ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՏՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ մշակույթի ամենաերկարակյաց նախարարը` Հասմիկ Պողոսյանը, լքեց պաշտոնը: Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Արմեն Ամիրյանին այդ պաշտոնում նշանակելու մասին: Այս անգամ տիկին Պողոսյանին չփրկեց ոչ ՀՀ նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանի հետ սերտ հարաբերությունները, ոչ էլ Առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հովանավորչությունը: Հիմա, երբ արդեն նոր նախարար ունենք, արժի հետադարձ հայացք նետել եւ վերհիշել` ինչ անդառնալի սխալներ թույլ տրվեցին տիկին Պողոսյանի օրոք, մշակութային ի՞նչ խնդիրներ մնացին չլուծված եւ մշակույթի որ ոլորտներն ու ենթաոլորոտներն ունեն հոգածության կարիք:

Հուշարձանների (չ)պահպանություն
Բացի այն, որ ամեն տարի հուշարձանների պահպանության գործի համար չնչին մի գումար է հատկացվել, դեռեւս պարզ չէ` այն իր նպատակին ծառայել է, թե ոչ: Բոլորիս հիշողություններում դեռ թարմ են Հ. Պողոսյանի օրոք անուշադրության մատնված կամ անհաջող վերականգնված հուշարձանների պատմությունները: Շուրջ 7 տարի մշակույթի նախարարության` վերականգնման ենթակա հուշարձանների ցանկում ներառված լինելուց հետո, օրինակ, Գառնու պատմական կամուրջը «վերականգնվեց», կամ, ինչպես ոլորտի մասնագետներն են նշում, միջնադարյան կամուրջի պատմական հետքերը սրբվեցին եւ այն ենթարկվեց «եվրոռեմոնտի»` վերածվելով ժամանակակից կոմունիկացիայի: Նշենք, որ կամրջի վերականգնման համար միայն 2006 եւ 2010թթ. պետբյուջեից տրամադրվել էր 1 մլն, ապա 6 մլն 280 հազար դրամ:
Մի շարք կոպտագույն խախտումներ էին հայտնաբերվել Քոբայրավանքի եւ Հնեավանքի վերականգնողական աշխատանքների հետ կապված: Վերահսկիչ պալատը դեռեւս 2007-2008 թթ. ստուգումների ընթացքում բացահայտել էր, որ 321 միլիոն դրամ էր հատկացվել այն ընկերությանը, որը պետք է զբաղվեր վանական համալիրների վերականգնողական աշխատանքներով, սակայն արդյունքում ի հայտ էր եկել 57 միլիոն դրամի փաստաթղթերով ուղղակի չհիմնավորված ծախս, կատարված աշխատանքն էլ անարդյունավետ էր գնահատվել:
Նախկին նախարարի օրոք էր, որ մեծ աղմուկ բարձրացավ Օձունի եկեղեցու շուրջ: 2015-ին մոսկվաբնակ բարերար Մովսես Ձավարյանը դադարեցրեց Օձունի եկեղեցու վերանորոգման ֆինանսավորումը: Մամուլն անդրադարձավ Սբ. Հովհաննես տաճարի վերականգնման աշխատանքների հետ կապված մութ պատմություններին, իսկ եկեղեցու վերականգնող ճարտարապետ Միշա Հակոբյանն էլ հանդես եկավ նախագծով նախատեսված, սակայն չիրականացված աշխատանքների մասին հրապարակումներով:
Ինչպես նշեցինք՝ հուշարձանների պահպանության համար նախատեսված բյուջեն բավական աղքատիկ է, եւ չնայած այս հանգամանքին, Հասմիկ Պողոսյանը երբեմն ոչ ողջամիտ գումարներ էր դուրս գրում այնպիսի նախաձեռնությունների համար, որոնց կարիքը բնավ էլ չկար: Տարիներ առաջ, օրինակ, Կապանի Հալիձորի բերդից քիչ ներքեւ նորոգվել էր զուգարանը, որի համար ծախսվել էր ոչ ավել, ոչ պակաս 8 միլիոն դրամ:

Պատմական շենքերի ավիրում կամ «Հին Երեւան»` հին Երեւանի հաշվին
Վերջին 10 տարիների ընթացքում ճարտարապետները, եւ, առհասարակ, Հին Երեւանի ճակատագրով մտահոգ քաղաքացիները ահազանգում են մայրաքաղաքի պատմական շերտի վերացման մասին: Հին Երեւանի մաս կազմող շենքերից շատերն արդեն չկան, որոշ մասն էլ վաղուց կորցրել է իր դիմագիծը:
Հ. Պողոսյանի օրոք` 2012-2013-ին, երեւանցիները զրկվեցին արդեն պատմական դարձած Ծածկած շուկայից: Անգամ կառավարությունը չկարողացավ Փակ շուկայի սեփականատիրոջ` Սամվել Ալեքսանյանի դեմն առնել: Շուկան, բնականաբար, չէր կարող, ինչպես Ալեքսանյանն է ժամանակին ասել, «իրան-իրան», առանց մշակույթի նախարարի համաձայնության քանդվել եւ ձեւափոխվել:
2012-ի մայիսին էլ մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ ահազանգեցին ԱՕԿՍ-ի (Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերության) շենքի ապամոնտաժման վտանգի մասին: ԱՕԿՍ-ի շենքի հետնամասը քանդվել էր հուշարձանի անմիջապես հետեւի մասում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Հանրապետական նշանակություն ունեցող շենքի հետ կապված ավելի ուշ էլ «Հետք»-ը մեկ այլ մտահոգիչ բացահայտում կատարեց, ըստ որի՝ դեռեւս 2001-ին Արմեն Սմբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը այն սեփականաշնորհել են:
Արդեն 2014-ին ոչ թե ապամոնտաժվեց (դա մեղմ է ասված), այլ, բառի բուն իմաստով, քանդվեց Աֆրիկյանների պատմական շենքը: Դրա տեղում կառուցվող հյուրանոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2015-ի մարտին, այն շահագործման կհանձնվի 2018-ի նույն ամսին։ Սկզբում տարածքի ձեռք բերող է ճանաչվել «Դվին Հոլդինգ» ընկերությունը, որը 2010թ. փոխարինվել է «Միլենիում Կոնստրակշեն» ՍՊԸ-ով: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ընկերության սեփականատերերն են ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները։
Հ. Պողոսյանի պաշտոնավարման ընթացքում անուշադրության է մատնվել եւ անմխիթար վիճակում հայտնվել Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի տունը, որը ներառված է Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում: 1990-ական թթ. վթարային համարվող տունը ներառված է նաեւ «Հին Երեւան» ծրագրում: Շենքի տանիքը, հատակն ու միջհարկային ծածկն արդեն քանդված են, մնացել է ճակատը։
Հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացավ նաեւ Երեւանի Աբովյան եւ Արամի փողոցների խաչմերուկում տեղակայված, մայրաքաղաքի կոլորիտային կառույցներից մեկը համարվող, Արամի 30 հասցեում գտնվող շենքի շուրջ: Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ այն քանդվել է տվյալ փողոցների որոշ հատվածների մայթերը ընդլայնելու նպատակով:
Այս տարվա օգոստոսին էլ մեկնարկեցին «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի էստակադան ապամոնտաժելու աշխատանքները: Դեռեւս 2013-ին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երեւանի քաղաքապետարան` «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքը քանդելու առաջարկությամբ: Ու թեեւ քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել էր դիմումը, այնուամենայնիվ, Հին Երեւանի վերջին վկաներից մեկի համար եւս անվտանգ ապագա ապահովված չէ:
Հասմիկ Պողոսյանի օրոք վտանգված եւ վնասված կառույցների ցանկը կարելի է դեռ երկար թվել, իսկ բոլոր այն բացատրությունները, թե ժամանակին Հին Երեւանի մաս կազմած մի շարք շենքեր պետք է ներառվեն «Հին Երեւան» ծրագրում, պարզապես զավեշտալի են. գուցե ինչ-որ տեղ դրանց անհաջող նմանակները կառուցելու փոխարեն արժեր առհասարակ չքանդե՞լ շենքերը` պահպանելով դրանց համապատասխան միջավայրն ու կոլորիտը:

Կրքեր` Օպերայի եւ
բալետի թատրոնում
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բազմիցս ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերվել, որոնց հարցում, բնականաբար, իր դերակատարումն է ունեցել մշակույթի նախարարությունը: Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը պարզել էր, որ թատրոնի տնօրինությունը, օրինակ, 2013-ին, կանխամտածած ցածր եկամուտ էր ցույց տվել, ինչի արդյունքում մշակույթի նախարարությունից չհիմնավորված բարձր սուբսիդիաներ էր ստացել: Պարզվել էր նաեւ, որ թատրոնը որոշ ներկայացումների դիմաց գումար էր ստացել, բայց բեմադրությունը չէր իրականացրել:
2012 թվականի մարտի 27-ին էլ ՀՀ մշակույթի նախարարության եւ ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս», գերմանական «Սալզբրեններս թեյջթեք աուդիո եւ վիդեո մեդինսիսթեմս», «Էլեքթրոնիք թիաթր քոնթրոլս» եւ հայաստանյան «Արթսթեք» ՍՊԸ-ի միջեւ 8 մլն եվրոյի վարկային պայմանագիր էր կնքվել, որով պետք է իրականացվեր Օպերայի եւ բալետի թատրոնի երկու դահլիճի տեխնիկական վերազինումը: Սակայն արդյունքում մեկ դահլիճի վերազինումն է տեղի ունեցել: Բացի այդ` ներկրված ապրանքների ուշ մաքսազերծման պատճառով մշակույթի նախարարությունը պետբյուջեին 35 մլն 319 հազար դրամի վնաս էր պատճառել:
Հենց Հասմիկ Պողոսյանի օրոք էր, որ Օպերայի եւ բալետի թատրոնը մնաց առանց գլխավոր դիրիժորի: Կարեն Դուրգարյանի հաստիքը պարզապես կրճատվեց: Մշակույթի նախարարը «լվաց ձեռքերը». գերատեսչությունից պարզաբանեցին, որ իրենք թատրոնի ներքին խոհանոցին, իբր, չեն խառնվում: Այնինչ՝ թատրոնի անձնակազմի մի շարք անդամներ կուլիսային խոսակցությունների ընթացքում նշում են, որ Դուրգարյանին, պարզապես չի հաջողվել վայելել «վերեւների» բարեհաճությունը:

Թատրոնը եւ կինոն`
խղճուկ վիճակում
Թատրոն-պետություն փոխհարաբերությունը կարող է համակարգել միայն թատրոնի մասին օրենքը, որի բացակայության մասին արվեստագետները բազմիցս հայտնել են իրենց մտահոգությունը, եւ որը Հ. Պողոսյանի պաշտոնավարման ընթացքում այդպես էլ չընդունվեց: Նախկին նախարարի ցուցաբերած մոտեցումների հետեւանքով հայ թատրոնը դարձավ տնօրինական, այսինքն` տնօրենի կողմից կառավարվող կառույց. այդ հարցում նվազեցվեց գլխավոր ռեժիսորի, գեղարվեստական ղեկավարի դերակատարումը: Հ. Պողոսյանի օրոք Կամերային երաժշտական թատրոնը ժանրային առումով ապակողմնորոշվեց, իսկ ավելի վաղ լուծարվեց Երիտասարդական փորձարարական թատրոնը:
Վերջին 10 տարիների ընթացքում նախանձելի չէ նաեւ հայ կինոյի վիճակը: Տարիներ շարունակ նախարարության բյուջեից չնչին գումար է տրամադրվել կինեմատոգրաֆիային (2016թ. բյուջեի նախագծի համաձայն ոլորտին տրամադրվել է ընդամենը 658 միլիոն 714 հազար դրամ): Ինչպես որոշ մշակութային գործիչներ են կատակում, դա մոտավորապես կազմում է այնքան, որքան Պողոսյանի օրոք ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում ստացած ռաբիս երգիչ Արմենչիկի մի տեսահոլովակը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 
ԱՄԻՐՅԱՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի համար առաջնային քայլերից մեկը լինելու է մշակութային արժեքների պահպանության ծրագրի մշակումը: Նա այդ մասին ասել է կառավարության նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում: «Գումարները շատ քիչ են, բայց պետք է մշակել մեխանիզմներ, որպեսզի պատմամշակութային արժեքները դառնան զբոսաշրջության ու մեր պարծանքի առարկան»,-ասել է Ամիրյանը: Նորանշանակ նախարարը նաեւ առանձնացրել է այն առաջնային ոլորտները, որտեղ պետք է փոփոխություններ կատարվեն. գրահրատարակչություն, կինոարտադրություն, հուշարձանների պահպանություն եւ զբոսաշրջության խթանում:

 

 

ՀԵՐԹԱԿԱՆԸ` ԲՐԱՈՒՆԻՑ
Առեղծվածային բովանդակությամբ բեսթսելերների հեղինակ Դեն Բրաունը գրում է հերթական արկածային գիրքը: The Verge-ի փոխանցմամբ` այն հրատարակվելու է գալիք տարվա սեպտեմբերի 26-ին: Գիրքը կոչվում է Origin («Ծագում»): Ինչպես Բրաունի նախորդ գործերում, այս մեկում էլ գլխավոր հերոսի դերում երեւակայական կերպար է` Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը: Նա կրոնական նշանաբանության մասնագետ է:
Հիշեցնենք, որ Դեն Բրաունի հայտնի գրքերի թվում են «Դա Վինչիի ծածկագիրը», «Ինֆեռնոն», «Հրեշտակներ եւ Սատանաները»: Այս երեք գործերի հիման վրա էլ նկարահանվել են ֆիլմեր:




Լրահոս