Եզդիաբնակ Թլիկ գյուղի բնակիչները տևական ժամանակ ջուրը գնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղի բնակիչներն արդեն մի քանի տարի է` խմելու եւ ոռոգման ջրի խնդիր ունեն: Տեւական ժամանակ է, ինչ այս գյուղի 18 ընտանիքները խմելու ջուրը գնում են, իսկ ոռոգման ջրի համար ամսական հսկայական գումարներ են վճարում:

Թալինի տարածաշրջանի Թլիկ գյուղը գտնվում է հայ-թուրքական սահմանամերձ շրջանում: Այն մարզկենտրոնից 72 կմ հեռավորության վրա է: Թլիկի բնակիչները հիմնականում զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Ապրելով Ախուրյանի ձախ ափին՝ թլիկցիները տարիներ շարունակ չեն կարողանում լուծել իրենց ջրի խնդիրը, ինչի արդյունքում եզդիաբնակ գյուղից ընտանիքները հեռանում են: Նշենք, որ Թլիկը ունի ոչ միայն խմելու եւ ոռոգման ջրագծերի խնդիր, այլեւ գյուղամիջյան ճանապարհների, քանի որ դրանք քարուքանդ վիճակում են: Թլիկի բնակիչները կարողանում են ապրել բացառապես իրենց վաճառած կաթից, պանրից եւ մածունից ստացված գումարով: Եկամտի որեւէ այլ աղբյուր նրանք չունեն:

Թլիկի գյուղապետ Սլավիկ Սաղոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ խմելու ջրի խնդիրը սկսվել է դեռեւս 1993-94 թվականներից, երբ Հակո գյուղից դեպի Թլիկ ձգվող ջրագիծը քանդվել է, իսկ խողովակները՝ անհայտ մարդկանց կողմից ապամոնտաժվել: Հիմա բնակիչներն իրենց խմելու ջուրը ստիպված գնում են: Եւ 40 լիտրի դիմաց նրանք վճարում են 350 դրամ: «Ամսվա մեջ 3 անգամ մեծ ցիստեռնով ջուր են բերում ու վաճառում: Մարդիկ էլ իրենց որքան անհրաժեշտ է, գնում են: Մարդ կա՝ 100 լիտր է գնում, մարդ էլ կա՝ 40 լիտր: Դա միայն խմելու ջրի համար է: Իսկ ոռոգման համար այլ աղբյուրից ենք օգտվում եւ ավելի շատ գումար ենք վճարում»,- ներկայացրեց գյուղապետ Սաղոյանը:

Նա նաեւ նշեց, որ ջրի բացակայությունը այլ՝ կենցաղային խնդիրներ է առաջացնում. մարդիկ չգիտեն, թե ինչ ջրով լողանան կամ իրենց հագուստը լվանան: «Գոնե որեւէ մեկը օգնի, ֆինանսավորի՝ խողովակներ տեղադրեն, որպեսզի ջուր ունենանք: Հնարավոր է նաեւ մեկ այլ տարբերակ. ֆինանսավորեն՝ հորատում անելու համար, որովհետեւ արտեզյան ջրի աղբյուր կա գյուղում, ուղղակի գումար չկա, որպեսզի դա փորենք եւ ջուր ունենանք: Մոտ 4 տարի առաջ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց գյուղ եւ նախկին գյուղապետին հանձնարարեց զբաղվել խնդրով՝ հորատում անել՝ արտեզյան ջուրը հանելու համար: Բայց գյուղապետը այդ խնդրի լուծումն ականջի հետեւ գցեց եւ դրա փոխարեն այլ ծրագիր բերեց ու դրանով դպրոցի մի մասը վերանորոգեց»,- «Ժողովուրդ»-ին պատմեց Թլիկի գյուղապետ Սաղոյանը: Նա նաեւ հայտնեց, որ այս թեմայի շուրջ ինքը դեռեւս չի զրուցել մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ:

Ներկայումս ոռոգման ջուր ունենալու համար Թլիկի բնակիչները հավաքվել են եւ միացյալ միջոցներով գյուղի տարածքում ջրի պոմպ տեղադրել: Այս տարբերակով հանված ջուրը, սակայն, թլիկցիները կարողանում են միայն իրենց եղջերավոր անասուններին տալ, իսկ հողատարածքները ոռոգելու համար այն չի բավականացնում, ավելի ճիշտ՝ չափազանց թանկ հաճույք է դառնում: Ամսվա մեջ 7 անգամ են պոմպը աշխատեցնում, ինչի համար յուրաքանչյուր ամսվա վերջին վճարում են 60-70 հազար դրամ գումար: «Ամսվա մեջ 7 անգամ պոմպով հողի տակից ջուր ենք քաշում, որ անասուններին ջրենք: Գյուղացիներով գումար ենք հավաքում, ընդհանուր վճարում ենք այդ 60-70 հազար դրամը: Դեսից-դենից հավաքում ենք ու վճարում: Իսկ մեր տնամերձ հողատարածքները ընդհանրապես չենք կարողանում ոռոգել: Անձրեւի հույսին ենք»,- լրացրեց գյուղապետը:

Ի դեպ, նշենք, որ Թլիկի հարեւան Արտենի, Գետափ գյուղերի բնակիչները նույնպես խմելու ջրի խնդրի առաջ են կանգնած: Արտենիում խմելու ջուրը մարդիկ ստիպված գնում են: Իսկ Գետափի բնակիչները հիմնականում արտեզյան ջրով են իրենց կենցաղային կարիքները հոգում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս