Օրերս Ազգային ժողովում ԿԸՀ-ի անդամների թեկնածության հարցի քննարկման ժամանակ ԿԸՀ անդամի թեկնածու Սեյրան Շահսուվարյանն նշել էր, որ ԿԸՀ-ում իր խնդիրն է պատրաստել որակյալ լրագրողներ: «Եթե ընտրվեմ, պարտավորվում եմ գոնե մինչև ապրիլ 100 պրոֆեսիոնալ կադրեր պատրաստել: Բոլորդ եք տեղյակ, որ մեր լրատվամիջոցները պատրաստ չեն»,-ասել էր նա:
Նշենք, որ վերջինիս խոսքին միացել էր նաև ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ: Վերջինս նշեց` եթե ընդհանուր դատողություն է, ապա համաձայն է Շահսուվարյանի հետ, որովհետև կան լրագրողներ ովքեր սկսնակ են կամ էլ պատվերով են աշխատում:
«Սակայն շատ տեղին է աչքի գերանի մասին խոսելը այս դեպքում: Լավ կլինի, որ ԿԸՀ հանձնաժողովի անդամները պատրաստվեն և կարողանան իրենց գործը նամուսով անել, քան թե այնպես անեն ինչպես հիմա են անում»,-ասաց նա:
Լևոն Բարսեղյանի խոսքով՝ լավ կլինի պատգամավորները տեսնեն իրենց միջի անգրագետ պատգամավորներին:
«Նախ՝ իրենց տանեն դպրոց` առաջին, երկրորդ, հետո երրորդ դասարան, հետո ԲՈՒՀ, ապա օրենքներ ընդունելուց առաջ օրենքները կարդալ սովորեն՝ նոր սկսեն լրագրողներին դասեր տալ»,- հավելեց Լ.Բարսեղյանը:
Նրա դիտարկմամբ՝ անշուշտ լրագրողական խարույկի մեջ կան մարդիկ, ովքեր վատ են պատրաստված, բայց լրագրողները տարբերվում են իշխանություն ունեցողներից մի հանգամանքով՝ իրենք իշխանավարելու պարտականություն չունեն: Իսկ պատգամավորի անգրագիտությունը անասելի մեծ աղետներ է բերում երկրին:
«Այս իմաստով շատ ավելի արդարացի կլիներ, որ իրենք իրենց գործընկերներին կարգի հրավիրեն, հետո նոր նայեն , թե բնության մեջ ինչ արատավոր երևույթնոր կան»,-եզրափակեց Բարսեղյանը:
Լիդա Եղիազարյան