Ուղիղ մեկ ամիս առաջ Հայաստանի քաղաքական թատերաբեմում սկսվեց փոփոխությունների լուրջ գործընթաց: Մեկնարկի կոճակը սեղմեց այդ գործընթացների «կնքահայր» Սերժ Սարգսյանը եւ սկսեց «մատ» անելու սկզբունքով «շախմատի տախտակի» վրայից հեռացնել «հնացած» դեմքերին:
Ինչպես Հանրապետական կուսակցության հայտնի ԳՄ նիստում նշեց Սարգսյանը` չսահմանափակվել այն ներուժով, որն առկա է հանրապետականի շարքերում:
Այսպիսով, վաղը կլրանա Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելու մեկ ամիսը: Չնայած Սերժ Սարգսյանը հրամանագիրը ստորագրեց սեպտեմբերի 13-ին, բայց սեպտեմբերի 8-ին Հանրապետական կուսակցության ԳՄ նիստում արդեն ներկայացրել էր այդ փոփոխությունների առաջամարտիկը հանդիսացող նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին` վստահեցնելով, որ Կարապետյանը կարող է լինել փոփոխությունների սիմվոլ: Իսկ Կարապետյանը իր հերթին խոսել էր առաջիկա գործունեության մասին` նշելով, որ այդ գործունեությունը երկու փուլից է բաղկացած լինելու:
Այդ օրվանից անցել է մեկ ամիս: Ու ինչ առաջնթաց է գրանցել մեր կյանքում «փոփոխությունների սիմվոլ» հանդիսացող նորանշանակ վարչապետը: Փորձենք ամփոփել այս մեկ ամիսն ու հասկանալ՝ արդյո՞ք այս ընթացքում նա իսկապես ընկալվեց որպես սիմվոլ եւ կարող է արդյո՞ք ունենալ այդպիսի հավակնություններ: Այն, որ մեկ ամիսը երկար ժամանակ չէ, համաձայն ենք, բայց դա այն պետությունների պարագայում, որոնք կանգնած չեն լուրջ մարտահրավերների շեմին: Իսկ այն, որ մեր տնտեսության վիճակը լավ չէ, եւ մենք ունենք շատ ու շատ խնդիրներ, դրա մասին հայտարարեց հենց ինքը` Կարեն Կարապետյանը, սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ: Այնուամենայնիվ, գիտակցելով այս ամենը՝ եկավ առանց կախարդական փայտիկի, բայց անկեղծ լինելու պայմանով:
Արդարության համար նշենք, որ Կարեն Կարապետյանը ի սկզբանե զգուշացրել էր` սպասելիքներ, թե մեր տնտեսությունը արագ փոխվելու է, նման սիգնալներ չեն տալու, այլ կասեն, թե ինչ ուղղությամբ են ընթանալու, որ մաքսիմալ բարենպաստ պայմաններ ստեղծվեն: Բայց չէ՞ որ նրան այստեղ բերողը եւ մեծ հույսեր կապողն էլ նրան ներկայացնելիս էր զգուշացրել` դանդաղելու իրավունք չունեն եւ ոչ էլ ժամանակ։
Իսկ հիմա այն մասին, թե ինչպես է կանոնակարգում իր ժամանակը Կարապետյանը:
ՀՀ 14-րդ վարչապետը մինչ օրս անցկացրել է Կառավարության չորս նիստ. առաջինը` սեպտեմբերի 15-ին։ Այդ ընթացքում նա գրեթե բոլոր նախարարներին հարցեր էր ուղղում, հանդես գալիս առաջարկություններով։ Իսկ մշակույթի արդեն նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի զեկույցի ժամանակ Կարապետյանն անգամ առաջարկեց նախարարներին զեկույցները մաքսիմալ լակոնիկ ձեւակերպել:
Վարչապետը հանդես եկավ նաեւ մի ոգեւորիչ հանձնարարականով` ՀԾԿՀ-ին ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը հանձնարարեց դիտարկել գազի եւ հոսանքի սակագնի նվազեցման հարցը եւ առաջարկ ներկայացնել: Իսկ արդեն հաջորդող մյուս երեք նիստերին սովորականի պես հնչում էին հանձնարարականներ, ու այդքանով ավարտվում դրայվասեր վարչապետի գործողությունները: Նրա նշանակումից հետո լայնորեն տարածվեց, որ լիակատար ազատություն ունի Կարեն Կարապետյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը երեկ, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ այդ ամենն ուղղակի մարդու աչքին թոզ փչելու միջոց է: Բոլոր կադրային փոփոխությունները որոշվում են նախագահականում: Չնայած դրան, մինչ օրս Կարեն Կարապետյանը տարված է միայն կադրային փոփոխություններով, ոչ մի հստակ եւ լուրջ գործողություններ, համենայն դեպս, տեսանելի չեն վատթար վիճակում գտնվող տնտեսությունը բարեկարգելու համար:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը վարչապետի պատկերացմամբ պետք է հանդիսանա այն օղակը, որը գործարարի ձեռքից բռնած տանում է, որպեսզի վերջինս որեւէ խնդրի չբախվի: Բայց այդ գերատեսչությունը ոչ միայն չի ձեռնարկում այդպիսի քայլեր, այլեւ թույլ է տալիս, որ «Հարկային օրենսգիրք»-ը բացասական ազդեցություն ունենա շահումով խաղերի սեփականատերերի համար` այդպիսով մենաշնորհ մտցնելով նաեւ այդ ասպարեզում: Ինչպես հայտնի է՝ շահումով խաղերի պետական տուրքը 5 անգամ բարձրացվելու է` ներկայիս 100 միլիոն դրամի փոխարեն սահմանվելով 500 միլիոն դրամ:
Ինչպես Կարապետյանն էր հավաստիացնում՝ իր համար կադրային փոփոխության հիմքում պրոֆեսիոնալիզմն է: Հատկանշական է, որ այդ պրոֆեսիոնալ կադրերով կազմված Կառավարության անդամներից գյուղատնտեսության «պրոֆեսիոնալ» նախարար Իգնատի Առաքելյանն արդեն իսկ գյուղացիների հետ ունեցած հանդիպման ընթացքում դրսեւորել է գյուղացու խնդիրներն անտեսելու տարակուսելի մոտեցում: Մասնավորապես՝ սեպտեմբերի 28-ին՝ աղավնաձորցիների հետ հանդիպման ժամանակ, ցուցաբերելով գործարարի մտածելակերպ եւ խոսելով մթերող ընկերության շահերից` նախարարը հայտարարել էր, որ գյուղացին պետք է համաձայնի գործարանի ներկայացրած գնի հետ, եւ որ ինքը չի պատրաստվում խնդրել, որպեսզի գործարանը մթերի իրենց ապրանքը: Եթե այսպիսին է Կարեն Կարապետյանի բերած պրոֆեսիոնալ կադրերի աստղաբույլը, ապա մեր ծանր վիճակում գտնվող տնտեսությունը ոչ թե կբուժվի եւ նորից ապրելու հույսեր կներշնչի, այլեւ իսպառ ու անհույս կմարի:
Ինչեւէ, աշնան այս մեկ ամիսը դեռեւս հագեցած է կադրային փոփոխություններով: Իրենց տեղը զիջում են ոչ միայն նախարարները, այլեւ վարչության պետերը, շարքային աշխատակիցները, փոխնախարարները, գալիս են նրանք, որոնց «վստահում է Կարապետյանը»: Ու թե ուր է տանելու այս ամենը, եւ ինչպիսի հանգուցալուծում է ունենալու սկսված գործընթացը, անկանխատեսելի է: Արդյո՞ք Կարապետյանի երկփուլանի ծրագիրը բարենպաստ պայմաններ կստեղծի մեր տնտեսության համար եւ կարդարացնի հույսերը, առայժմ շատ դժվար է ասել: Մինչդեռ հապաղելն այս պարագայում տանում է հետընթացի, կադրային փոփոխությունների հետ պետք են հստակ քայլեր, հանձնարարականներ, որոնք դեռեւս բացակայում են մեր նորանշանակ վարչապետի մեկամսյա պաշտոնավարության ընթացքում:
Վահագն Հակոբյան