Հոկտեմբերի 5-ին` երեկոյան, «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ Վանաձորի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի էր ենթարկել Վանաձորի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Փելեշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 118 (ծեծ) հոդվածի հատկանիշներով: Սա նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, կամ կալանք` առավելագույնը երկու ամիս ժամկետով: Հիշեցնենք` Փելեշյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Եվ այսպես՝ քրեական անցյալով եւ ներկայով հայտնի Ակային ստորագրությամբ ազատելու եւ նրա նկատմամբ հարուցված քրեական գործի հատկանիշները թույլ են տալիս վստահորեն գալ այն եզրահանգման, որ Փելեշյանը ջրից չոր դուրս կգա:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով դեպքից անմիջապես հետո ականատեսն է եղել ամեն ինչին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ հարուցված քրեական հոդվածն առավել քան մեղմ է: Սաքունցը մեկնաբանում է, որ դեպքի վայր ժամանած իրավապահները տեղում քննչական գործողություններ անելուց եւ տեսանյութերն ուսումնասիրելուց հետո միանգամից նույնականացրել են Փելեշյանի հետ ներխուժածներից երեք հոգու եւ նրանց նկատմամբ հետախուզում հայտարարել:
Փաստորեն, ինչպես նկատում է իրավապաշտպանը՝ ապացուցվում է դեպքին խմբի առկայությունը. «Արդեն իսկ ակնհայտ է, որ այստեղ կազմակերպված խումբ է եղել, որը նախապես կազմակերպել եւ ներխուժել է անձնական տարածք: Այստեղ նաեւ կարեւոր է այն հանգամանքը, որ տուժող Ռաֆայել Գրիգորյանը ցանկացել է դուրս գալ, պաշտպանվել, փախչել, սակայն նրան խոչընդոտել եւ շարունակել են ծեծել: Ավելին՝ դրսում եւս եղել են մարդիկ, որոնք մեզ են խանգարել ներս մտնել եւ օգնել Գրիգորյանին: Սա էլ մարդուն ապօրինի ազատությունից զրկելն է: Միանշանակ, հոդվածը, որով հարուցվել է քրեական գործը, ոչ մի առնչություն չունի կատարվածի հետ»,- շարունակեց Ա. Սաքունցը:
Վերջինս հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին առաջարկել է վերավորակել գործը եւ հարուցել ՀՀ ՔՕ 119 հոդվածի հատկանիշներով, այն է` խոշտանգումը` ֆիզիկական եւ հոգեկան վնաս պատճառելը, որը ենթադրում է 3-7 տարվա ազատազրկում այն դեպքում, երբ կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից. «118 հոդվածը խմբի հանգամանքն իր մեջ չի ներառում: Քրեական գործի փաստական ապացուցողական բազայի համար պետք է բոլոր հանգամանքները հաշվի առնվեն. մտել է, հայհոյել է, մի քանի անգամ ապտակել է, ազատությունից զրկել է: Իրադարձությունները զուտ քաղաքական այնպիսի ենթատեքստ ունեն, որոնք դրսեւորվեցին ավագանու քվեարկությամբ: Մենք ընթացքում ներկայացնելու ենք վերավորակման միջնորդություն. կընդունվի, թե ոչ, դա հարցի մյուս կողմն է»:
«Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 12-ին հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովն ազատվել է պաշտոնից ու նշանակվել Գուգարքի բաժնի պետ: Հիշեցնենք, որ Էրիկ Շարմազանովը, որը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարազատ եղբայրն է, նույն Արկադի Փելեշյանի քավորն է: Իսկ վերը նշված միջադեպը տեղի էր ունեցել հենց Տարոնի բաժնի իրավասության տարածքում:
Տաթեւ Հարությունյան