Ինչպես հայտնել ենք` այսօր ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող, 1989թ. ծնված Սանասար Մավրիկի Գրիգորյանը:
Նշենք, որ 27-ամյա Սանասար Գրիգրոյանը Մարտակերտի շրջանի Հեր-Հեր գյուղից էր:
Դեպքի առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Հեր-Հեր գյուղի համայնքապետ Արման Ալեքսանյանի հետ:
Վերջինիս խոսքով՝ Սանասարը բազմազավակ ընտանիքի չորրորդ զավակն էր: Նոր էր ընտանիք կազմել, ուներ 6 ամսեկան աղջիկ:
«Շատ լավ երիտասարդ էր, կյանքով լի: Աշխատում էր, ընտանիքը նորմալ պահում էր: Իմ ծառայակից ընկերն է եղել»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով ՝ իրենց դեռևս ոչինչ հայտնի չէ, միայն գիտեն, որ գնդակը սրտին է դիպչել:
Հիշեցնենք, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Լիդա Եղիազարյան