«Կարեն Կարապետյանը ռեալ փոփոխությունների կողմնակից է, ինչը «մաֆիայի» սրտով չէ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը լրանում է ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման  մեկ ամիսը: Նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանն անցավ կադրային ջարդի, եղան ինչպես նոր նշանակումներ, այնպես էլ մի շարք պաշտոնանկություններ:

ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշեց, որ ռեալ փոփոխությունների փորձ այս մեկ ամսվա մեջ փաստացի արձանագրվել է, սակայն մնում է, որ տեմպը չթուլանա և աշխատանքները շարունակվեն. «Պետք է նկատի ունենալ, որ նորանշանակ վարչապետը ռեալ աշխատելու շատ լուրջ քայլեր է կատարում, որը առաջացնում է Հայաստանի տականքի, մաֆիայի դժգոհությունը, և նրանք էլ ակնհայտորեն սկսելու են նրա դեմ հանդես գալ: Եվ անընդհատ ասել, որ օտարի միջամտությամբ է կատարվել նրա նշանակումը` չի կարելի, քանի որ հայտարարողներից և ոչ մեկը փաստացի որևէ հիմնավորում չունի»:

Քաղաքագետը դրական է համարում պաշտոնանկությունները, սակայն,  նշում է, որ պետք է զուգահեռ լինեն նաև օրենքի սահմաններում պատժվողներ. «Ես գտնում եմ, որ վարչապետը բացի աշխատանքից ազատելուց պետք է նաև հետևողական լինի, որպեսզի այդ մարդիկ նաև քրեական պատասխանատվության ենթարկվեն և տնտեսական կարողությունները վերադարձվեն ժողովրդին:

«Նոր նշանակումները նորմալ են, ազատումներն առավել քան նորմալ են, բայց պատիժներ ևս պետք է կիրառվեն՝ ինչ է նշանակում ազատեցին պետք է ասեն գնա քո համար, բա ո՞վ պետք է պատասխան տա նրանց արարքների համար»,-հավելեց Շիրինյանը:

Քաղաքագետին բոլոր փոփոխությունները դուր են եկել, սակայն մի բան կա, որը նրա սրտով չէ. «Ես կարծում էի, որ Ներդրումների նախարարության փոխարեն կլիներ Արդյունաբերության վերականգնման և ներդրումների նախարարություն. առանց արդյունաբերության մենք ոչնչացված են: Ես կարծում եմ, որ պետք չէ գնալ և աշխարհով մեկ խնդրել, որպեսզի մեր երկրում ներդրումներ կատարվեն, այլ պետք է Հայաստանի ունեցվածքը թալանողներին և դուրս տանողներին ստիպել, որպեսզի այդ գումարները հետ վերադարձնեն:

Պետք է հայտարարվի, որ կարող է լինել տնտեսական համաներում և գումարներ վերադարձողներին քրեական պատասխանատվություն չի սպառնում:

Գիտության և արդյունաբերության աջակցության հիմնադրամ պետք բացվի և հայությունից գողացված փողերը բոլոր ոռնացողները պետք է ետ բերեն»:

Հ.Գ . Վարչապետի նշանակումից մեկ ամիս անց գլոբալ փոփոխություններ սպասելն, իհարկե, անմտություն կլիներ, սակայն այն, որ որոշակի քայլեր այդ ուղղությամբ կատարվում են` հերքել չենք կարող:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս