Եղանակը տհաճ անակնկալներ կմատուցի. սպասվում են ձյան տեսքով տեղումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է, որ հոկտեմբերի 17-19-ին հատկապես Արցախում, Սյունիքում, Լոռիում և Տավուշում հարկավոր է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. «Հոկտեմբերի 17-ին մեր երկիր Ուրալի տարածքից ներթափանցելու է արկտիկական ճակատ, որը Հայաստանում գործելու է մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ:

Հոկտեմբերի 17-18-ին, 16-ի հետ համեմատած, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 15-20 աստիճանով, իսկ մյուս մարզերում 8-10 աստիճանով: Ամենացուրտ օրը կլինի ամսի 18-ը: Հոկտեմբերի 17-19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի բոլոր այն բնակավայրերում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1000մ-ից բարձր բարձրության վրա սպասվում են ձյան առատ տեղումներ, մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:

Արագածոտնի, Կատայքի և Վայոց Ձորի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում ձյան տեղումները կլինեն թույլ, իսկ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում , Վայոց Ձորի նախալեռներում ինչպես նաև Երևանում սպասվում է թույլ անձրև: Միայն Շիրակում այդ ցիկլոնի ազդեցությունը գրեթե չի զգացվի, այստեղ տեղումների հավանակնությունը շատ փոքր է:

Հոկտեմբերի 20-ից ցիկլոնը կթուլանա և օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կբարձրանա»:




Լրահոս