Հերմինե Նաղդալյանն առանձնազրույց է ունեցել Պեդրո Ագրամունդի հետ. ԵԽԽՎ սկանդալի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը մեկնարկել է: Երեկվա նիստը բավականին բուռն եւ լարված մթնոլորտում է անցել: Ադրբեջանը հերթական անգամ վեհաժողովի ամբիոնը օգտագործեց հակահայկական քարոզչության նպատակներով: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը իր ելույթում ասել է, թե Հայաստանում բոլոր անկախ լրագրողներին սպանում են: Նա որպես օրինակ բերել է իր բնական մահով մահացած լրագրող Միքայել Դանիելյանին. «Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են»,- ասել է Հուսեյնովը:

Սրան ի պատասխան` հայկական պատվիրակության անդամները կոշտ արձագանքով հակադարձել են Հուսեյնովին, ինչի հետեւանքով ՀՀ պատգամավորներին զրկեցին խոսելու իրավունքից: Մասնավորապես, ԵԽԽՎ լիագումար նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով Հուսեյնովի հայտարարությանը, Ռաֆայել Հուսեյնովին խորհուրդ է տվել դիմել հոգեբույժի: ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը, ի պատասխան Զոհրաբյանի արձագանքին, զգուշացրել է, որ ոչ կոռեկտ արտահայտվելու դեպքում ձայնից կզրկի հայկական պատվիրակության անդամներին. «Դուք Ադրբեջանի ծախված լոբբիստն եք, ինչպես Իտալիայի պատգամավոր Լուկա Վոլոնտեն: Դուք իրավունք չունեք լռեցնելու անկախ պատգամավորի ձայնը»,- ինչից անմիջապես հետո Նաիրա Զոհրաբյանի խոսափողը անջատել են: Այդուհանդերձ, Նաիրա Զոհրաբյանը շարունակել է իր ելույթը առանց խոսափողի:
Նշենք, որ Հուսեյնովի զրպարտիչ հայտարարությանն արձագանքել են նաեւ հայկական պատվիրակության անդամներից Նաիրա Կարապետյանը, Միքայել Մելքումյանը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հայկական պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը կատարվածից հետո առանձնազրույց է ունեցել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդի հետ` քննարկելով հայ պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելու հարցը:

-Մենք հանդիպեցինք ԵԽԽՎ նախագահի հետ, քննարկեցինք խնդիրները: Ես պարոն Ագրամունդին պարզաբանեցի, որ ո՛չ Նաիրա Կարապետյանի, ո՛չ Նաիրա Զոհրաբյանի միկրոֆոնն անջատելու կանոնակարգային ընթացակարգ չկա, եւ նախագահողը չունի նման լիազորություններ: Որովհետեւ ազատ դեբատի պարագայում գոյություն ունի 1 սահմանափակում: Դա այն է, որ պատգամավորը չի կարող խոսել այնպիսի թեմաների շուրջ, որոնք քննարկվել են լիագումար նիստի օրակարգում: Այդպիսի առանձին դեպքեր լինում են: Նույն դեբատի ժամանակ Թուրքիայի ներկայացուցիչը երբ խոսեց, նա կրկին սահմանափակեց, թե այդ թեման արդեն խոսվել է:

-Ինչպե՞ս արձագանքեց ԵԽԽՎ նախագահը Ձեր պարզաբանմանը:

-Առավոտյան բյուրոյում եւս նման բանավեճ եղավ պարոն Ագրամունդի հետ: Նա բացատրություն տվեց, որ ինքը չի զրկել Նաիրա Զոհրաբյանին ձայնից, այլ վերամիացրել է խոսափողը եւ թույլ է տվել, որ շարունակի իր ելույթը:

-Կմանրամասնեք Ձեր առանձնազրույցի մասին:

-Հանգամանալից խոսեցինք այն մասին, որ մեր խորին համոզմամբ` նման վարքագիծ կամ արձագանք, նույնիսկ եթե թեմաները Ձեզ դուր չեն գալիս, չպետք է լինեն: Նա հղում արեց պառլամենտական հարթակին, որ կոռեկտ լինեն բոլորը, կամ վիրավորանք չասեն, ինչը մերկապարանոց էր, քանի որ Հուսեյնովը Ադրբեջանից, որը մշտապես իր ելույթների մեջ ընտրություն չի կատարում բառապաշարի հարցում, Ագրամունդը այդ ժամանակ բուռն չի արձագանքում

Քննարկման ժամանակ ներկա էին նաեւ կանոնակարգի փորձագետներ, որոնց հետ քննարկեցինք ԵԽԽՎ կանոնակարգի կետերը եւ պայմանավորվեցինք, որ կուսումնասիրվի, թե ադրբեջանցի գործընկերները վերջին մեկ տարվա ընթացքում որքանով են ոչ խորհրդարանական բառապաշար օգտագործել, որոնք մնացել են առանց հանդիմանանքի:

Տաթեվ Հարությունյան




Լրահոս