
Դամասկոսի շրջաններից մեկը, որտեղ գտնվում է ռուսական դեսպանատունը, ականակոծության է ենթարկվել, դիվանագիտական առաքելության աշխատակիցները չեն տուժել: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին, ականակոծության է ենթարկվել Ջոբար շրջանը, որը վերահսկվում է ծայրահեղականների կողմից:
«Ականներից մեկը պայթել է դիվանագիտական առաքելության պահակակետի մոտակայքում, ևս մեը՝ մուտքից ոչ հեռու»,-ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Արտաքին քաղաքականության գերատեսչությունում հայտնել են նաև, որ ևս մեկ ական է ընկել դպրոցի տանիքի վրա, որը գտնվում է դեսպանատան հարևանությամբ: Ինչպես նշել են ԱԳՆ-ում, ականը, բարեբախտաբար, չի պայթել: