«Տեսնենք կօգնեն, թե` ոչ». ի՞նչ ակնկալիքներ ունի կրկեսի գեղարվեստական ղեկավարը մշակույթի նախարարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն հայտնել է, որ հայկական կրկեսի կոլեկտիվն այս տարի տոնելու է 60¬ամյակը: Այդ առիթով Երեւան է հրավիրվել ռուսական մեծ կրկեսը: Թեմայի շուրջ զրուցել ենք «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, նախորդ տարի Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը պետականորեն չնշվեց, գոնե այս տարի հայկական կրկեսի կոլեկտիվի 60¬ամյակը նշելու հարցում պետությունն ինչ-որ կերպ աջակցո՞ւմ է:

-Ո՛չ, պետությունը ոչ մի կերպ չի արձագանքել այս հոբելյանին: Ես արդեն հույսս կտրել եմ, եթե ուզենան օգնել, խնդրեմ: Մեկ էլ կտեսնես` մի ինքնագործ խմբի 10-ամյակն են տոնում… Բայց այս կոլեկտիվի 60-ամյակը կարելի է, չէ՞, նշել: Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ես նախաձեռնությունը վերցրի ինձ վրա:

-Գուցե մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի՞ն դիմեք:

-Ես նրա մոտ դեռ չեմ եղել, դեռ ժամանակ կա: 5-6 օրից Հայաստան է ժամանելու ռուսական կրկեսի ներկայացուցիչը, միասին ժամանելու ենք նախարարություն` ընդունելության: Ես այդ հարցով կդիմեմ նախարարին, գուցե համատեղ իրականացնենք ծրագիրը: Տեսնենք` կօգնեն, թե ոչ: Լավ կլինի, որ պետությունն էլ ֆինանսապես օժանդակի մեզ: Առհասարակ, հարկավոր է կրկեսային արվեստին մի քիչ ուշադրություն դարձնել, այսպես չի լինի: Ես պարոն նախարարին կխնդրեի, որ համատեղ մի շարք միջոցառումներ իրականացնենք:

-Մի փոքր պատմեք, թե կոլեկտիվի 60-ամյակին նվիրված միջոցառումներն ինչպես են անցնելու: Արդյո՞ք ժողովուրդը մասնակից կդառնա այդ ամենին:

-Ռուսական կրկեսի կազմում ընդգրկված կլինեն 30 ռուս դերասաններ: Բացի այդ` կհրավիրենք նաեւ կրկեսի հայ դերասանների, օրինակ` Գերմանիայում բնակվող դերասան Գագիկ Ավետիսյանին (Կլոուն Չառլի): Քանի որ դեռ ավարտված չեն Երեւանի պետական կրկեսի շենքի շինարարական աշխատանքները, շքերթը կանցկացվի Կոմիտասի այգում` նախկին Դելֆինարիումի տարածքում:

Հյուրախաղերը կսկսենք նոյեմբերի 20-ից: Դրանք կտեւեն մինչեւ հունվարի 13-ը: Ես արդեն գրել եմ հետաքրքիր ամանորյա սցենար: Ծրագրում ենք այդ ընթացքում լինել մարզերում, ցանկություն կա այցելել նաեւ Արցախ: Ուրախալին այն է, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտին կից բացված կրկեսի, էստրադայի, մասսայական տեսարանների ռեժիսուրայի կուրսի անդամները առաջին անգամ վարպետաց դասեր կանցնեն հենց կոլեկտիվի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Վարպետաց դասերին կմասնակցեն նաեւ Լ. Ենգիբարյանի անվան ստուդիա-դպրոցի սաները: Ինչ վերաբերում է ժողովրդի մասնակցությանը միջոցառումներին, ապա նշեմ, որ կրկեսը կանցնի քաղաքով, պարային խմբերի շքերթ կլինի, փոքրիկ երեխաները կվերածվեն ծաղրածուների, այնպես որ, մարդկանց ակտիվացնելուն միտված ծրագրեր շատ կլինեն:

-Իսկ հայկական կրկեսի կոլեկտիվին ե՞րբ կտեսնենք միասնական:

-Այսօր կրկեսի հայ արտիստները սփռված են աշխարհով մեկ, ամեն մեկն աշխատում է մի ծրագրի շրջանակում: Կրկեսային արվեստը հյուրախաղային արվեստ է: Նորմալ է, որ կրկեսային դերասանը 4-5 տարին մեկ է գալիս Հայաստան: Իսկ երբ նոր կրկեսն արդեն հանձնվի շահագործման, պլանավորել եմ հայ դերասաններին հավաքել մի հարկի տակ: Նրանք մի քանի ամիս ելույթ կունենան հայ հանդիսատեսի համար:
Հավելենք, որ հայկական կրկեսի կոլեկտիվը ձեւավորվել է 1956¬ին` Վ. Արզումանյանի ղեկավարությամբ։ Կոլեկտիվը միտված էր հայկական կրկեսի լավագույն ավանդույթները զարգացնելուն, ազգային դիմագիծ ունեցող ներկայացումներ ստեղծելուն։

Աննա Բաբաջանյան




Լրահոս