Քանի գործարարի ձեռքը բռնեց նախարարը. վարչապետի հորդորի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ, երբ Էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նորանշանակ վարչապետին էր ներկայացրել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «Նանման» ընկերությանը մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու եւ ոլորտին առնչվող խնդիրների հետ կապված հարցը, վարչապետի եւ նախկին նախարարի միջեւ առաջացել էր տարաձայնություն:
Արդյունքում, նորանշանակ վարչապետը Արծվիկ Մինասյանին ասել էր. «Բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է իրենց ձեռքը բռնած բոլոր կառույցներով գնաք, որ իրանք իրանց ապահով զգան, որ որեւէ մեկն իրենց չխոչընդոտի»:

Այս ամենից կարճ ժամանակ անց էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, եւ նախարար նշանակվեց Սուրեն Կարայանը:

«Ժողովուրդ»-ը նորանշանակ նախարարի հետ զրուցել է գործարարների մտահոգությունների մասին:

-Պարո՛ն Կարայան, կասեք, թե քանի գործարարի ձեռք եք բռնել եւ բոլոր կառույցներով գնացել:

-Այս կարճ ժամանակահատվածում արդեն մոտ 7-10 գործարարների հետ հանդիպում ենք ունեցել, բազմաթիվ խնդիրներ արդեն իսկ կարգավորել ենք:

-Կոնկրետ ո՞ւմ:

Ինքս չէի ցանկանա նշել:

-Ինչո՞ւ:

-Ինձ թվում է՝ արդեն իսկ մոտ ժամանակներս պարզ կլինի, չեմ սիրում…:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կոնկրետ ասել էր. «Բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է իրենց ձեռքը բռնած բոլոր կառույցներով գնաք, որ իրանք իրանց ապահով զգան, որ որեւէ մեկն իրենց չխոչընդոտի»: Դուք այդպես էլ արե՞լ եք, թե՞…

-Այո՛, այս ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ գործարարների հետ, միությունների հետ, վեր ենք հանել իրենց խնդիրները: Այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ լուծումներ տրամադրվել են, եւ արդեն իսկ արդյունքներ կան:

-Չեք ցանկանում նշել՝ որ գործարարների հետ եք հանդիպել, գոնե կասե՞ք՝ ինչից էին դժգոհում գործարարները:

-Խնդիրները բազմաթիվ էին, այնպես չէ, որ բոլոր գործարարների մոտ մեկ խնդիր է, տարբեր ոլորտների հետ կապված տարբեր խնդիրներ կան: Արտահանող ընկերությունների մոտ հիմնականում խնդիրները կապված են դեպի Եվրասիական տնտեսական միության շուկաներ ներթափանցելու հետ, որոնք շատ արագ կարգավորվեցին: Նաեւ տեղական արտադրողների հետ կապված կար խնդիր, որպեսզի որոշակի օրենսդրական աջակցություն ցուցաբերեն, որպեսզի բիզնես միջավայրը իրենց համար ավելի բարենպաստ լինի:

-Հարկային նոր օրենսգիրքը շատ գործարարների բնորոշմամբ դիվերսիա է: Ձեզ այն չի մտահոգո՞ւմ, գործարարները չեն բողոքել նոր օրենսգրքից:

-Ոչ թե բողոքներ կային, այլ առաջարկներ էին, որոնք քննարկել ենք: Այսքանը:

Քնար Մանուկյան




Լրահոս