Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ երկրների ղեկավարները աջակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Այդ պայմանավորվածություններն ուղղված են հակամարտության գոտում լարվածություն թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանը և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շարունակականության համար պայմաններ ստեղծելուն:
Նիստի ընթացքում հաստատվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նշեց Նախագահ Սարգսյանը:
Նա հավելեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, մասնավորապես ուժի և սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահասարության և ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում: