Պուտինն ու Լուկաշենկոն ՆԱՏՕ-ին ստիպում են հարգել ՀԱՊԿ-ին. «Մոսկովսկի կոմսոմոլեց»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները երեկ Երևանում կայացած գագաթաժողովի շրջանակներում ընդլայնել են անհապաղ արձագանք պահանջող մարտահրավերների ցուցակը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը:

Ահաբեկչությունից, ծայրահեղականությունից, միջէթնիկ և ազգամիջյան կոնֆլիկտներից զատ, ցուցակում են ներառվել Արևմուտքից եկող սպառնալիքները՝ հակահրթիռային պաշտպանական համակարգերի (ՀՀՊ) միակողմանի տեղակայումը, գլոբալ ազդեցության հայեցակարգը, ինչպես նաև «գունավոր հեղափոխությունները», նշում է պարբերականը:

«Հայաստանում այդ գագաթաժողովի անցկացումը հղի է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացմամբ, որոնց դաշինքի մյուս երկրներն իրենց գործընկերն են համարում»,-գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մրսածությունը, ինչպես նշում է պարբերականը, Երևանում ընդունվեց որպես «դիվանագիտական մրսածության» վառ ազդանշան:

«Դա պատրվակ էր՝ իր թուրքալեզու ընկերներին չնեղացնելու համար»,-պարբերականը մեջբերում է Հայաստանում հնչող կարծիքները:

Սակայն այդ տրամադրությունները չխանգարեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Կովկասին բնորոշ հյուրընկալություն ցուցաբերել և դիմավորել իր գործընկերներին, ընդգծում է պարբերականը:

«ՆԱՏՕ-ն չի ցանկանում ճանաչել ՀԱՊԿ-ն: Եթե մենք խնդրենք, նրանք երբեք մեզ չեն ճանաչի: Պետք է ոչ թե խնդրել, այլ ստիպել»,-ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով չնայած նրան, որ ելույթ չունեցավ գագաթաժողովին, գլխով հասկացրեց, որ համաձայն է Լուկաշենկոյի հետ:

Եվս մեկ «փշոտ» հարց քննարկվեց, ինչպես գրում է պարբերականը, դաշինքի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը: Որոշում ընդունվեց Նիկոլայ Բորդյուժային ևս մեկ տարի թողնել դաշինքի ղեկին: Պարբերականի խոսքով՝ Սերժ Սարգսյանը մի ամբողջ ցուցակ էր կազմել գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, որում ներառված էին ՀՀ պաշտպանության նախկին նախարարների՝ Սեյրան Օհանյանի և Վաղարշակ Հարությունյանի անունները, ինչպես նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի անունները:

2 ժամ բուռն քննարկումից հետո նախագահները լրագրողներին են մոտեցել ձեռնունայն. նոր գլխավոր քարտուղարի հարցը հանվել է օրակարգից:

Նիստի արդյունքներով ՀԱՊԿ անդամները, ինչպես նշում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, ավելի քան 20 փաստաթուղթ են ստորագրել, որոնք վերաբերում են ռազմական դաշինքի զարգացման հեռանկարներին:

 

Քրիստինե Պողոսյան




Լրահոս