Սերգեյ Միրոնովը հաղթեց ՀՀ գլխավոր դատախազությանը. վերաքննիչ բողոքը մերժվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք էր  ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ միջնորդելով ամբողջությամբ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի՝ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին 40 օր ժամկետով կալանավորելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը:

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Վրեժ Խաչիկյանը նշեց, որ Առաջին ատյանի դատարանի ընդունած որոշումը կմնա անփոփոխ. «Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը, իմ առարկությունը ընդունեց և անփոփոխ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումը Միրոնովին ազատ արձակելու վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-­ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը, ով 2016 թ. մայիսի 11-­ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ԱՄՆ քր. օր.­ի 18­-րդ գլխի 371-­րդ և 3155-­րդ հոդվածի (զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն), 22-­րդ գլխի 2778-­րդ «b» կետի 2­-րդ մասի և «c» կետի, 18-­րդ գլխի 2-­րդ և 3551­-րդ հոդվածի (զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ), 18­-րդ գլխի 1956­-րդ հոդվածի «h» և «a» կետերի և 3551­-րդ հոդվածի (փողերի լվացման նախնական համաձայնություն), 18­-րդ գլխի 1956-­րդ հոդվածի «a» կետի 2-­րդ մասի և 3551­-րդ հոդվածի (փողերի լվացում) հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Երբ գործը հասել էր  Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որոշում էր կայացվել  օգոստոսի 29-­ին մերժել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին կալանավորելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը, և ամսի 31-ին Միրոնովն իր կնոջ հետ մեկնել էր հայրենիք:

Նշենք , որ փաստաբանը բազմիցս հայտել էր, որ եթե նույնիսկ դատարանը որոշի կալանավորել ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին, ոչ ոք չի կարող նրան պարտադրել Հայաստան գալ, քանի որ ՀՀ օրենսդրությունը նման իրավունք չի նախատեսում:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս