Ինձ վրա աշխատում եմ, որ ամբողջովին հայերենի անցնեմ, չնայած ԵՏՄ-ին. Լևոն Ալթունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, անդրադառնալով իր նշանակումից հետո նախարարության աշխատակիցների՝ ռուսերենով խոսելուն, ասաց. «Ասեմ, որ զգում եմ նման բան, եւ ինձ վրա աշխատում եմ, որ ամբողջովին հայերենի անցնեմ՝ չնայած ԵՏՄ-ին»:

-Պարո՛ն Ալթունյան, սեպտեմբերի 27-ին նշանակվելով ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում՝ կադրային ջարդ եք սկսել: Նախ աշխատանքից ազատեցիք աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանի հետ տհաճ զրույց եք ունեցել, եւ նրա ազատման հարցն է դրված, ինչպես նաեւ լեզու չեք գտնում փոխնախարար Գագիկ Միրիջանյանի հետ: Ի՞նչ է կատարվում:

-Տերմինալոգիան ո՞րն է, կադրային ջարդը ո՞րն է. օրական, կա՛մ ամսական, կա՛մ տարեկան: Եկեք, դրա՛ մասին խոսենք. հետեւյալ դեպքում 7-8 տոկոսի կադրերի հոսելիությունը, դա նորմա է, եթե դրանից անցում լինի, նոր այդ թեմայի մասին կխոսենք: Հիմա` ոչ:

-Դուք ՀՀ վարչապետի տված հանձնարարականների իրականացման նպատակով ստեղծել եք հանձնաժողովներ ՀՀ կառավարության նոր ծրագրերի եւ ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: Ստացվում է, որ Դուք նախարարության աշխատակիցների աշխատունակությունը ստուգելու նոր մեթոդ եք հնարել: Ինչո՞ւ եք ստեղծել հանձնաժողով, եթե արդեն իսկ կար աշխատակազմ:

-Դե, գաղտնիք չէ, որ մինչեւ օրս առողջապահության նախարարության եւ համապատասխան տեսչությունների կազմում հիմնականում բժիշկներ էին աշխատում: Իսկ, ահա, հանձնաժողովի ղեկավարները տնտեսագետներ, ֆինանսիստներ են, որոնք մի քիչ կոչված են թարմ աչքով նայելու բոլոր հարցերին:

-Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում հանձնաժողովները հիմնականում ստեղծվում են այն նպատակով, որ «պրոբլեմը թաղվի»: Տարբեր ԲԿ-ներում բազմաթիվ մահվան դեպքեր եղան, հանձնաժողովներ ստեղծվեցին, բայց այդպես էլ մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, մենք նմանատիպ բազմաթիվ փորձեր ենք ունեցել…

-Արդյունավետության համար պատասխանատուն միայն ես եմ: Այնպես որ, հանձնաժողովի արդյունավետության հետ Դուք գործ չունեք: Դուք ինձանից եք պահանջում աշխատանք:

-Վստա՞հ եք, որ պրոբլեմները չեն թաղվի:

-Կրկնում եմ` առողջապահության ոլորտի աշխատանքի համար անձամբ ես եմ պատասխանատու, իսկ հանձնաժողով ստեղծվում է, թե ոչ, Ձեր հոգսը չէ:

-Իսկ այդ հանձնաժողովը պետակա՞ն միջոցներով է գործելու, թե՞ Ձեր անձնական միջոցներով եք վճարելու դրա անդամներին:

-Հանձնաժողովը աշխատելու է հասարակական հիմունքներով:

-Ստացվում է, որ բոլորն առանց վճարվելու, ստուգելու՝ վերահսկելու են նախարարության աշխատակիցների գործունեությո՞ւնը:

-Հանձնաժողովի աշխատակիցները լրացուցիչ չեն վճարվելու: Եթե նոր ներգրավված աշխատակիցներ դրսից լինեն, նրանք կստանան իրենց աշխատանքի վայրում իրենց գումարը: Ոչ մի լրացուցիչ կոպեկ պետական միջոցներից չի վճարվի:

-Այսինքն՝ դրսից ներգրավված աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար Ձեր սեփական միջոցներո՞վ եք վճարելու:

-Այո՛:

-Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ձեր միլիոնատեր լինելու փաստին, ասել էիք, թե ցանկացած մոսկվացի, եթե վաճառի իր բնակարանը, միլիոնատեր կդառնա, եւ, առհասարակ, նշել էիք, թե կարող եք բժշկին հարցնել՝ հնարավո՞ր է արդյոք բժշկությամբ զբաղվելով` միլիոնատեր դառնալ: Հաշվի առնելով, որ հանձնաժողովում դրսից ներգրավված աշխատակիցներին Ձեր միջոցներով եք վճարելու՝ կարո՞ղ է Ձեր Մոսկվայի բնակարանն եք վաճառել եւ որոշել եք գումարն այս նպատակին ծառայեցնել :

-Հասարակական հիմունքներով՝ նշանակում է անվճար, իսկ, առհասարակ, Երեւանում շատ եւ շատ լավ մարդիկ կան, որոնց հիմնական մասը իմ ընկերներն են, այնպես որ, ինձ օգնում են:

-Ի դեպ, ինչ Դուք նշանակվել եք նախարարի պաշտոնում, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցները միմյանց հետ ռուսերեն են խոսում:

-Ասեմ, որ զգում եմ նման բան, եւ ինձ վրա աշխատում եմ, որ ամբողջովին հայերենի անցնեմ, չնայած ԵՏՄ-ին (ծիծաղում է. Ք.Մ):

-Եթե Դուք հայերենի հարցում դժվարություն ունեք, մի բան է: Մեկ այլ բան է այն, թե ինչու են Ձեր աշխատակիցները ռուսերենի անցել…

-Աշխատակիցների առումով կասեմ, որ խնդրել եմ, որպեսզի իրենք ինձ ուղղեն անկաշկանդ, առանց ամաչելու:

Քնար Մանուկյան




Լրահոս