Գյուղերից միայն 12 ընտանիք է տրամադրվող գազից օգտվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԻՖԱԴ) պետական հիմնարկի կողմից, Հայաստանին տրված վարկային միջոցներով, 2012 թվականից գազաֆիկացման աշխատանքներ են մեկնարկել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան, Ջուջեւան համայնքներում:

Այդ նպատակով տրամադրվել է 675 միլիոն դրամ, կառուցվել է 74.6 կմ ընդհանուր երկարությամբ գազախողովակաշար:
Սահմանամերձ վերոհիշյալ գյուղերից խորհրդային տարիներին միայն Ոսկեպարն է գազաֆիկացված եղել:
Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող ադրբեջանական Յուխարի Ասքիպարա (թարգմանաբար՝ Վերին Ոսկեպար) գյուղը սնուցող գազատարն անցնում էր Ոսկեպարի տարածքով: Դրա համար Ոսկեպարի բնակիչները անցյալ դարի 80-ական թվականներին Ադրբեջանի տարածքից ձգվող գազատարից անվճար էին օգտվում: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ վերոհիշյալ գյուղերում գազատարն արդեն 2 տարի է՝ կառուցված է, սակայն գյուղացիների բնակարաններում գազ չկա: Բնակիչները հնարավորություն չունեն գազատարից իրենց տուն գազի խողովակ անցկացնելու: Դրա համար նրանք խողովակի յուրաքանչյուրի մետրի հաշվով պետք է վճարեն 3800 դրամ, միջինում դա մեկ ընտանիքի համար կազմում է 70-100 հազար դրամ:
Սահմանամերձ Բաղանիս համայնքի նախկին ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ գյուղի 12 ընտանիք իրենց առանձնատները միացրել են գազատարին, եւս 6 ընտանիք դիմում է տվել գազատարին միանալու համար: Ն. Սահակյանը չգիտի, թե գյուղի մնացած ընտանիքները ինչ միջոցներով են գազատարին միանալու, նա կարծում է, որ կառավարությունը սահմանագոտու կարիքավոր բնակիչներին կաջակցի այդ հարցում: Բացի Բաղանիսից, Նոյեմբերյանի սահմանագոտու վերոհիշյալ գյուղերում ոչ մի ընտանիք իր առանձնատուն գազի խողովակ չի անցկացրել:

Ոսկան Սարգսյան




Լրահոս