Գորիսում կատարվող «պրիմիտիվ» գողության հետքերով. նորանշանակ մարզպետը` չարաշահումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել է. «Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին տպավորիչ հայտարարությունը, որ հնչեցրեց, կառավարական «գողերին էր վերաբերվում»: Նա ՀՀ կառավարության նիստի մասնակիցներին կոչ արեց «պրիմիտիվ գողությունները դադարեցնել»: Բայց քանի որ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը կառավարության նիստերին չի մասնակցում, ականջալուր չի եղել Կարեն Կարապետյանի հանրահայտ հայտարարությանը:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Վաչագան Ադունցը Գորիսի քաղաքապետարանում վերանորոգման աշխատանքներ է նախաձեռնել, որն իրականացնում է «Ավա բիլդինգ» ընկերությունը, ինչի համար համայնքի բյուջեից հատկացվել է 31 միլիոն դրամ: Եւ պարզվում է, որ նշված ընկերությունը պատկանում է Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցին: Այսինքն՝ մարդիկ այնքան «պրիմիտիվ» են, որ քաղաքապետարանի վերանորոգման համար պայմանագիր են կնքում իրենց իսկ ընկերության հետ եւ համայնքի միջոցները փոխանցում այդ ընկերությանը` կարծելով, որ ոչ ոք այդ մասին չի իմանա:

Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը Վաչագան Ադունցից հետաքրքրվեց, թե չի կարծում, որ իրեն պատկանող ընկերությանը շինարարական աշխատանք պատվիրելը պաշտոնեական դիրքը անձնական նպատակներով օգտագործելու ուղղակի դրսեւորում է: «Ես իմ անձնականի համար երբեւէ պետական միջոցները չեմ օգտագործել: Մրցույթը տեղի է ունեցել օրենքի տառին համապատասխան»,- վստահեցրեց քաղաքապետը: Բայց զավեշտալին այն էր, որ նա փորձեց հերքել «Ժողովուրդ»-ի տեղեկությունը, թե «Ավա բիլդինգ» ընկերության հետ կապ ունի: «Միայն հիմնադիրն եմ: Բարեկամ չունեմ այնտեղ աշխատող»:

Տեղի ունեցածի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի հետ` հասկանալու համար` ինչպես է պատրաստվում պայքարել նման երևույթների դեմ: Մեր հարցին ի պատասխան` մարզպետը նշեց. «Անշուշտ, պայքարելու եմ: Ես պարզաբանեմ` համայնքի միջոցները կառավարում է հենց համայնքը: Այստեղ երկրորդ հարցն է, որ շահել է Գորիսի քաղաքապետի սեփական հիմնարկը: Ես արդեն հանձնարարել եմ, որպեսզի ուսումնասիրեն, և այն գործառույթները, որոնք կարող է կիրառել մարզպետարանը տվյալ պարագայում, մենք անմիջապես կկիրառենք: Մարզպետարանը կոնկրետ այս դեպքի հետ որևէ առնչություն չունի: Եվ եթե իրավախախտում լինի, դրանով կզբաղվեն իրավապահները»:

Մարզպետի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս