Բուհը պետք է լինի ապակուսակցական, քաղաքական գործունեությունը արգելվում է. Լևոն Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, անդրադառնալով բուհը ապակուսակցականացնելու անհրաժեշտությանը, ասաց. «Մենք հիմա օրենքի նախագծով դրեցինք, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհուրդների անդամները իրավունք չունեն լինել բարձրաստիճան պաշտոնյաներ եւ մարզպետներ, այդ նախագիծը դրված է»:

Պարո՛ն Մկրտչյան, հոկտեմբերի 12-ին հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ ավելի քան 100 երիտասարդներ անդամակցել են Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Արդեն տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է բուհը քաղաքականությունից հեռու պահելու անհրաժեշտության մասին: Հետաքրքրվե՞լ եք՝ իշխող Հանրապետական կուսակցությանը անդամակցած երիտասարդները ո՞ր բուհի ուսանողներ են, եւ, առհասարակ, ինչպե՞ս եք պայքարելու այս արատավոր երեւույթի դեմ, քանի որ առջեւում 2017թ. խորհրդարանական ընտրություններն են:

-Երկու բան պետք է զանազանենք: Երիտասարդ մարդը կարող է, եւ կարծում եմ, պետք է լինի քաղաքականության մեջ, դա իր մարդկային իրավունքն է ընտրել քաղաքական կողմնորոշում: Խնդիրը բուհերինն է, բուհերում քաղաքական գործունեությունը արգելվում է:

-Բայց բուհի ռեկտորը, ուսանողը, խորհուրդի անդամները կուսակցական պատկանելություն ունեն: Սա բավարար չէ՞:

-Որեւէ երկրում, եթե կա կուսակցություն, երիտասարդ անձնավորությունը, որը գաղափարական ուղղվածություն ունի, պետք է լինի ուսանող: Այսինքն՝ աշխարհում այդպիսի փորձ չկա, որ պահանջես ուսանողից, որպեսզի ինքը քաղաքական կողմնորոշվածություն չունենա: Խնդիրը ուրիշ տեղ է, մենք բարձրագույն կրթության օրենքով ենք դա փորձում ապահովել, որ պետք է բուհը իր էության մեջ լինի ապակուսակցական: Այսինքն՝ այդտեղ իրավունք չունեն գործել կուսակցության բջիջներ, ծավալվի կուսակցության քարոզչություն, այս խնդիրները մենք պետք է պահպանենք:

-Օրինակ՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ՀՀԿ խորհրդի անդամ է, բուհի ուսանողներից շատերն էլ հանրապետական, ինչպե՞ս եք ԵՊՀ-ն ապակուսակցականացնելու:

-Մենք հիմա օրենքի նախագծով դրեցինք, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհուրդների անդամները իրավունք չունեն լինել բարձրաստիճան պաշտոնյաներ եւ մարզպետներ, այդ նախագիծը դրված է: Ինքը՝ խորհուրդը, որ դառնա ապակուսակցական եւ ուղղություն տվող, խորհուրդը կերաշխավորի իմ ասած սկզբունքների պահպանումը: Եվ այդտեղ յուրաքանչյուր համալսարան ինքը պետք է որոշի իր ռեկտորից ինչ պահանջներ է ունենում: Ռեկտորը կարող է լինել կուսակցության անդամ… հիմա ես կուսակցության անդամ եմ, բայց իմ պարտականությունները կատարելիս առաջնորդվում եմ հանրապետության կրթական համակարգի հիմնախնդիրներով` ունենալով գաղափարախոսական մտածելակերպ, նույն բանը կարող է անել ռեկտորը:

-Բայց, Ըստ Ձեզ, կանի՞, եւ, առհասարակ, ի՞նչ չափորոշիչներ եք կիրառելու՝ հասկանալու համար՝ արեց, թե ոչ:

-Պարտավոր է անել: Համաձայն եմ, որ այդ ուղղությամբ պետք է հստակեցնենք եւ բարձրագույն կրթության օրենքը, դրանից հետո եկող բարքերը կարող են այդ ուղղությամբ չափանիշներ ու չափորոշիչներ դնել:

-Օրինակ՝ ո՞ր չափորոշիչը կարող է զսպել, որ ռեկտորը, լինելով կուսակցության անդամ, բուհը չկուսակցականացնի:

-Օրինակ՝ հստակ պետք է սահամանազատվեն գործառույթները: Այսինքն՝ կուսակցական որեւէ քարոզչություն բուհի ներսում չպետք է ներկայացվի: Ուսխորհուրդները մեծ դերակատարություն ունեն, մամուլը պետք է մուտք ունենա համալսարան, ուսանողները պետք է կարողանան համախմբվել իրենց սոցիալական, գիտական կրթական խնդիրների շուրջ: Օրինակ՝ հանրակացարանային պրոբլեմներ, սոցիալական հիմնախնդիրներ, վարձավճարներ, սրանք այն ծավալներն են, որոնց շուրջ կարող են տարբեր կուսակցությունների անդամ ուսանողներ հավաքվել, բայց չպետք է դա գնա կուսակցական քարոզչության: Սա բոլոր երկրներում առկա պրոբլեմ է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բացառենք կրթական համակարգի օգտագործումը ընտրություններին: Դուք խոսում եք ուսանողներից, բայց հիմա բարոյական վատ վիճակի մեջ են մեր ուսուցիչներն ու դպրոցական կոլեկտիվները, որոնք ընտրությունից ընտրություն ենթարկվում են հզոր ճնշման ամենատարբեր կուսակցությունների կողմից: Ուղղակի ուզում ես մեկ-մեկ ասել՝ հանգիստ թողե՛ք մեր կրթական համակարգը, ինքը թող իր խնդիրներով զբաղվի, քանի որ այնքան շատ են մեր խնդիրնեը: Այս իմաստով մենք անելիքներ ունենք:

-Հրապարակել էինք, որ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո ՀՀ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը որոշել է պատժել իր այն կուսակիցներին, որոնք լավ չեն «աշխատել»: Աղվորիկի նախկին գյուղապետ Նար Ղարիբջանյանն ու դպրոցի տնօրեն Արմեն Սոլոյանը դաշնակցականներ են: Սակայն նրանց հայրենի գյուղում իրենց կուսակիցը զրո ձայն է ստացել: Արդյունքում, մարզպետը Արմեն Սոլոյանին ասել է, որ նա դպրոցի տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում պետք է գրի: Ի՞նչ եք արել կոնկրետ այս ուղղությամբ եւ ինչպե՞ս եք պայքարելու նման դրսեւորման դեմ:

-Ծանոթ չեմ դրան, բայց որ մեր կուսակցությունը ձախողեց Գյումրիի ընտրությունները, վկայությունն է այն բանի, որ մարզպետը չի օգտագործել իր լծակները, որոնք օգտագործվում են, դա դրական է:

-Ըստ էության, ցանկացել է լծակները կիրառել, բայց ցանկալի արդյունքի չի հասել, հիմա էլ դպրոցի տնօրենին ասում է՝ դիմում գրի:

-Չգիտեմ այդ դեպքը, կփորձեմ անպայման իմանալ:

Քնար Մանուկյան




Լրահոս