«Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը վերջին շրջանում ակտիվություն չի դրսեւորում. կարծեսն նրանց մոտ եւս մարել է պայքարի ոգին: Չնայած խորհրդի անդամների վստահեցումներին, որ իրենք հաստատակամ են լինելու իրենց պայքարում, առայժմ դրա դրսեւորումներին հանրությունն ականատես չի լինում:
Եթե նախկինում ամեն օր հանրահավաքներ էին հրավիրվում, որոնք հետո փոխարինվեցին յուրաքանչյուր ուրբաթ օրը կազմակերպվող հավաքներով, ապա վերջին շրջանում նաեւ ամենշաբաթյա այդ հանրահավաքներն են դադարեցվել:
Հիշեցնենք, որ խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մոտ երկու շաբաթ առաջ հայտարարել էր, որ շուտով լինելու են հստակ քայլեր, սական առայժմ դրանց շուրջ տեսանելի գործընթացներ չկան: «Ժողովուրդ»-ը այս անորոշ իրավիճակի եւ «Սասնա Ծռեր» քաղաքական խորհրդի ճակատագրի մասին զրուցել է խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ:
-Պարո՛ն Ենիգոմշյան, վերջին շրջանում «Սասնա Ծռեր» քաղաքական խորհուրդը որեւէ ակտիվություն չի ցուցաբերում, անգամ տեղի չեն ունենում ամեն ուրբաթ անցկացվող հանրահավաքները: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ոչ մի առանձնահատուկ, էկզոտիկ բան չկա:
-Բայց ինչո՞ւ առանց պատճառի, առանց որեւէ հայտարարության Դուք դադարեցրիք հանրահավաքներ իրականացնել:
-Ինչ-որ լինում է, միանգամից է, չէ՞, լինում. Սեւակն է ասել:
-Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ձեր խորհուրդը խնդիրների է բախվել:
-Խնդիր չկա, ոչ մի արտառոց բան պետք չէ ման գալ: Դա շատ երկար չի տեւի. հստակեցումներ կլինեն:
-Անգամ լուրեր շրջանառվեցին, որ խորհուրդը լուծարվելու է…
-Նման բան չկա: Մամուլում նման բան շրջանառվեց, բայց չկա նման բան:
-Իսկ խորհուրդի անդամներով հանդիպումներ, քննարկումներ լինո՞ւմ են:
-Իհարկե, իհարկե լինում են:
–Մոտ երկու շաբաթ առաջ Դուք մեզ հետ զրույցում հավաստիացրեցիք, որ կարճ առաջիկայում կլինեն հստակ, տեսանելի քայլեր: Ինչո՞ւ են այդ քայլերը հապաղում:
-Կարող է, ուշանում է, իհարկե, լռությունը նշանակում է, որ չկան այդ քայլերը, բայց ժամանակի խնդիր է: Ես ավելին ասելու հիմա պատրաստ չեմ, բայց ոչ մի խնդիր չկա:
-Իսկ գոնե կարո՞ղ եք հիմա հստակ ասել, թե երբ կտեսնենք ձեր կողմից իրականցվող կոնկրետ գործողություններ:
-Երբ որ տեսնեք: Հստակեցում կլինի՝ ես ասում եմ:
-Այն ժամանակ էլ էիք այդպես ասում…
-Կլինի, կլինի… ուղղակի այս պահին ոչ մի բան չունեմ ասելու:
Վահագն Հակոբյան