Ավտոբուսի պայթյունի գործով. ինչո՞ւ իրավապահները չեն բացում ենթադրյալ մեղադրյալի տան դուռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ապրիլի 25-ի ուշ երեկոյան Երեւանի Հալաբյան փողոցում հասարակական տրանսպորտի պայթյունի ենթադրյալ հեղինակ Ռուբեն Բալյանի մայրը` Կլարա Ոսկանյանը, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ պատրաստվում է գրավոր դիմում ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Բանն այն է, որ Ձորաղբյուրում գտնվող առանձնատունը, որտեղ բնակվելիս է եղել Ռուբեն Բալյանը, պատկանում է Կլարա Ոսկանյանին: Վերջինիս փոխանցմամբ` հենց դեպքի օրը` ավելի քան վեց ամիս առաջ, իրավապահները կապարակնքել են առանձնատան դուռը, եւ մինչ օրս իր մուտքն արգելվում է. «Ես խորհրդակցել եմ իրավաբանների հետ, եւ բոլորը միաբերան փաստում են, որ հնարավոր չէ ամիսներ շարունակ փորձաքննություններն ու խուզարկություններն ավարտին չհասցնել` արդյունքում խոչընդոտելով քաղաքացու` ել ու մուտի իրավունքին: Եւ այժմ ես պատրաստվում եմ դիմումներն ուղարկել համապատասխան կառույցներին, որպեսզի հասկանամ` գործի անհիմն եւ առանց պատճառաբանության ձգձգվելն ինչի հետ է կապված, եւ ինչու են ինձ արգելում ազատ մտնել իմ տուն»,- վրդովված ասաց Կ. Ոսկանյանը:

Վերջինս հավելեց, որ իրեն տեւական ժամանակ է` հարցաքննության են հրավիրում, սակայն առողջական խնդիրների պատճառով ինքը չի կարողանում ներկայանալ. «Կատարվածի շուրջ հրապարակումներից մեկում թյուրիմացություն էր եղել: Ես ասել էի, որ որդիս ձեռքի շնորհք ունի, մասնագիտության բերումով կարողանում է տարբեր բաներ պատրաստել, սակայն պայթուցիկներ երբեք իմ ներկայությամբ չի պատրաստել: Խնդիր էր առաջացել նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց»-ի պետի անվան շուրջ: Ես ասել էի, որ Արսեն Աֆրիկյանն է որդուցս գումար պահանջել` ինչի դիմաց որդիս կարողանում էր երկրից դուրս գալ, քանի որ նա ստորագրությամբ ազատ էր արձակվել և երկրից դուրս գալու իրավունք չուներ:  Աֆրիկյանին տրվող գումարն անձամբ ես եմ վճարել: Հնին անդրադառնալու կարիք չէր լինի, եթե նոր դեպքեր չլինեին: Ես պարզել եմ նաեւ, որ հիվադանոցում որդիս ծանոթացել է ոմն Արսեն Մկրտչյանի հետ, ով իմ, տեղեկություններով` փաստաբան է եւ աշխատել է նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարությունում: Հենց նա էլ որդուս խնդիրների մեջ է գցել: Ավելին, ես անձամբ նրան եմ գումարները փոխանցել, որոնք ինքը պահանջում էր, ու պարզվում է` նա դրանք անօրինական ձեւով է ուզել, այդ պատճառով էլ անդորագրեր չի տվել»:




Լրահոս