«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀԱՊԿ խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան վերստին հիշեցրեց մի խնդրի մասին, որը վերջին տարիներին պարբերաբար ի հայտ է գալիս: Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ երեկ՝ կեսգիշերից սկսած, ողջ օրը փորձել են հակապուտինյան ակցիաներ կազմակերպել: Ավելին՝ ակցիաներն իրականացրել են «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսի ներքո:
Ակցիայի նպատակն էր ՌԴ նախագահին ցույց տալ, որ Հայաստանում իրեն ոչ ոք չի սպասում: Ենթադրենք՝ ակցիան հաջողվում էր, եւ ՌԴ նախագահը վիրավորված վերադառնում էր Մոսկվա, ի՞նչ էր շահելու Հայաստանը: Եթե որեւէ մեկը կարծում է, որ այդպիսով Հայաստանը «կանկախանա» Ռուսաստանից, ապա չպետք է մոռանալ, որ նա աշխարհագրական տարածքով աշխարհի ամենամեծ պետության, գերտերության երկարամյա ղեկավարն է: Նրա մոտ հակահայկական ինչ-որ տրամադրություն առաջացնելը ի՞նչ օգուտ է տալու մեզ: Անշուշտ, Ռուսաստանին, Ամերիկային, Եվրոպային չսիրելը կամ ատելը ՀՀ ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքն է: Բայց միաժամանակ ՀՀ քաղաքացու պարտքն է պետությանը չվնասելը:
Հ.Գ. Ի դեպ, քաղաքացիական ակտիվիստների այս «հակա» տեսակը տարածում ստացավ վերջին երեք տարիներին: 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո Հայաստանի քաղաքացիական հասարակությունը լուրջ որակական փոփոխություն էր կրել: Հասարակական կյանքում այն տարեցտարի ավելի ազդեցիկ էր դառնում: Մինչեւ 2012 թվականը քաղաքացիական հասարակությունը մի քանի անգամ ՀՀ իշխանություններին ստիպեց զիջումների գնալ: Սակայն այն պահից, երբ «հակա»-ի ցեցը սկսեց պատել քաղաքացիական հասարակությանը, նրանք սկսեցին բաժանվել «հակառուսի», «հակաեվրոպացու» կամ «հակաամերիկացու»: Այդ հզոր ուժը բզկտվելով՝ վերածվեց փոքրիկ խմբակների, որոնք իրենց երկրում առկա բացասական երեւույթների դեմ պայքարելու փոխարեն սկսեցին աշխարհաքաղաքական կենտրոնների` հողմաղացների դեմ մարտնչել: Թերեւս ժամանակն է հետեւություններ անելու եւ գործելու բացառապես հայամետ դիրքերից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: