Մեծ սկանդալ ԵԽԽՎ-ում. ադրբեջանական պատվիրակության անդամը Հայաստանին մեղադրեց անկախ լրագրողներին սպանելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը: Քիչ առաջ Ադրբեջանը կրկին վեհաժողովի ամբիոնը օգտագործեց հակահայկական քարոզչության նպատակներով: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը ամբիոնից Հայաստանը ներկայացրեց որպես լրագրողների նկատմամբ բռնություններ գործադրող և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքները խախտող երկիր:

Այսպես, ArmLur.am-ին, մասնավորապես, հայտնի դարձավ, որ քիչ առաջ Ռաֆայել Հուսեյնովը իր ելույթում ասաց, թե Հայաստանում բոլոր անկախ լրագրողներին սպանում են: Նա որպես օրինակ բերեց իր բնական մահով մահացած լրագրող Միքայել Դանիելյանին. «Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են»,- ասաց Հուսեյնովը:

Նրա ակնհայտ սուտ հայտարարությանը հայկական պատվիրակության անդամները բավականին կոշտ արձագանքեցին, ինչի հետևանքով ՀՀ պատգամավորները զրկվեցին խոսելու իրավունքից:

ԵԽԽՎ լիագումար նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով Հուսեյնովի զրպարտիչ հայտարարությանը, Ռաֆայել Հուսեյնովին խորհուրդ տվեց դիմել հոգեբույժի:

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը ի պատասխան Զոհրաբյանի արձագանքին` զգուշացրեց, որ ոչ կոռեկտ արտահայտվելու դեպքում ձայնից կզրկի հայկական պատվիրակության անդամներին: Այս պահին պատգամավոր Միքայել Մելքումյանը վրդովվեց` ասելով, որ իրավունք չունեն իրենց զրկել խոսելու իրավունքից: Ապա Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Արգամունդին, ասաց. «Դուք Ադրբեջանի ծախված լոբբիստն եք, ինչպես  Իտալիայի պատգաավոր Լուկա Վոլոնտեն: Դուք իրավունք չունեք լռեցնելու անկախ պատգամավորի ձայնը»: Ու հենց այս պահին Ագրամունդը հրահանգում է անջատել հայկական պատվիրակության անդամների խոսափողը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը ևս արձագանքեց Հուսեյնովին` ասելով, որ նրա հայտարարությունը սուտ է:

Տեսնելով, որ հայկական պատվիրակության անդամների խոսափողներն անջատել են, Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել առանց խոսափողի, որում, մասնավորապես, նշել է. «ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանից անմիջապես հետո Իտալիայի իրավապահները քրեական գործ հարուցեցին ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, ԵԺԿ խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեի նկատմամբ՝ 2012-14 թվականներին Ադրբեջանի կառավարությունից շուրջ 2 միլիոն 400 հազար դոլար կաշառք ստանալու համար, որի դիմաց Վոլոնտեն պարտավորվել էր տապալել Բաքվի շահերին հակասող բանաձեւերը եւ մասնավորապես՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին Շտրասերի բանաձեւը։

Միլանի դատախազությունը քննության ընթացքում բացահայտել էր ողջ շղթան, որի միջոցով Ալիեւի կառավարությունը տարիներ շարունակ գումարներ է փոխանցել Վոլոնտեին եւ նրա խմբին՝ ԵԽԽՎ-ում Բաքվի շահերը սպասարկելու համար։

Վոլոնտեին կաշառելու համար նախատեսված գումարը տրվել է ադրբեջանական «ԲԱԿ-ՏԵԼԵԿՈՄ» ընկերության հաշվից, իսկ գումարը փոխանցվել է դանիական «Դանսկ-Բանկ»-ի՝ Էստոնիայում գործող մասնաճյուղի միջոցով։ Բացի դա, Միլանի իրավապահները պարզել են նաեւ, որ Վոլոնտեն բազմաթիվ անգամներ կաշառք է ստացել ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովից եւ մի շարք այլ ադրբեջանցի գործիչներից։ Հարգելի՛ գործընկերներ, Դուք հրաշալի գիտեք, որ Լուկա Վոլոնտեն Ադրբեջանի կողմից կաշառված միակ պատգամավորը չի եղել։ Այստեղ, այս պահին նստած են մոտ երկու տասնյակ պատգամավորներ, որոնք ուղղակիորեն սպասարկում են ադրբեջանական շահը։

Վստահաբար՝ ոչ Ալիեւի հանդեպ եղբայրական սիրուց դրդված։ Գաղտնիք չէ նաեւ, որ մեր Վեհաժողովի ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտը եւս Բաքվի շահերի երդվյալ պաշտպանն է. Ալիեւի հանդեպ պլատոնական սիրուց, թե այլ պատճառով, դա էլ թողնում եմ ձեր դատին։ Ի դեպ, այս օրերին ուկրաինական պատվիրակությունը Ագրամունտի «մեղքերը» ավելացրեց եւս մեկով՝ նրան մեղադրելով նաեւ Ռուսաստանի լոբբիստը լինելու մեջ»:




Լրահոս