ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց

Երեկ Կոնդի, Ֆիրդուսի եւ Տիգրան Մեծի բնակիչները փորձում էին փակել Տիգրան Մեծ պողոտան: Ինչպես հայտնել է ArmLur.am-ի թղթակիցը՝ այնտեղ կային նաեւ մեծ թվով ոստիկաններ, ովքեր թույլ չտվեցին, որպեսզի ճանապարհը փակվի: Այս ամենից հետո բնակիչները գնացին կառավարության շենքի մոտ, որտեղ նրանց հետ զրուցեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Լսելով բնակիչների պահանջները՝ Ա. Թաթոյանը խոստացավ երկու օրվա ընթացքում ուսումնասիրել դրանք եւ հանդիպում կազմակերպել: Նշենք, որ բնակիչների բնակարանները գերակա շահ են ճանաչվել, եւ նրանք կառավարությունից պահանջում են իրենց բնակարանները:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ անձը կարո՞ղ է որոշակի տեղեկություններ ստանալ իր վճարած եկամտային հարկի եւ նպատակային սոցիալական վճարի մասին:

Լարիսա Կիրակոսյան (47 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Այլ գործատուի մոտ աշխատանքի փոխադրվելու (գործատուի փոփոխության) դեպքում, աշխատողի կողմից եկամտային հարկ եւ նպատակային սոցիալական վճար կատարելու (հարկային գործակալի) պարտականությունը կատարելու է նոր գործատուն: Այդ աշխատողի համար ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում անհատական նոր հաշիվ չի բացվում, այլ ստացված տեղեկատվությունը մուտքագրվում է աշխատողի արդեն իսկ բացված անհատական հաշվին:
Մասնակիցը նպատակային սոցիալական վճարների մասին տեղեկությունները կարող է ստանալ կենսաթոշակային հաշվի նախորդ տարվա տարեկան հաշվետվության եւ կենսաթոշակային հաշվով կատարված գործառնությունների տեղեկանքի միջոցով: Սույն հաշվետվությունների միջոցով մասնակիցը կարող է տեսնել իր եւ պետության կողմից կատարված նպատակային սոցիալական վճարների մասին տեղեկությունները ցանկացած ժամանակահատվածի համար:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ նվազագույն աշխատավարձ ստացող մասնակիցների համար նպատակային սոցիալական վճար կատարում է գործատուն: Ի դեպ, եկամտային հարկը եւ նպատակային սոցիալական վճարը կատարելուց հետո անձի տնօրինվող եկամուտը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի չափից:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞վ իրավունք ունի լինել անհատ ձեռնարկատեր, եւ կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետական հաշվառում կատարելու համար:

Իրինա Մանուկյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատեր կարող է լինել ցանկացած գործունակ անձ (ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ), ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը օրենքով սահմանափակված չէ: Մասնավորապես, անձը չի կարող հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր, եթե նա դատական կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ անձը դատական կարգով ճանաչվել է սնանկ, եւ պետական հաշվառման դիմում տալու պահին չի կատարել սնանկ ճանաչելու համար հիմք հանդիսացած իր պարտավորությունները:
Պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը գործակալություն է ներկայացնում – անձնագիր (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է) եւ պատճենը,
-պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար անհրաժեշտ դիմումը պատրաստվում է գործակալության աշխատակցի կողմից՝ հիմք ընդունելով անձի կողմից ներկայացված տեղեկությունները եւ փաստաթղթերը: Եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա հաշվառումը կարող է կատարվել համացանցի օգնությամբ՝ https://www.e-register.am պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից:




Լրահոս