Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը ՀԱՊԿ գագաթաժողովի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ռուսական «Ինտերֆաքս» լրատվականին տված հարցազրույցի ժամանակ ՀԱՊԿ-ում ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլյեվը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպության անդամ երկրները ԱՄՆ և ՆԱՏՕ հակահրթիռային պաշտպանական համակարգերը համարում են իրենց անվտանգության սպառնալիք և պատրաստվում են դիմակայել այդ համակարգերին:

Վասիլյեվը տեղեկացրել է, որ այդ հարցի վերաբերյալ դրույթը ներառված է կազմակերպության մինչև 2025 թվականի համար մշակված hավաքական անվտանգության ռազմավարության նախագծի մեջ և նշել, որ այն կհասատատվի այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունն անընդունելի է համարում ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում նման բովանդակությամբ փաստաթղթի ընդունումը, քանզի վերոնշյալ դրույթի ներառումը ՀԱՊԿ ռազմավարության մեջ ակնհայտորեն չի բխում Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀԱՊԿ մյուս անդամ-պետությունների շահերից:

Մենք միշտ շեշտել ենք, որ ՀԱՊԿ-ը ՌԴ իշխանությունների աշխարհաքաղաքական նկրտումներին և շահերին հարմարեցված կառույց է և նման բովանդակությամբ ռազմավարության ընդունումն էլ ապացուցում է, որ Ռուսաստանն Արևմուտքի հետ ունեցած իր հակասությունների հորձանուտ է ցանկանում ներքաշել նաև ՀԱՊԿ անդամ պետություններին՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Փաստացիորեն, այս ռազմավարության ընդունումով Ռուսաստանը ցանկանում է ցույց տալ, որ մի ամբողջ անվտանգության համակարգի համար Արևմուտքը և ՆԱՏՕ-ն սպառնալիք են:

Վստահ ենք, որ այդ ռազմավարության ընդունումն էլ ավելի կսրի իրավիճակը մեր՝ առանց այն էլ լարված տարածաշրջանում, քանզի ՀԱՊԿ-ՆԱՏՕ հակասությունների սրումը չի բխում թե՛ տարածաշրջանի և թե՛ միջազգային անվտանգության շահերից:
Եւս մեկ անգամ շեշտում ենք, որ ՀԱՊԿ այս ռազմավարությունն ակնհայտ սպառնալիք է ՀՀ անվտանգությանը, լրջագույն խոչընդոտ կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման և միջազգային ճանաչման գործընթացի համար, ծանր հետևանքներ կարող է ունենալ ՀՀ քաղաքական և տնտեսական բազմավեկտոր ինտեգրացիոն գործընթացների վրա, որն էլ կարող է Հայաստանին տանել մեկուսացման քաղաքակիրթ աշխարհից:
ՀՀ իշխանությունները պարտավոր են զերծ մնալ նման փաստաթղթի ստորագրումից:

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն




Լրահոս