8 ամսական երկվորյակ եղբայրների մահվան դեպքը կրկին դատարանի ուշադրության կենտրոնում է. ինչ զարգացումներ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ երեք ամսից կլրանա 8 ամսական երկվորյակ եղբայրների մահվան դեպքի երկրորդ տարին, սակայն մինչ օրս պատժվողներ այդպես էլ չեղան:

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Նորք Մարաշում ավտոմեքենան դուրս էր եկել մայթ և վրաերթի ենթարկել 4 հոգու, մանկասայլակի մեջ գտնվող 8 ամսական երկվորյակ տղաները մահացել էին, իսկ նրանց մայրը տեղափոխվել էր հիվանդանոց:

Վթարի հետևանքով մահացած երկվորյակ եղբայրների հարազատները հայտնում են, որ մինչև հիմա չեն ստացել ոչ բարոյական, ոչ նյութական օգնություն, իսկ վարորդն էլ ազատության մեջ է:

Վրաերթի ենթարկած վարորդը՝ Նոր Նորքի բնակիչ Ռազմիկ Ավետիսյանն է, ով աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում` որպես իրավաբան: Ռազմիկ Ավետիսյանը տառապում է էպիլեպսիա  հիվանդությամբ, տարիներ առաջ ինֆարկտ է տարել և սրտի բարդ վիրահատությունների ենթարկվել:

Նախկինում դատարանը որոշել էր մեկ միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Ռազմիկ Ավետիսյանին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ բողոքարկումների հիման վրա գործն այժմ քննվում է առաջին ատյանի դատարանում:

Մեզ հետ զրույցում հայցվոր Միքայել Հարությունյանն ասաց, որ հերթական դատական նիստը, որը պետք է կայանար երեկ, հետաձգվել է, քանի որ նիստին ներկա չի եղել մեղադրյալի պաշտպանը. «Դատարանում դատախազը հայտարարեց, որ անհասկանալի է, թե ինչու է անձը շարունակում մնալ ազատության մեջ, երբ Վերաքննիչ դատարանը բեկանել է գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը, դատավորն էլ զարմացել էր այդ հայտարարությունից: Նիստն այս անգամ էլ մեկ ամսով հետաձգվեց, քանի որ մեղադրյալի պաշտպանը անձնական խնդիրների պաճառով ներկա չէր գործի քննությանը»:

Փաստաբան Լևոն Ղազարյանից ArmLur.am-ն փորձեց տեղեկանալ, թե ինչպես է ստացվել, որ Ռազմիկ Ավետիսյանի նկատմամբ գրավ կիրառելու որոշումը դատարանը բեկանել է, սակայն նա շարունակում է մնալ ազատության մեջ:

Ի պատասխան մեր հարցի, վերջինս նշեց. «Ռազմիկ Ավետիսյանը դիմել է Վճռաբեկ դատարան,  և քանի դեռ գործի քննությունն է ընթանում `նա կարող է մնալ ազատության մեջ»:

Լիլիթ Շաբոյան

 




Լրահոս