Մասիս քաղաքի բնակիչները ջուրը փողով են գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչները խմելու ջրի խնդիր ունեն: Նրանք խմելու ջուրը գնում են եւ մեկ լիտրի դիմաց վճարում 10 դրամ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում: Մասիսցիների խոսքով՝ ծորակից հոսող ջուրը պիտանի չէ խմելու համար:
«Նախ՝ խմելու ջուր մենք ունենում ենք միայն առավոտյան ժամը 07.00-ից մինչեւ երեկոյան 20.00-ն: Իսկ ծորակից հոսող ջուրը խմելու համար ուղղակի պիտանի չէ. քանի որ ջրի գույնը պարզ չէ, այլ պղտոր է, տհաճ հոտ է գալիս, նույնիսկ վախենում ենք մի կում խմել: Արդեն մի քանի տարի է, ինչ խմելու ջրի խնդիրը կա, բայց ոչ ոք հետաքրքրված չէ դրա լուծմամբ»,- «Ժողովուրդ»-ին վրդովված պատմեց Մասիսի բնակչուհի Տաթեւ Հարությունյանը:

Մեզ դիմած մյուս բնակիչները եւս նշեցին, որ վախենում են խմել ծորակից հոսող ջուրը. «Կա՛մ պիտի թունավորվես, ընկնես հիվանդանոց, կա՛մ էլ փորացավ ընկնես ու զուգարանից դուրս չգաս».- ներկայացրին նրանք: Այս ամենի արդյունքում Մասիսի բնակիչների գերակշիռ մասը ստիպված խմելու ջուրը գնում է: Մի մասն էլ այն ձեռք է բերում այլ տեղերից՝ իրենց սեփական ավտոմեքենաներով:

«Շաբաթվա մեջ 2 անգամ մեր շենքի բակ է գալիս մի տղամարդ եւ ջուր վաճառում: Իր խոսքերով՝ Գառնու ջուրն է: Մենք էլ այն գնում ենք եւ 1 լիտր ջրի դիմաց վճարում 10 դրամ: Նրանից գնած ջրով մենք նաեւ ափսեներն ու կաթսաներն ենք լվանում»,- իրավիճակը ներկայացրեց Մասիսի մեկ այլ բնակչուհի Կարինե Մանուկյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ նախընտրական շրջանում Մասիսի բնակիչները քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված եւ ընտրված Դավիթ Համբարձումյանի առաջ մեկ պայման են դրել՝ առաջինը լուծել խմելու ջրի խնդիրը: Ինչն էլ վերջինս խոստացել է իրականացնել:

Նաեւ բնակիչների մոտ ակտիվ քննարկվում է, որ իրենց խմելու ջրի ե՛ւ քանակի, ե՛ւ որակի հետ կապված խնդիրները առաջացել են Մասիսի հարեւան գյուղերում գործող ձկնաբուծարանների ջուրը անխնա օգտագործելու պատճառով:

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Մասիսում տեղի են ունեցել քաղաքապետի ընտրություններ, ինչի արդյունքում ընտրվել է առաջադրված միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը: Վերջինս քաղաքապետի պաշտոնը ստանձնելու է նոյեմբերի 12-ից: Այժմ Մասիսի քաղաքապետը ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանն է: Այս պատճառով «Ժողովուրդ»-ը Մասիսի բնակիչների դժգոհությունները փոխանցեց Ս. Հակոբյանին: «Ես իրավունք չունեմ այդ մարդկանց արգելել ջուր վաճառել: Չգիտես ինչու, մեր բնակիչները մեծ գնահատական են տալիս Գառնու ջրին, քան մերին: Համեմատած Գառնու ջրի հետ, մերը, ճիշտ է՝ համ ունի ու այդքան սառը չէ: Բայց ջրի գույնի հետ կապված, Ձեզ վստահեցնում եմ, մերն ավելի պարզ է, քան Գառնիինը»,- արդարացավ Մասիսի քաղաքապետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս