2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները խոստանում են դառնալ Հայաստանի ամենալղոզված ընտրական գործընթացը: Փաստացի դա լինելու է միակ տարբերակը, որի դեպքում Հայաստանի ներկա իշխանություններին հնարավոր է՝ հաջողվի պահպանել քաղաքական դաշտի ստատուս քվոն` էական փոփոխություններ թույլ չտալով:
Ընտրությունների «լղոզման» վերը նշված մարտավարությունը պայմանականորեն անվանենք «կառավարվող քաոս»: Մինչ կներկայացնենք «կառավարվող քաոսի» գործելու մեխանիզմները, նախ նկատենք, որ «իշխանական համակարգ» ասելիս անհրաժեշտ է նկատի ունենալ իշխող ՀՀԿ-ին եւ վերջին տասնհինգ տարիներին նրա հետ կոալիցիոն փոխհարաբերության մեջ եղած քաղաքական ուժերին ու մարդ-կուսակցություններին:
Այսպիսով՝ եթե իշխանական համակարգը միջոցներ չձեռնարկի, ապա 2017-ի խորհրդարանական ընտրություններին առավելագույնը 10 կուսակցություններ եւ դաշինքներ կմասնակցեն: Մասնավորապես, դրանք կլինեն խորհրդարանական վեց խմբակցությունները` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ («Հայկական վերածնունդ» անվան ներքո հանդես կգա), ՀԱԿ եւ «Ժառանգություն», ինչպես նաեւ՝ երեք-չորս նոր կազմավորված քաղաքական ուժեր: Այսինքն՝ ակնհայտ է, որ ԱԺ խմբակցությունները կլանելու են խորհրդարանից դուրս գտնվող փոքր եւ մարդ-կուսակցություններին: Փոքր կուսակցությունների մի մասն էլ կներառվեն նորաստեղծ քաղաքական ուժերի կազմում: Քաղաքական դաշտի բնականոն զարգացման դեպքում խորհրդարանական տեղերի համար պայքարող կուսակցությունները հենց վերը նկարագրված ուժերը պետք է լինեն` մոտ տասը միավոր: Սակայն իրադարձությունների նման զարգացումներն իշխանական համակարգի համար կարող են կործանարար լինել:
Բանն այն է, որ իշխանությունների կողմից անցկացված բոլոր փակ հարցումները ցույց են տալիս, որ ընտրողների շուրջ 70 տոկոսն ընդդիմադիր տրամադրություն ունի: Նույնիսկ Սերժ Սարգսյանն էր իր աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ անկեղծացել, թե «հասարակական տրամադրությունները մեր նկատմամբ վատն են, բայց Գյումրու եւ Վանաձորի ընտրությունները ցույց տվեցին, որ դրանք մահացու չեն»: Մյուս կողմից առաջիկա ընտրություններում վերահսկողության մակարդակը նախորդ` 2012-ի Աժ ընտրությունների համեմատ շատ բարձր է լինելու, եւ իշխանություններին շատ դժվար է լինելու բացակա ընտրողների փոխարեն լցոնումով ավելացնել ընտրությունների մասնակցության, հետեւաբար նաեւ իրենց քվեների թիվը: Արդեն իսկ կարող ենք կանխատեսել, որ 2017-ի ԱԺ ընտրություններում մասնակցության մակարդակը մեկ միլիոն 200 հազարից ավել չի լինի, որը կկազմի առկա իրական ընտրողների մոտ 70 տոկոսը: 2012-ի Աժ ընտրություններում մասնակցությունը եղել է 1 միլիոն 570 հազար, որտեղ մոտ 400 հազարը եղել է իշխանությունների կողմից հավելագրված մասնակցությունը, որը վերջնաարդյունքում վերածվել է ՀՀԿ-ի օգտին «քվեների»: Եթե այդ թիվը հանենք 2012-ին ՀՀԿ-ի 664 հազար ձայներից, կստանանք իշխող կուսակցության ձայների իրական ներուժը:
ՀՀԿ-ն հիմնական վարչական ռեսուրսի հաշվին ունի մոտ 250 հազար քվե: Ընտրությունների լավ վերահսկողության դեպքում ՀՀԿ-ին առավելագույնը կհաջողվի իր ձայների թիվը մինչեւ 350 հազարի հասցնել, ինչը կկազմի ընդհանուր քվեների մոտ 30 տոկոսը: ՀՀԿ-ի՝ ներկա եւ նախկին կոալիցիոն 3-4 գործընկերներին լավագույն դեպքում մի կերպ կհաջողվի 5 տոկոսանոց շեմը հաղթահարել: Ըստ այդմ, նախկին գործընկերները կկարողանան եւս 20 տոկոս ձայներ «մսխել»: Արդյունքում, մնացած մոտ հիսուն տոկոսի հիմնական «տերը» կդառնան վերջին երկու տարիներին քաղաքական դաշտ մտած նոր դեմքերով հանդես եկող կամ հին, բայց չվարկաբեկված գործիչներից կազմված քաղաքական միավորները: Այս դասավորությունը իշխանությունների համար շատ վտանգավոր է, քանի որ եթե հատուկ միջոցներ չձեռնարկվեն, ցանկացած պահի իրավիճակը կարող է վերահսկողության տակից դուրս գալ:
«Կառավարվող քաոսն» այս դեպքում թերեւս միակ լուծումն է: Իշխանությունները ծրագրում են դաշտը լցնել կեղծ նոր ուժերով: Նպատակը շատ պարզ է. նոր կուսակցությունների զուտ գաղափարը այնպես լղոզել, որպեսզի ընտրողը այդ հորձանուտում կողմնորոշվելու հնարավորություն չունենա: Ի դեպ, այս մտահղացման հեղինակը պարտադիր չէ, որ անպայման հենց ՀՀԿ-ն լինի: Նախկին կոալիցիոն գործընկեր-կուսակցությունները եւս այս հարցում անձնական շահագրգռվածություն ունեն: Ի վերջո, եթե նրանց հաջողվի դաշտն այնպես լղոզել, որ դրանում միայն հին խաղացողները լինեն որոշակի, ապա նրանց կհաջողվի բավական շահեկան վիճակում հայտնվել, քանի որ ընտրողը ճարահատյալ կարող է համաձայնել տուկի թելի կամ մուրաբայի դիմաց նրանց օգտին քվեարկել` միաժամանակ գիտակցելով, որ ինքը իշխող ՀՀԿ-ի օգտին չի քվեարկում: Այս համակարգի արդյունավետ գործելու դեպքում իշխանական համակարգին կհաջողվի քվեների մոտ 70 տոկոսը (30 տոկոս ՀՀԿ+40 տոկոս կոալիցիոն նախկին գործընկերներ) իր վերահսկողության տակ պահելը: Իսկ երկու-երեք նոր քաղաքական ուժեր լավագույն դեպքում մի կերպ կկարողանան 5 տոկոսանոց արգելքը հաղթահարել: Մնացած 15 տոկոսը «կփոշիացնեն» այս օրերին ստեղծվող եւ առաջիկայում ստեղծվելիք իբր թե նոր կուսակցությունները:
Այս նպատակով իշխանությունները կարող են մինչեւ տասը կեղծ նոր կուսակցություն խաղի մեջ մտցնել` ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թիվը դարձնելով 20 եւ ավել: Որպես պարզ լինի, թե ինչ «ներդրման» մասին է խոսքը, մի փոր «նախահաշիվ» ներկայացնենք: Կեղծ կուսակցություններից յուրաքանչյուրին խաղի մեջ մտցնելու համար իշխանական համակարգը մոտ 100 միլիոն դրամ (200 հազար դոլարից մի փոքր ավել) գումար պետք է «ներդնի», որից 10 մլն դրամը կծախսվի նախընտրական գրավի համար, մնացած 90 մլն դրամը կտրվի համակարգողներին` իրենց «կարիքները» հոգալու համար: Տասը նման կեղծ նոր քաղաքական ուժ ներդնելու համար մոտ 1 միլիարդ դրամ, կամ նույնն է, թե 2 միլիոն դոլարից մի փոքր ավել գումար կպահանջվի: Արդյոք իշխանական համակարգը, որի մեջ մտնում են իշխող ՀՀԿ-ն եւ նրա չորս նախկին կոալիցիոն գործընկերները, չեն կարող իրենց նման ծախսեր թույլ տալ: Իհարկե, կարող են` հանուն ընդհանուր իշխանությունը պահպանելու:
Ստեղծված պայմաններում ընդդիմադիր դաշտի երկու-երեք քաղաքական ուժերը պարտադրված են ոչ միայն առաջիկա ամիսներին հետեւողական «ոչնչացնել» ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերներին` նրանց զրկելով քաղաքական դաշտում խաղալու հնարավորությունից: Այդ խնդիրը լուծելու հետ զուգահեռ ընդդիմությունը պետք է կարողանա կեղծ նոր կուսակցություններին քաղաքական դաշտից դուրս նետել, ինչպես թանը փչացնել փորձող ճանճի: Այդ դեպքում մի գուցե իշխանություններին չհաջողվի իրենց ծրագրերն ամբողջությամբ իրագործել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ