Հունաստանը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՆԱՏՕ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանի արտգործնախարարությունն ու զինված ուժերի գլխավոր շտաբը Թուրքիայի դեմ իրենց բողոքն են ներկայացրել ՆԱՏՕ-ին, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական «OdaTv»-ին:

Հունաստանն իր դժգոհությունն է արտահայտել վերջին ամսվա ընթացքում թուրքական նավատորմի սուզանավերի՝ հունական տարածքում գտնվելու առթիվ։

Հունական կողմը մասնավորապես նշել է, որ թուրքական սուզանավերը չափից շատ են մոտեցել Էգեյան ծովում գտնվող և Հունաստանին պատկանող Լեմնոս, Սամոթրակիա, Հիոս, Լեսբոս, Հռոդոս, Կարպատոս, Կաստելորիզո կղզիներին և Կրետեի հյուսիսային ափերին:

Աղբյուրի համաձայն՝ հույն պաշտոնյաները նշյալ տարածքներ են բերել 6 նավ և ռազմական օդանավեր: Սակայն հունական տարածք ներխուժած թուրքական սուզանավերը չեն հետապնդվել ու հեռացվել տարածաշրջանից:

Հունաստանի ներկայացրած բողոքի մեջ ուշադրություն է հրավիրվել նաև հետևյալ հանգամանքին: Թուրքական սուզանավերի այս ակտիվությունը գրանցվել է նախագահ Էրդողանի և այլ թուրք պաշտոնյաների կողմից Էգեյան ծովի կղզիների և Լոզանի պայմանագրի մասին հայտարարություններից հետո:Հունաստանը մտահոգություն է հայտնել, որ թուրքական կողմի այս քայլը կարող է տարածաշրջանում լարվածության մեծացման և անկայունության պատճառ հանդիսանալ:




Լրահոս