Զովունիում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում: Ընտրությունների արդյունքում, առաջադրված երկու թեկնածուներից, համայնքապետ էր նշանակվել անկուսակցական, ոստիկանության նախկին գնդապետ Վրույր Սիմոնյանը, ով մրցակցին հաղթել էր 18 ձայնով:
20 տարի շարունակ համայնքը ղեկավարած Սերժիկ Ավետիսյանը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել աթոռին հրաժեշտ տալու մտքի հետ: ՀՀԿ-ական թեկնածուն այնքան ծանր էր տարել այդ լուրը, որ նախ ընտրությունների արդյունքը բողոքարկեց ԿԸՀ, որի ուսումնասիրության հետևանքով Սերժիկ Ավետիսյանը կորցրեց ևս մեկ ձայն, ապա, ինչպես ArmLur.am-ին հայտնեց նորընտիր գյուղապետը, դիմել է դատարան` բողոքարկելով գրանցված արդյունքը և պահանջում է նոր ընտրություններ անցակցնել. «Այսօր ժամը 20.00-ին, Վարչական դատարանում կլինի դատական նիստը, հետաքրքրականն այստեղ այն է, որ այն տեղամասը, որի դեմ բողոքարկել են`նախագահել է իր կնոջ եղբայրը, նրա դեմ են բողոքարկում, իրենց համար նախընտելի է, որ ամեն կերպ փորձեն այդ մարդուն դատել, միայն թե վերադառնա իր պաշտոնին»:
Սիմոնյանը նաև նշեց, որ Սերժիկ Ավետիսյանը պահանջում է, որպեսզի ողջ Զովունիում նոր ընտրություններ անցակցվեն. «Անտեսում են ողջ ժողովրդի ձայնն ու նրանց ընտրությունը: Եղբոր լծակներն են փորձում օգտագործել և նախկինի պես կեղծելով պաշտոնի գալ»:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց նաև Սերժիկ Ավետիսյանի եղբոր` Դավիթ Ավետիսյանի հետ: Վերջինս եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահը, և հենց նրա «լծակների» մասին են անընդհատ բարձրաձայնում:
ArmLur.am-ի հետ զրույցում Ավետիսյանը նշեց, որ իրեն բացարձակապես գյուղում ընթացող ընտրությունները չեն հետաքրքրում. «Ես ոչ մի կապ չունեմ այս գործընթացների հետ և բոլոր նրանք, ովքեր իմ անունն են շահարկում մեղանչում են արդարության դեմ»:
Ավետիսյանը նաև ասաց, որ ինքը թոշակառու է և ոչ մի լծակ չունի, որոնք կարող են պետք գալ հարցի լուծման համար. «Մեր երկրում թոշակառուն ի՞նչ լծակներ կարող է ունենալ, ես նորից եմ կրկնում` ոչ մի կապ չունեմ այդ ամենի հետ»:
Լիլիթ Շաբոյան