ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, կարևորելով տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից և գերակա ուղղություններից մեկը, այսօր կնքել են փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և միության նախագահ Արմեն Բալդրյանը:
Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նախարարության գործընկերներին՝ համատեղ գործունեության համար: “Այս հուշագիրն ամրագրում է այն մեծ աշխատանքը, որ տարիներ շարունակ համատեղ իրականացրել ենք: Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր նվիրված են Հայաստանում կրթական և գիտական մտքի զարգացման գործին և սերտորեն համագործակցում են կրթական բոլոր հաստատությունների հետ: Առանձնակի կարևորություն ունի համագործակցությունը տեխնոլոգիական կրթության մշակույթի արմատավորման և կրթական ձևաչափերի ներդրման ուղղություններով: Սա երևի այն եզակի ոլորտներից է, որտեղ կարողացել ենք մասնագիտությունները հստակեցնել՝ դրանք համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին: Իհարկե, առաջիկայում կմշակվի համալիր ծրագիր՝ բնական գիտությունների և ինֆորմատիկայի ուղությամբ, հատկապես հանրակրթության մեջ: Հույս ունենք, որ այս համագործակցությունը, որն ուղղված է երկրում հենքային ամուր կրթական բազայի ձևավորմանը, կշարունակվի”,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ Հայաստանում հասունացել է գիտակրթական և արտադրական կլաստերներ ձևավորելու պահանջը: “Այսօր մենք պարտավոր ենք ցանցային համալսարանների հնարավորությունն օգտագործելով՝ ձևավորել առնվազն երկու խոշոր կլաստեր՝ մեկը ինժեներատեխնիկական, մյուսը՝ բնագիտական: Այս համատեքստում հնարավոր է համագործակցությունը հարևան Վրաստանի հետ, որովհետև մեր երկու երկրներն էլ նույն կրթական գործընթացի մեջ են և ունեն նույն խնդիրները՝ սկսած մասնագիտությունների նկարագրումից մինչև գիտության արմատական բարեփոխումներ: Հատկապես գիտության մեջ կարևոր է տարածքի մեծացման ձևաչափը. հետևաբար, եթե մեր երկու երկրներն էլ հանդիսանում են “Հորիզոն 2020”-ի անդամ, ապա ունեն շատ լավ հնարավորություն՝ միասին այդ մեծ դուռը բացելու: “Հորիզոն 2020″-ի պայմաններն այնքան բարձր են, որ եթե ցանկանում ենք լավ արդյունք արձանագրել, ապա մեկ երկրի ներուժով այն հնարավոր չէ իրականացնել: Դրա համար անհրաժեշտ է լուրջ նախապատրաստվել և համատեղ ծրագրեր իրականացնել՝ այս ուղղությամբ ճեղքում անելու և մեր շուրջը գործընկերներին կենտրոնացնելու համար”-,-նշել է նախարարը:
Իր հերթին Ա. Բալդրյանը նշել է, որ միությունը կարևորում է կրթական բարեփոխումների իրականացումը, հատկապես, տեխնոլոգիական կրթության զարգացման տեսակետից: “Հայաստանը, լինելով և կերտելով գիտելիքահենք տնտեսություն, չի կարող շրջանցել կրթական բարեփոխումների ծրագրերը: Մենք կողմ ենք ֆունդամենտալ, բարձրակարգ կրթությանը, և մեր բոլոր քայլերը ուղղած են լինելու դրան: Վստահ եմ, որ այդ քայլերը ժամանակի ընթացքում կբերեն շատ մեծ փոփոխությունների նաև տեխնոլոգիական կրթության ոլորտում, քանի որ գործատուների համար ամենակարևորը գիտակ, պրոֆեսիոնալ կադրերն են”,-նշել է բանախոսը:
Նշենք, որ համաձայն հուշագրի` կողմերը փոխադարձ համաձայնության են եկել ձեռնարկել միջոցներ՝ ուղղված ՀՀ ուսումնական հաստատություններում ՏՀՏ ոլորտի կրթության որակի բարելավմանը՝ միջազգային չափանիշներին և տեխնոլոգիական առաջընթացին համահունչ, ուսումնական հաստատություն-գործատու համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև ՀՀ մրցունակության բարձրացմանը` որակյալ կրթության միջոցով։ Կողմերը պարտավորվել են աջակցել միմյանց համատեղ ծրագրերի իրականացման հարցում, նպաստել ՏՀՏ ոլորտում ուսումնական հաստատություն-գործատու կապի և համագործակցության ամրապնդմանը: Ըստ հուշագրի` ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իր իրավասությունների շրջանակում և հնարավորությունների սահմաններում կաջակցի ՏՀՏ-կրթություն ամենամյա միջազգային կոնֆերանսի կազմակերպմանն ու անցկացմանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնություններին և ծրագրերին:
ՏՀՏ գործատուների միությունն իր փորձագիտական ներուժով կմասնակցի ՀՀ հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում ՏՀՏ մասնագիտություններով կրթական ծրագրերի մշակմանն ու բարելավմանը, ՀՀ հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցիչների և դասախոսների վերապատրաստմանը և այլն: