ՀՀԿ-ի քարոզչական թիմը կփոխվի. հնաբնակները ստիպված էին ինքնուրույն կազմակերպել իշխող կուսակցության քարոզչությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ի քարոզչության համար պատասխանատուները բավական ծանր կացության մեջ են հայտնվել, ինչի արդյունքում նրանք հնարավոր է՝ զրկվեն եկող տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզչությամբ զբաղվելու իրավունքից:
Մինչ իրադարձությունների զարգացումները ներկայացնելը, նկատենք, որ ներկայումս ՀՀԿ-ի քարոզչության պատասխանատուները, այսպես կոչված, հնաբնակներին հավատարիմ երիտթեւն է: 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի ձեռքից վերցվեց ՀՀԿ-ի քարոզչության կառավարումը: Արդյունքում, ՀՀԿ-ի հնաբնակների տիրապետմանը հանձնվեցին մի քանի կայքեր, որոնցից մեկը միայն ինչ-որ չափով վարկանիշ ունի, եւ մեկ հեռուստաալիք: Իհարկե, հնաբնակների իրական նպատակը Միքայել Մինասյանի մեդիահոլդինգի նկատմամբ վերահսկողություն ստանալն էր, բայց այդ խնդիրը նրանց չհաջողվեց լուծել: Արդյունքում, 2014-ից զուգահեռ սկսեցին գործել երկու իշխանական քարոզչական համակարգեր: Միքայել Մինասյանի` երիտիշխանության թեւը սկսեց զբաղվել Սերժ Սարգսյանի եւ իրենց թիմակիցների քարոզչությամբ:

Իսկ ՀՀԿ-ի հնաբնակները ստիպված էին ինքնուրույն կազմակերպել իշխող կուսակցության քարոզչությունը իրենց տիրապետմանն հանձնված լրատվամիջոցների միջոցով:
Այս նոր բաժանման առաջին լուրջ փորձությունը տեղի ունեցավ այս տարվա ապրիլի 17-ին՝ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Այդ ընտրություններից հետո պարզվել է, որ իշխանական թեկնածուն` Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, բավական լուրջ գումարներ է վճարել ՀՀԿ-ի իշխանական քարոզչության պատասխանատուներին, բայց փոխարենը, կարելի է ասել, ոչինչ չի ստացել: Միլիոնավոր դրամների դիմաց մատուցված քարոզչությունը սահմանափակվել է իշխանական քարոզչության պատասխանատուների կայքում մեկ-երկու նյութ հրապարակելով եւ ՀՀԿ-ին պատկանող հեռուստաալիքով Դանիելյանի հետ հարցազրույց հեռարձակելով: Վերջինիս հետ տեղի ունեցածը հանրապետականների շրջանում ընկալվել է իբրեւ նրա անձնական խնդիր: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ականները համարել են, որ Արամ Դանիելյանն է մեղավոր, որ «հարիֆ-հարիֆ» գումարները տվել է՝ չիմանալով՝ ինչի համար է վճարում:

Սակայն Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո ՀՀԿ-ի ներսում սկսված ռազբորկաների ժամանակ քարոզչության պատասխանատուների հարցը արդեն լուրջ է բարձրացվել: Բոլոր վերլուծությունները ցույց են տվել, որ քարոզչության ազդեցությունը վերը նշված երկու ընտրությունների արդյունքներում եղել է զրոյական: Փաստացի, ի սկզբանե ակնհայտ է եղել, որ ՀՀԿ-ն Գյումրիում եւ Վանաձորում ընտրակաշառքներով եւ վարչական ռեսուրսներով 15 հազարական քվե, ամեն դեպքում, կունենա: Արդյունքում, պարզվել է, որ չնայած Գյումրիի եւ Վանաձորի քարոզչության վրա մի քանի տասնյակ միլիոն դրամ է ծախսվել, բայց անարդյունք:
Օրինակ՝ Մամիկոն Ասլանյանի հետ հարցազրույց է կազմակերպվել, հրապարակվել, որի համար ՀՀԿ քարոզչական պատասխանատուները կլորիկ գումար են վերցրել, մինչդեռ դա կարող էին անել կուսակցական ռեսուրսներով, որոնք ստեղծվել են հենց ՀՀԿ-ական թեկնածուներին սատարելու համար:

Ինչեւէ, առջեւում խորհրդարանական ընտրություններն են, որոնց ժամանակ քարոզչության նպատակով հարյուրավոր միլիոն դրամներ են ծախսվելու: Արդյունքում, բնական հարց է ծագել՝ արդյոք իմաստ ունի նման գումարները վստահել մարդկանց, որոնք իրենց վստահված գումարների տասը տոկոսի չափով արդյունք չեն կարողանում ապահովել: Նրանք արտաքին շղարշ են ապահովում միայն:
Մի խոսքով, ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ի քարոզչության պատասխանատուների ողջ կազմը փոխվելու է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս