «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»՝ 2.4 մլրդ դրամ, «Գազպրոմ Արմենիա»՝ 0.9 մլրդ դրամ, «Ղ-Տելեկոմ»՝ 0.6 մլրդ դրամ: Ընդ որում, սեպտեմբեր ամսվա կանխատեսումներով այդ թիվը կավելանա՝ կազմելով գրեթե 22 մլրդ դրամ:
ՇԱՀԱՐԿՈ՞ՒՄ ԵՆ
Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանը, անդրադառնալով որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքներին, «Հայկական ժամանակին» ասել է. «Շահարկում են մարդու ողբերգությունը, սենսացիաներ փնտրում, հիմա էլ գրում են, թե իբր սպանել են, հետո բերել-դրել են ավտոտնակում»։ Վարդեւան Գրիգորյանը հստակ չի կարողացել ասել՝ կատարվածն ինքնասպանություն է, թե սպանություն. «Փորձաքննությունը կտա հարցերի պատասխանները»:
ԽԱԽՏԵԼՈՎ ՕՐԵՆՔԸ
ՊԵԿ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ « Վերնիսաժ 1» եւ «Հանքաշար» ՍՊԸ-ների միջեւ ապրիլի 4-ին կնքվել է 265 քմ տարածքի նախնական վարձակալության պայմանագիր: «Վերնիսաժ 1» ընկերությունը, խախտելով օրենքի պահանջը, առանց ծանուցման զբաղվել է առեւտրի իրականացման վայրի կազմակերպմամբ: Խախտում կատարած տնտեսվարողին առաջադրվել է տուգանք՝ թույլտվության կամ ծանուցման տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի՝ 10 մլն դրամի չափով: