«Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության» հիմնադրման 60 ամյակին նվիրված գիտաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հանդիսավորությամբ նշվեց Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության հիմնադրման 60 ամյակը:

Մասնակիցները ծաղիկներ դրեցին Օղակաձև զբոսայգու Բարերարների ճեմուղում Գալուստ Կիւլպէնկեանի հուշարձանին:

Այնուհետև՝ ՀՀ սփյուռքի նախարարության մեծ դահլիճում մեկնարկեց Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության հիմնադրման 60 ամյակին նվիրված գիտաժողովը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը, գիտնականներ, մտավորականներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ նա մասնավորապես նշեց. «Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության հիմնադրման 60-ամյակի առթիվ մենք որոշեցինք մեկ անգամ ևս անդրադառնալ և արժևորել մեծ հայի կյանքն ու գործը: 1869 թվականը խորհրդանշական էր հայ ժողովրդի համար: Ծնվեցին հայոց մեծերը` Ամենայն հայոց բանաստեղծը` Հովհաննես Թումանյանը, մեծագույն դրամատուրգը` Լևոն Շանթը, երգիծանքի վարպետը` Երվանդ Օտյանը, հայ երգի մաշտոցը` Կոմիտասը, հայ վրիժառուն` Սողոմոն Թեհլերյանը և վերջապես համաշխարհային խոշոր նավթարդյունաբերողը, մեծ բարերարը` Գալուստ Կյուլպենկյանը:

«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն անշուշտ իրականացնում է քաղաքական ու աշխարհագրական սահմաններ չճանաչող, բարեգործության խորհրդանիշ հանդիսացող Գալուստ Գյուլբենկյանի իղձերն ու նպատակները` բարձր մշակույթի ստեղծումն ու տարածումը, սփյուռքահայությանն ու Հայաստանին հուզող բազմաթիվ կենսական հարցերի ու խնդիրների լուծմանն օժանդակումը:
Հպարտության զգացում եմ ապրում, որ հայ ժողովրդի զավակի կտակով է Լիսաբոնում հիմնադրվել իր իսկ անունը կրող «Գալուստ Կիւլպէնկեան» բարեգործական ու գիտամշակութային հաստատությունը, որն այսօր վերածվել է համայն մարդկության առաջընթացին սատարող հզոր կառույցի` իր կարևորությամբ չզիջելով համաշխարհային խոշորագույն նմանատիպ կազմակերպություններին:
Համաշխարհային համբավի տիրացած մեծահարուստը երբեք չմոռացավ իր արմատները: Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի և Հորդանանի հայկական գաղութներում իր առատաձեռն նվիրատվություններով կառուցվեցին, վերանորոգվեցին, կահավորվեցին դպրոցներ ու առողջապահական կենտրոններ: Նրա միջոցներով առ այսօր սփյուռքահայ հազարավոր պատանիներ ու երիտասարդներ ստացել և ստանում են միջնակարգ և բարձրագույն կրթություն: Կառույցը, հավատարիմ իր հիմնադրի նպատակներին, հետևողական է դպրոցաշինական ծրագրերի իրականացմանը: Հայկական համայնքների բաժանմունքի կրթաթոշակներից օգտվել և օգտվում են առաջադիմությամբ աչքի ընկնող, սոցիալապես անապահով հայ աշակերտներն ու ուսանողները: «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության Հայկական համայնքների բաժանմունքի աջակցությամբ հրատարակվել է 750-ից ավելի հայագիտական աշխատանքներ, որոնցից 250-ը՝ Հայաստանում:

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել հիմնարկությանը՝ Սիրիայում՝ հատկապես վերջին տարիներին, կրթական ոլորտում իրականացրած ծրագրերի համար: Նշեմ, որ Սիրիայում 20 հայկական դպրոց է գործում, որտեղ 2861 երեխա է կրթվում: Նրանք օգնության կարիք ունեն: Հիմնարկությունը հոգում է նաև 500-ից ավելի ուսանողների կրթավճարների ծախսերը:
Վստահ եմ, որ դեռ շատերն են անդրադառնալու մեծ հայի, զարմանալի մարդասերի, խոշոր տնտեսական գործչի, անգերազանցելի մտավոր, հոգևոր ու նյութական հարուստ կարողությունների տեր մարդու կյանքի ու գործունեության չբացահայտված դրվագներին, որոնք նորովի կներկայացնեն Գալուստ Գյուլբենկյան բացառիկ երևույթի ու նրա միջոցներով գործող կառույցի կարևորագույն առաքելությունը»:

«Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության» հոբելյանի առթիվ շնորհավորանքի խոսքեր ասացին ու հաստատության ազգանվեր գործունեությունը մեծապես արժևորեցին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան» հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների ու գնահատանքի համար: Խոսելով հիմնարկության գործունեության մասին՝ նա շեշտեց,որ մեծ բարերարն առաջնորդվում էր երեք սկզբունքով, որոնցով ուղղորդվում է հիմնարկությունը մինչև օրս՝ լուռ ու մունջ աշխատել, գործը լավ անել և իմանալ նպատակը: «Բարեգործությունը լուռ պետք է ըլլա, երբ գործ մը ընեք, լավ ըրեք այդ գործը, իմացեք՝ ուր պետք է հասնինք», – սովորեցնում էր մեծ հայը:
Ամփոփելով հիմնարկության 60 տարվա գործունեության արդյունքները, Ռազմիկ Փանոսյանը նշեց, որ իրենց աշխատանքում հատկանշականը մարդուժ պատրաստելն է, երիտասարդ սերնդին կրթելը:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Ղարախանյանը ներկայացրեց «Գալուստ Կիւլպէնկեանի բարեգործական գործունեությունը»:
«Գալուստ Կիւլպէնկեան. «միայն ամենալավը»» թեմայով զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Էդուարդ Մելքոնյանը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն անդրադարձավ «Գալուստ Կիւլպէնկեանի հասարակական-քաղաքական գործունեությանը»:
Հնչեցին հարցեր և առաջարկություններ:

Ամփոփելով գիտաժողովի արդյունքները՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց Գալուստ Գյուլպենկյանի ծննդյան 150 ամյակին ընդառաջ՝ նրա արխիվների ուսումնասիրումն ու դասակարգումը, մեծ բարերարի ժառանգության գնահատումը:

 




Լրահոս