Ես անձամբ միշտ էլ դուխով եմ գործել. Արեգ Ղուկասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել էր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) անդամներին: Վարչապետն անձամբ էր ցանկացել գործարարներից լսել այն խոչընդոտների մասին, որոնք խանգարում են բիզնեսի զարգացմանը. «Մենք ինչ պետք է անենք, որ դուք ձեզ զգաք ապահովագրված եւ համարձակ գործ անեք»,- հարցադրում էր արել Կարապետյանը, ապա լսել գործարարներին:
Անցել է տեւական ժամանակ, եւ «Ժողովուրդ»-ը ԱԺ նախկին պատգամավոր, գոծարար, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եղբորից՝ Արեգ Ղուկասյանից, փորձեց հետաքրքրվել, թե ինչ արդյունք տվեց գործարարների հանդիպումը նորանշանակ վարչապետի հետ:

-Պարո՛ն Ղուկասյան, Դուք եւս ներկա էիք վարչապետի հետ հանդիպմանը: Ի՞նչ առաջարկներ եք արել, եւ ինչ լուծումներ են Ձեզ ներկայացվել:

-Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսելը, հանդիպման արդյունքում Հայաստանի գործարարների միությունը ուղակեց իր առաջարկները՝ նոր ծրագրի հետ կապված, ընդհանրապես նոր վարչապետին, եւ տեսնենք՝ ինչպես այդ նոր առաջարկները կընդգրկվեն ծրագրի կամ ամենօրյա աշխատանքի մեջ:

-Կոնկրետ կարո՞ղ եք նշել Ձեր ներկայացրած առաջարկներից մեկը:

-Դրա մասին խոսելը դեռ վաղ է, դա ընդամենը առաջարկների տեսքով է եղել: Մենք մեր հանդիպման, խոսակցությունների, հարցադրումների հետ կապված ենք ուղարկել մեր առաջարկները, եւ դրանք հրապարակման ենթակա չեն:

-Գոնե կասեք՝ ե՞րբ եք այն ուղարկել, եւ հնարավոր պատասխանը ե՞րբ կլինի, որպեսզի հասկանանք՝ ընդունվել են այդ առաջարկները, թե ոչ:

-Առաջարկները ուղարկվել են կիրառելու համար կառավարության ծրագրում, որը պետք է ներկայացվի Ազգային ժողովին: Դեռ վաղ է առաջարկներից ինչ-որ պատասխան սպասել, դա կերեւա ծրագրի մեջ: Այդ ժամանակ պարզ կդառնա, թե մեր առաջարկները ինչ չափով են ընդունվել, ինչ չափով չեն ընդունվել: Վարչապետը հանդիպման ժամանակ ինքը խնդրեց, որ ուղարկենք մեր առաջարկները ծրագրի հետ կապված, եւ դա մենք արեցինք:

-Եթե Ձեր առաջարկները չընդունվեն, որո՞նք կլինեն Ձեր հետագա քայլերը:

-Գիտեք ինչ, սա մի քիչ, կարծում եմ, Կիկոսի պատմության պես է ստացվում, եթե սենց լինի, ինչ կլինի, կարծում եմ՝ կլինի, եւ մենք էլ մեր քայլերը…: Կարծում եմ՝ նորմալ կլինի, ես մեծ հույսեր եմ կապում այս կառավարության եւ այս վարչապետի հետ:

-2014 թվականի մայիսի 14-ին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւս հանդիպել էր գործարարների հետ, hավասար մրցակցային դաշտ ստեղծելու խոստումներ էր տվել…

– Ոչ մեկ անգամ:

-Բայց արդյունքը, ըստ էության, տեսանելի չեղավ..

-Վարչապետի հետ հանդիպումների բնույթը այսպիսին է. նրանք գործարարներին խորհրդակցության համար են հրավիրում, խորհրդակցում են տարբեր հարցերի շուրջ, իհարկե, ինչ-որ բաներ փոխվում են, ինչ-որ բաների շուրջ համաձայնում են, ինչ-որ բաների հետ չեն համաձայնում: Չի կարելի միանշանակ ասել, որ հանդիպեցինք, վաղը արդյունք եղավ: Իրենք, այսպես ասած, իրենց աշխատանքի մեջ հարցեր են ունենում, որոնց մասին հարկ են համարում խորհրդակցել գործարարների հետ, եւ մենք մեր կարծիքը պարզ, բաց ասում ենք: Թե ինչքանով դա կօգնի, չի օգնի, ժամանակը ցույց կտա, այսօր դժվար է ասել:

-Վարչապետը խոսեց համարձակ, դուխով գործելու մասին, Դուք դուխով չե՞ք գործում:

-Ես անձամբ միշտ էլ դուխով եմ գործել, դա այնպիսի հարց է… եթե ինձ է վերաբերում, միշտ էլ դուխով եմ գործել:

-Մի՞գուցե Ձեր մյուս գործընկերներին նկատի ուներ, որոնք դաշտում դուխով չեն գործում:

-Իհարկե, ուրիշների փոխարեն չեմ կարող ասել:

-Վարչապետը խոսեց նաեւ բարեխիղճ հարկատու լինելու մասին: Դուք հարկերը ժամանակին չեք վճարե՞լ կամ անբարեխղի՞ճ եք գործել:

-Երբեք խնդիր չեմ ունեցել, միշտ էլ հարկերը մաքուր եմ վճարել, դրա մասին խոսում են բազմաթիվ ստուգումները, որոնք մեզ մոտ տեղի են ունեցել: Ընդհանրապես, առանց ստուգումների էլ երբեք հարկ չեմ թաքցրել պետությունից եւ չեմ էլ պատրաստվում նման բան անել:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս