ԵՐԲ ԲԱՆԱՎԵՃՈՒՄ ՀԱՂԹՈՂՆԵՐ ՈՒ ՊԱՐՏՎՈՂՆԵՐ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին կայացած Թրամփ-Քլինթոն առաջին բանավեճը ԱՄՆ-ում հիրավի պատմական ստացվեց: Բավական է արձանագրել, որ այն դիտել են ռեկորդային թվով ամերիկացիներ` ավելի քան 84 միլիոն մարդ: Բանավեճի որակն ու հատկապես պետության առաջ ծառացած հարցերին համապատասխան լուծումներ առաջարկելու թեկնածուների դժկամությունը, սակայն, լիովին սպասելի էր: Նույն կերպ նաեւ բնական էր, որ բանավեճի ավարտից րոպեներ անց պիտի բոլորին տանջեր հետեւյալ հարցը` ո՞վ հաղթեց առաջին բանավեճում:

Հիշեցնենք, որ նախագահական առաջին դեբատին ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը լրջորեն էր նախապատրաստվել, ինչը նույնիսկ արժանացավ Թրամփի ծաղրանքին: Մինչդեռ Հանրապետական կուսակցության թեկնածուն որեւէ նախապատրաստություն չէր էլ տեսել` ողջ շաբաթվա ընթացքում շարունակելով իր հանդիպումները ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում: Բանավեճի ողջ ընթացքում ակնհայտ էր Քլինթոնի պատրաստվածությունը` թե՛ հարցերին պատասխանելիս, թե՛ Թրամփի արտահայտություններին ռեպլիկի կարգով արձագանքելիս: Միով բանիվ, Քլինթոնը հաջողությամբ կատարել էր իր տնային աշխատանքը, ինչը շատերին թույլ տվեց պնդելու, թե հենց նա է եղել բանավեճի իրական հաղթողը: Միաժամանակ չի կարելի ժխտել, որ այսպիսի պահվածքով Թրամփը մասնակցել է նախորդ բոլոր մյուս բանավեճերին եւ թեեւ քաղաքական վերլուծաբանները պատրաստվածության առումով գովաբանում էին նրա մրցակիցներին, սակայն գործարարի տոկոսներն էին աճում շեշտակի արագությամբ: Ուստի միանշանակ պնդել, թե Քլինթոնը հաղթել է` հիմնված նրա պատրաստվածության վրա, ճիշտ չէ, որովհետեւ նույն տրամաբանությամբ Թրամփն էլ հաղթել է իր ագրեսիվության, իր հախուռ բնության շնորհիվ:
Հատկանշական են բանավեճից անմիջապես հետո տարածված սոցհարցումները, որոնցից հատկապես հիշարժան են «Ռոյթերսի» տվյալները: Վերջինիս համաձայն` ամերիկացիների մեծ մասը հակված է այն կարծիքին, որ բանավեճի հաղթողը եղել է Քլինթոնը: Դրա հետ մեկտեղ` Քլինթոնի կեցվածքն առանձնապես չի առաջացրել ընտրողների հետաքրքրությունը, ինչով պայմանավորված` ամերիկացիները կարող էին ընտրություններում նախընտրել նախկին առաջին տիկնոջը: Համացանցային հարցումներից մեկով, որին մասնակցել էր 2000 ամերիկացի, 56 տոկոսը Քլինթոնին էր վերագրել հաղթանակի դափնին` ի հեճուկս Թրամփի օգտին հանդես եկած 26 տոկոսի: Հետաքրքիր է, որ նոյեմբերի 8-ի քվեարկությանը մասնակցել պատրաստվող չափահաս ամերիկացիների 34 տոկոսն է հավաստել, որ Քլինթոնի հանդեպ իր կարծիքը փոխվել է դեպի դրականը, իսկ Թրամփի մասին նույնպիսի տեսակետ է արտահայտել միայն 19 տոկոսը: Խիստ կարեւոր է, որ Քլինթոնին բանավեճի հաղթող հռչակողների ճնշող մեծամասնությունը դեմոկրատական կուսակցության համակիրներն են եղել` ավելի քան 85 տոկոս:
Ամերիկյան հայտնի վերլուծաբաններից Չարլզ Քրոութամերը, որ նոր պահպանողականության տեսության համակիրներից է եւ Հանրապետական կուսակցության ավանդական պաշտպանը, Թրամփի հաղթանակը հռչակող հարցումները որակում է հակագիտական` հաշվի առնելով Թրամփի կողմնակիցների եռանդն ու էնտուզիազմը` իրենց առաջնորդին գովաբանելու ու անպարտելի հռչակելու առումով: Այդուհանդերձ անժխտելի է, որ այդպիսիք հրապարակվել են Time Magazine, WCBS եւ այլ պարբերականների կողմից, որոնք անհնար է առնչակցել Թրամփին սատարողների շրջանակին: Ըստ վերլուծաբանի` Թրամփի մեսիջը հասարակությանը շատ պարզ էր ու հստակ` Քլինթոնը ներկայացնում է վերջին 30 տարվա քաղաքական համակարգը, եւ եթե ընտրողները բավարարված են դրանով, ազատ են Քլինթոնի հետեւից գնալու: Իսկ վերջինս էլ ցույց տվեց, որ ինքը պատրաստված է թե՛ բանավեճին, թե՛ նախագահ աշխատելուն` ի հակադրություն անփորձ Թրամփի: Ի դեպ, Թրամփի` հարկային հաշվետվություն չհրապարակելն ու հպարտ կեցվածքը հարկային պարտավորություններից խուսափելու հարցում առաջացրել էր վերլուծաբանների մտահոգությունը: Ուշադրության է արժանացել նաեւ Քլինթոնի մոտեցումը, որով պաշտպանության տակ էին առնվում նախագահ Օբամայի կառավարության գրեթե բոլոր քայլերը: Ի դեպ, այստեղ կարծես անքակտելի համերաշխություն է տիրում 2008թ. մրցակիցներ Քլինթոնի ու Օբամայի միջեւ: Վերջինս ամեն քայլափոխի հայտարարում է Քլինթոնին աջակցելու մասին` շեշտելով, որ քվեարկությանը չմասնակցելը կամ էլ շանս չունեցող մյուս թեկնածուներին ընտրելն անուղղակի աջակցություն է` ուղղված Թրամփին, ում Օբաման համարում է լիովին անպատրաստ նախագահ աշխատելու համար: Հետաքրքիր է, որ նույնիսկ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման է անընդհատ հայտնվում Քլինթոնի գովազդներում:
2003թ. ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրյակին կայացած Քոչարյան-Դեմիրճյան եզակի բանավեճից հետո էլ հայ հասարակությունը ակտիվորեն քննարկում էր, թե ո՞վ է հաղթել: Այդ հարցի պատասխանը ստանալուն խանգարեց թե՛ բանավեճից անմիջապես հետո լռության օրը, թե՛ սոցիոլոգիական հարցումների արդյունքների հանդեպ համատարած անվաստահությունը: Հայաստանի քաղաքացիներին մնում էր միայն մասնավոր խոսակցություններում պարզել, թե որ թեկնածուն էր ավելի հաջող հանդես եկել: Պարզ էր միայն մեկ բան, որ Դեմիրճյանը բանավեճին մոտեցել էր բոլորովին անպատրաստ` ե՛ւ քննարկվող թեմաների, ե՛ւ հեռուստաընկերությունում տիրող մթնոլորտի համատեքստում: Մինչդեռ Քոչարյանը, հաստատապես հիմնավոր պատրաստություն չանցնելով, հանդես էր գալիս կառավարման ոլորտի` տարիներով կոփված փորձառությամբ: Միտումները փաստում են, որ փորձ ունեցող նախագահի թեկնածուներն, առհասարակ, ավելի քիչ ժամանակ են վատնում բանավեճերին պատրաստվելու վրա` ի տարբերություն մարտահրավեր նետողների: Կարելի է եզրակացնել, որ երկու դեպքում էլ հաղթողներ եւ պարտվողներ չեղան, քանզի 2003-ի հայկական եւ 2016-ի ամերիկյան ընտրությունները երկու տարբեր տեսլականների բախումներ չէին, այլ համակարգի հիվանդության ցցուն դրսեւորումներ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԱՐՏԱԳԱՂԹԻ ԴԱՌԸ ՀԵՏԵՎԱՆՔԸ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա 8 ամիսներին Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի արտադրության ծավալները նվազել են:

Մասնագետները հացի արտադրության ծավալների նվազման այս միտումը պայմանավորում են արտագաղթի աճով: Այսինքն՝ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են սպառման, դրա հետեւանքով՝ արտադրության ծավալները: Մյուս կողմից էլ մարդկանց սոցիալական վիճակն է վատթարացել, եւ նրանց գնողունակությունը զգալի ընկել է, ինչի արդյունքում էլ նվազել են հացի իրացման, ապա՝ արտադրության ծավալները:
Այսպես՝ հացի արտադրության ծավալները այս տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրկին նվազել են՝ 2.3 տոկոսով: Ըստ այդմ, այս տարվա 8 ամիսների ընթացքում արտադրվել է 186 հազար 900 տոննա, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 191 հազար 300 տոննա հաց: Սրընթաց նվազում են նաեւ ալյուրի արտադրության ծավալները. այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 104 հազար 800 տոննա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 122 հազար 400 տոննա ալյուր: Այսպես՝ վերոնշյալ ժամանակահատվածում, պաշտոնական վիճակագրության համաձայն, ալյուրի արտադրության ծավալները 14.4 տոկոսով նվազել են: Իսկ ալյուրի արտադրության ծավալների անկման պատճառը, մասնագետների համոզմամբ, պատրաստի ալյուրի ներկրումն է:
Նկատենք նաեւ, որ այս տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3.2 տոկոսով ավելացել են մակարոնեղենի արտադրության ծավալները: Այսինքն՝ այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 1 մլն 948 հազար 500 տոննա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 888 հազար 300 տոննա մակարոն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՆԱԽՈՐԴԻ ԹՈՂԱԾ ՀԵՏՔԵՐԸ
Իջեւանի քաղաքապետարանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան մի քանի հայցեր է ներկայացրել, որոնցով վիճարկում է Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պաշտոնավարման շրջանում մի շարք հողատարածքների վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման, հողամասի օտարման օրինականությունը: Հայցերից երկուսը անմիջականորեն վերաբերում են նախկին քաղաքապետի հարազատներին: Քաղաքապետարանը հանդես է եկել իր եւ Նարեկ Վարուժանի Ներսիսյանի միջեւ 2011թ. դեկտեմբերի 22-ին կնքված, կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, այդ պայմանագրից ծագած, Նարեկ Ներսիսյանի անվամբ 2013թ. ապրիլի 23-ին իրականացված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարված իրավունքի պետական գրանցումը ուժը կորցրած ճանաչելու եւ կառուցապատման իրավունքը հարկադիր կարգով դադարեցնելու պահանջով: Ն. Ներսիսյանը Վարուժան Ներսիսյանի որդին է: Մեկ այլ հայցով քաղաքապետարանը հանդես է եկել քաղաքապետարանի եւ Մարտին Վրեժի Ներսիսյանի միջեւ 2011թ. դեկտեմբերի 22-ին կնքված, կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, այդ պայմանագրից ծագած, Նարեկ Նեսիսյանի անվամբ 2013թ. ապրիլի 15-ին իրականացված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարված իրավունքի պետական գրանցումը ուժը կորցրած ճանաչելու եւ կառուցապատման իրավունքը հարկադիր կարգով դադարեցնելու պահանջով: Մ. Ներսիսյանը նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբոր՝ Վրեժի որդին է: Այլ հայցով քաղաքապետարանը հանդես է եկել քաղաքապետարանի եւ Մերուժան Ռաֆիկի Խեչյանի միջեւ 2006թ. հունվարի 17-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, այդ պայմանագրից ծագած Մերուժան Խեչյանի անվամբ 2006թ. հունվարի 19-ին իրականացված գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական մատյանում կատարված իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու եւ կառուցապատման իրավունքը հարկադիր կարգով դադարեցնելու պահանջով: Մեկ այլ հայցով քաղաքապետարանը դիմել է իր եւ Գայանե Սարիբեկի Ղազարյանի միջեւ 2006թ. մարտի 24-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, այդ պայմանագրից ծագած Գայանե Ղազարյանի անվամբ 2006թ. ապրիլի 4-ին իրականացված գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական մատյանում կատարված իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու եւ կառուցապատման իրավունքը հարկադիր կարգով դադարեցնելու պահանջով: Վերոհիշյալ հայցերով դատաքննությունը կմեկնարկի հոկտեմբերի 4-ին: Իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 3-ին, նույն դատարանում կսկսվի այլ դատ՝ դարձյալ Իջեւանի քաղաքապետարանի ներկայացրած հայցի հիման վրա: Քաղաքապետարանը դիմել է իր եւ Նաիրա Գեւորգյանի միջեւ 2006թ. մարտի 3-ին կնքված անշարժ գույքի օտարման պայմանագիրը եւ այդ պայմանագրից ծագած, 2006թ. ապրիլի 6-ին իրականացված իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու եւ դրանց իրավական հետեւանքները վերացնելու պահանջով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս