ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՂԻ ԵՎ ԱՆԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք ավելի վաղ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնը հայտնվել է անելանելի վիճակում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲԿ-ն չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձը, եւ դեռ ավելին՝ բանը հասել է նրան, որ մի շարք աշխատակիցներ դատի են տվել ԲԿ-ի տնօրինությանը: «Ժողովուրդ»-ը ԲԿ-ում ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Խոսրով Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, Ձեր եղբորը պատկանող ԲԿ-ի շուրջ աղմուկը չի դադարում: Տեղյակ եք՝ ի՞նչ է կատարվում: Փորձե՞լ եք օգնել Ձեր եղբորը:
-Ես փորձել եմ հասկանալ: Օգնել չեմ կարող, որովհետեւ ես նախ մասնագետ չեմ եւ այդ ոլորտի հետ աղերսներ չունեմ: Բանն այն է, որ, ցավոք սրտի, այսօրվա դրությամբ մեզանում առողջապահության համակարգում պետպատվերի բաշխումը անհասկանալի սկզբունքներով է կատարվում: Մենք ունենք հիվանդանոցներ, որոնք կարող է՝ մի քանի միլիարդ պետպատվեր են ստանում, եւ ունենք հիվանդանոց, որը ստանում է մի 150-200 միլիոն պետպատվեր:
-Այսինքն՝ Ձեր գործոնը նույնպե՞ս չի օգնել:
-Դե, ես փաստն եմ ասում: Անկեղծ եմ ասում, ես երբեւէ չեմ փորձել օգտագործել /նկատի ունի իր ազդեցությունը, Ք. Մ/, ես գտնում եմ՝ դա ճիշտ չէ: Հավատացնում եմ Ձեզ, դա չէ ճանապարհը: Օրինակ՝ պետպատվերից օգտվում են տարբեր տեսակի սնկի պես աճող մասնավոր ախտորոշիչ կենտրոններ: Այսինքն՝ հիվանդանոցները, որոնք, ըստ էության, կոչված են հատկապես սոցիալապես անապահով խավին առողջապահական ծառայություններ մատուցելու, նրանց հնարավորությունը պակասեցնում են, նվազեցնում են, փոխարենը տալիս են մասնավոր ախտորոշիչ կենտրոնների:
-Չե՞ք փորձել այդ հարցը առողջապահության նախարարի մոտ բարձրաձայնել:
-Ես հիմա պատրաստվում եմ: Պետպատվերը, ըստ էության, պետք է լիներ պետության կողմից իր սոցիալապես անապահով խավի համար առողջապահությունը մատչելի դարձնելու գործիքը:
-Միայն դա՞ է պատճառը, որ այս պահին ԲԿ-ն խնդրի առջեւ է կագնած:
-Շատ հիվանդանոցներ շատ ծանր պայմաններում են հայտնվել: Առողջապահության ոլորտում շատ անարդարացի եւ կատաղի մրցակցություն է եւ անառողջ մրցակցություն: Մենք ունենք հիվանդանոցներ, որտեղ ակնհայտորեն զբաղվում են դեմպինգով: Ակնհայտորեն էժան ծառայություններ են մատուցում՝ ինքնարժեքից էլ շատ էժան ու ապահովում հսկայական հոսք: Արդյունքում մնացածները կհայտնվեն սնանկության եզրին, իսկ հետո ինքը, երբ կմնա միայնակ, կսկսի գները բարձրացնել: Սա շատ հասկանալի է, եւ առողջապահության նախարարությունը այստեղ պետք է քայլեր կատարի:
-Համարձակության խնդի՞րն է, որ չեն կարողանում քայլեր կատարել:
-Չգիտեմ, չեմ կարող մեկնաբանել, թույլ տվեք չմեկնաբանեմ: Եվ պետպատվերը ամեն դեպքում ամենալուրջ գործիքը պետք է լիներ: Ես մի օրինակ բերեմ. ժամանակին ես աշխատել եմ փոխվարչապետ, եւ իմ համակարգման ոլորտներից մեկը առողջապահությունն էր: Ես այն ժամանակ շատ հստակ խնդիր էի դնում: Եթե մենք գնում ենք առողջապահական հիմնարկների, կենտրոնների, ԲԿ-ների մասնավորեցման ճանապարհով, որը ողջունելի եմ համարում, այդ դեպքում բարի եղե՛ք, պետությո՛ւն, ամեն համայնքում, Երեւանում մի քանի հատ սոցիալապես անապահովների պետական հիվանդանոց կառուցենք, եւ ամբողջ պետպատվերն ուղղենք էնտեղ, որպեսզի սոցիալապես անապահով խավը իմանա, որ իր մեջքին կագնած կա, եւ գնա այդ հիվանդանոցում բուժվի: Իսկ մասնավորները իրենք իրենց միջեւ թող մրցակցեն, ինչպես կարող են: Սա կլիներ արդարացի: Իսկ մենք ինչ արեցինք. բաշխեցինք էս ամբողջ պետպատվերը անհամաչափ, մենք ունենք 1, 2, 3 բուժկենտրոններ, հիվանդանոցներ, որոնց պետպատվերը միլիարդների է հասնում, դրա կողքին ունենք հիվանդանոց կամ հիվանդանոցներ ընդամենը մի քանի միլիոն պետպատվերով: Սա խանգարում է, բայց էնտեղ էլ է նույն անձնակազմը աշխատում, ընդ որում, որակյալ կազմը:
-Կոնկրետ ե՞րբ եւ ո՞ւմ եք պատրաստվում դիմել:
-Կարծում եմ՝ բյուջեի քննարկման ժամանակ մենք այդ հարցերը կբարձրացնենք առողջապահության նախարարի առջեւ: Սա բյուջեի խնդիր է, սա բյուջետային ռեսուրսները արդյունավետ օգտագործելու խնդիր է: Պետպատվերը պետության քաղաքականության իրականացման գործիք է: Այդ քաղաքականության իմաստը մեկն է. իր քաղաքացու համար առողջապահությունը դարձնել մատչելի: Ո՞ր քաղաքացու համար, նախ այն քաղաքացու, որը սոցիալապես խեղճ վիճակում է, անապահով վիճակում է, որը անընդհատ դրա կարիքը զգում է: Սա է պետպատվերի իմաստը: Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեն: Գնացեք 6-րդ հիվանդանոցը, նոր եմ իմացել, որ կանգնած է լուծարման առջեւ: Էդպես չի կարելի, դրանք բոլորը խնդիրներ են: Էստեղ կապ չունի, թե ով ում եղբայրն է: Եթե ես կարողանայի ազդել, եղբորս հիվանդանոցի վիճակը լավ կլիներ: Բայց ես նույնիսկ չեմ էլ փորձել: Էնպես չէ, որ իմ եղբոր խնդիրը լուծեցի, ամեն ինչ լավ եղավ: Վաղը մեկ ուրիշ հիվանդանոց կկանգնի այս նույն խնդրի առջեւ: Հիմա իմ եղբայրն ամեն ինչ անում է, որպեսզի փորձի այս իրավիճակը ուղղել: Այնքան հեշտ կլինի էս ամեն ինչը վաճառել, գնալ, բայց ինքը չի անում, որովհետեւ նա հոգով բժիշկ է: Ինքը առողջապահության կազմակերպիչներից մեկն է եղել այս քաղաքի: Նա անգամ չի էլ պատկերացնում, որ հիվանդանոցը չգործի: Նա փորձում է խնդիրը լուծել. իհարկե, մի մասը հաջողվում է, մի մասը չի հաջողվում: Ես անկեղծ շնորհակալություն եմ հայտնում կոլեկտիվին, որ հասկանալով վիճակը՝ լավագույն բժշկական ծառայություններն են մատուցում, իհարկե, մի փոքր վիճելով, նեղվելով, բայց լավագույն բժշկական ծառայություններն են մատուցում: Բայց ունենք այն, ինչ ունենք:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԻՐԵՆՑ ՇԱՀԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂ ԾՐԱԳՐԵՐՆ ԵՆ ԱՌԱՋ ՏԱՆՈՒՄ

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած «Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել էր դեռ 2015 թվականի հունիսի 8-ին՝ ԱԺ սոցիալական հացերի մշտական հանձնաժողովի նիստում եւ որոշում էր կայացվել այն հետաձգել մինչեւ մեկ տարով: «Ժողովուրդ»-ը օրենքի այս նախագծի հետաձգման պատճառների եւ սահմանված ժամկետներում այն չքննարկելու վերաբերյալ զրուցեց նախագծի հեղինակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ:

-Պարո՛ն Պողոսյան, 2016 թվականի հունիսի 8-ին լրացավ այն սահմանված ժամկետը, որի ընթացքում պետք է ԱԺ օրակարգ ընդգրկվեր «Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչո՞ւ այն հետաձգվեց անցյալ տարի եւ ինչո՞ւ չքննարկվեց սահմանված ժամկետի ընթացքում:
-Քանի որ նմանատիպ արտոնություններ միայն ես չեմ առաջարկել, «ՕԵԿ»-ը եւ կառավարությունը եւս ունեին նման առաջարկներ, որոշել էինք համատեղ քննարկում անցկացնել եւ միասնական մեկ նախագիծ ներկայացնել: Դա պետք է տեղի ունենար այս տարի ապրիլ ամսին, սակայն ապրիլին եղավ պատերազմը, հետո առաջացան այլ խնդիրներ, որոնց պատճառով քննարկումները հետաձգվեցին: Կարծում եմ` նոր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նորից կբարձրաձայնենք այս մասին:
-Ըստ Ձեզ՝ կա՞ն օրենքի այնպիսի նախագծեր, որոնք հույժ կարեւոր են, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգվում են:
-Օրինակ՝ այսօրվա դրությամբ, եթե նայենք զինծառայողների սոցիալական ապահովության խնդիրներին, հատկապես նրանց, ովքեր մասնակցել են ռազմական գործողություններին, ապա դրա վերաբերյալ ներկայացված նախագիծը շատ կարեւոր չէ: Բայց հետո պարզվեց՝ նախարարը անձամբ գնալով եւ տեսնելով բոլոր վիրավորներին, ինքն է հրաման տվել զբաղվել այդ հարցով, ստացվում է՝ մերժում է, հետո սկսում է ինքն անել: Այսպիսի շատ ու շատ նախագծեր կան:
-Բայց որո՞նք են հետաձգման պատճառաբանությունները, եթե այդ նախագծերի իրագործման դեպքում այդքան կարեւոր խնդիրներ են լուծվելու:
-Հիմնականում միշտ ասվում է հետեւյալը. ֆինանսական միջոցների աղբյուրը ցույց տվեք, փորձենք իրագործել, եթե մենք մի տեղ ավելացնում ենք, մյուս տեղից կտրում ենք: Թող ձեւավորեն, ազնիվ տնտեսություն վարեն, ազնիվ հարկերը վճարեն, վստահ եմ, որ գումարները կավելանան, եւ մնացած ծրագրերը, որոնք կարեւոր են, կիրագործվեն:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 
ԼՌԱԿՅԱՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ԱԺ այս նստաշրջանի ընթացքում պատգամավորներից 77-ը նիստերի ընթացքում ձայն չեն հանել: Իհարկե, այնպես չէ, որ նրանք համր են եւ խոսել չգիտեն, պարզապես փաստն այն է, որ խորհրդարանի 131 պատգամավորից 77-ն ընդհանրապես չի մասնակցում օրենսդրական քննարկումներին։ Օրինակ՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ 69 պատգամավորներից 53-ը ո՛չ հարց է տվել զեկուցողին եւ ո՛չ էլ ինչ-որ խնդրի վերաբերյալ ելույթով է հանդես եկել: Պաշտոնապես ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ համարվող 33 պատգամավորներից 24-ը եւս ո՛չ հարց են տվել եւ ո՛չ էլ իրենք են ելույթ ունեցել: Նրանք լուռ ու մունջ մասնակցել են խորհրդարանի նիստերին եւ «ցրվել տներով»:

 

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԲՈՒԺՈՒՄ ՌԱԶՄԱԳԵՐՈՒՆ
Ադրբեջանական գերությունից վերադարձած ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են հայտնաբերվել: Նրա քրոջ ամուսինը՝ Արմեն Հարությունյանը, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ սահմանն ապօրինի հատելու մեջ դասալքության մեղադրանքներով կալանավորված Անդրանիկ Գրիգորյանի նկատմամբ օրերս սահմանվել է վեցամսյա հարկադիր բուժում. «Անդրանիկը ճանաչում է մեզ: Իսկ գերությունից նոր վերադարձած ժամանակ ոչ մեկիս, անգամ ծնողներին չէր հիշում: Բայց չի հիշում՝ ինչպես է հատել սահմանը, ինչպես է լքել զորամասը եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հիշեցնենք՝ պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը սահմանը հատել է 2015թ. մարտի 22-ին, իսկ հայրենադարձվելուց հետո հայտարարել է, թե երբեք չի ցանկացել նման բան անել:

 

 

ՀԱԿԱՍԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ
Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողների՝ Արթուր Միհրանյանի եւ Գեւորգ Զոհրաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երկարաձգվել է եւս երկու ամսով: «Ժողովուրդ»-ի տեղեկությունը հաստատեց Ա. Միհրանյանի շահերի պաշտպան Մարինե Ֆարմանյանը՝ հավելելով, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց միայն մի մասի եզրակացություններն են ստացվել: Գործը, ըստ փաստաբանի, ծավալուն է, եւ դա է պատճառը, որ փորձաքննությունների մյուս մասը չի ավարտվել: Ի դեպ, մեզ հայտնի է դարձել նաեւ, որ մեղադրյալների ցուցմունքներում հակասություններ կան: Մ. Ֆարմանյանը հաստատեց նաեւ այս տեղեկությունը՝ նշելով, սակայն, որ առերեսում դեռեւս չի եղել:




Լրահոս