Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը նույնիսկ ամենաչնչին հարցերում հարցնում են Պուտինի կարծիքն ու կատարում նրա կամքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս կայացավ ԱՄՆ-ի նախագահական երկրորդ բանավեճը, որը նախորդից տարբերվեց միայն արտաքին մի շարք առանձնահատկություններով: Հարկ է նկատել, որ եթե առաջին բանավեճին Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը ամենեւին էլ պատրաստված չէր, ապա այս անգամ նույն անպատրաստ կեցվածքը փոխհատուցված կարելի է համարել նրա կարծիքների խստությամբ ու արմատականությամբ: Ի հեճուկս դրան` Քլինթոնը պահպանեց իր սառնասիրտ կեցվածքը, ինչը, սակայն, որոշակիորեն խամրեց Թրամփի կոնկրետ մեղադրանքների ֆոնին:

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի Սենթ Լուիս համալսարանում կայացած նախագահական երկրորդ բանավեճում ամերիկյան լրատվամիջոցների կողմից հաղթանակը կրկին վերագրվել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնին: Վերջինիս հաղթանակի հիմնական պատճառը կապվում է «նախագահական կեցվածքի» հետ: Ըստ հարցումներին մասնակցած ամերիկացիների` Թրամփի գերագույն խնդիրը նախագահական պահվածք չունենալն է: Այդ շարքում հիշատակելի են թեկնածուի անհարկի ընդհատումները, քաղաքական կոռեկտության բացակայությունը, ձեւակերպումների մեջ խտրություն չդնելը եւ այլն:

Պնդելի է, որ Քլինթոնի «հաղթանակը» բացառապես Թրամփի հախուռն կեցվածքի արտահայտությունն է: Քլինթոնը, քաղաքական երկարակյացներից լինելով, լավագույնս սերտել է հանդիսատեսի հետ շփվելու կանոնները, ինչի վկայությունն է այն հանգամանքը, որ Թրամփի բռի արտահայտություններին նա արձագանքում էր հանդարտորեն, նախադասությունները ճշգրտորեն կազմելով եւ հատկապես ժպիտով: Կարծիք կա, որ Քլինթոնը հաղթել է նաեւ այն պատճառով, որ թույլ էր տալիս Թրամփին խոսել` այդ կերպ ցուցադրելով իր գերազանցությունը անկայուն խոսվածք ու բնավորություն ունեցող մրցակցից:

Բնականաբար, Քլինթոնին հաղթող հռչակելով` հասարակական կարծիք ձեւավորելու վրա մեծագույն ազդեցություն ունեցող վերլուծաբանները պիտի Թրամփին պարտված ներկայացնեին: Ի հեճուկս նրա, որ այս բանավեճում Թրամփը շատ ավելի ակտիվ էր ու կայուն` հանրապետականների թեկնածուն չկարողացավ խուսափել երկու կարեւորագույն խնդիրներից: Առաջինն առնչվում էր վերջին օրերին ԱՄՆ քաղաքական կյանքը փոթորկած տեսաժապավենին, որտեղ Թրամփը գռեհիկ արտահայտություններ էր թույլ տալիս կանանց հասցեին, իսկ երկրորդը` դեմոկրատ թեկնածու Քլինթոնի ամուսնու` ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի անձնական կյանքին:

Շատերը կհիշեն, որ 1998թ. ԱՄՆ-ում պայթել էր նախագահ Քլինթոնի ինտիմ կյանքին վերաբերող սկանդալը, որը նույնիսկ հանգեցրեց նախագահի իմպիչմենտին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Եվ ահա, Թրամփը, իր վուլգար խոսքերի համար ներողություն հայցելով հանդերձ, օրինակ էր բերում նախագահ Քլինթոնի նույնօրինակ գործողությունները` շեշտելով, որ Քլինթոն ամուսինները ժամանակին բարոյապես ոչնչացրել էին նախագահի սիրուհիներին: Այս հարցում բանավեճը խիստ ցածր մակարդակի իջավ, ինչը արձանագրվեց ոչ միայն Հիլարի Քլինթոնի կողմից, այլեւ հեղինակավոր վերլուծաբանների: Վերջիններից Չարլ Քրաութամերը, հերթական անգամ մեկնաբանելով բանավեճը, պնդում էր, որ Թրամփն իր պահվածքով կարողացավ փրկել տապալված քարոզարշավը:

Հաշվի առնելով նախորդ բանավեճում Թրամփի պարտությունը, ինչպես նաեւ վերոհիշյալ տեսագրության հրապարակումն ու դրա արդյունքում բազմաթիվ հեղինակավոր հանրապետականների կողմից Թրամփին սատարելու որոշումների չեղարկումը` Քրաութամերը բացատրում էր, որ բանավեճը Թրամփի համար կենաց մահու պայքարի հարթակ էր, որից թեկնածուն հաջողությամբ դուրս եկավ:

Հիմնավոր է տարածված այն կարծիքը, որ Թրամփը հաղթեց Հանրապետական կուսակցության հիմնական ընտրողների համար, որոնք ծարավ են քլինթոնյան «կլանի» դեմ ամուր ու վստահ պայքարի պատրաստ թեկնածուի: Սակայն այդպիսի էլեկտորատը ԱՄՆ-ում այնքան էլ մեծ չէ, որպեսզի որոշի ընտրության ելքը:
Թրամփ-Քլինթոն բանավեճում չշրջանցվեցին նաեւ արտաքին քաղաքականության հիմնահարցերը: Այդ համատեքստում առանցքային էր Ռուսաստանի դերակատարության խնդիրը: Հիշելով Թրամփի դրական խոսքերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին` Քլինթոնի շրջապատը շարունակաբար տարածում է այն կարծիքը, որ Թրամփը հստակ աջակցություն է ստանում Մոսկվայից:

Իրավամբ, ռուսական լրատվամիջոցները դադար չունեն Քլինթոնին անվանարկելու, իսկ Թրամփին` գովաբանելու հարցում: Սակայն թե՛ Թրամփի, թե՛ նրա փոխնախագահի թեկնածու Փենսի տեսակետները Պուտինի առնչությամբ գուցե եւ ավելի կոպիտ են, քան կարելի է պատկերացնել: Պնդելի է, որ Թրամփի ու Փենսի դրական կարծիքը Պուտինի մասին ուղղակիորեն շաղկապված է Օբամայի մասին ունեցած տեսակետին: Օբամային համարելով թույլ առաջնորդ` հանրապետականի թեկնածուները սոսկ արձանագրում են, որ Պուտինը ոչ թե լավ կամ վատ անհատականություն է, այլ սոսկ «ուժեղ»:

Փոխնախագահների բանավեճում Փենսը բառացիորեն հայտարարել էր հետեւյալը. «Երբ Դոնալդ Թրամփն ու ես ուսումնասիրում ենք Սիրիան, Իրանը, Ուկրաինան, տեսնում ենք, որ Ռուսաստանի փոքր եւ ահաբեկիչ առաջնորդն ավելի ուժեղ է միջազգային բեմում, քան այս վարչակազմը, ինչը տխուր փաստի արձանագրումն է:

Սա Վլադիմիր Պուտինի պաշտպանությունը չէ, այլ Հիլարի Քլինթոնի եւ Բարաք Օբամայի թույլ եւ ապիկար կառավարման մեղադրական ակտը»:

Հայաստանում Վլադիմիր Պուտինը սիրված է ու ընդունելի թե՛ ժողովրդի, թե՛ քաղաքական դերակատարների բացարձակ մեծամասնության կողմից: ՌԴ նախագահի գրեթե ցանկացած քայլ արժանանում է հայության մեծ մասի հիացմունքին: Եթե հասարակության կողմից նման հիացմունքը ինչ-որ տեղ հասկանալի է` հաշվի առնելով խորհրդային նոստալգիան ու «ուժեղ» նախագահի բարդույթը, ապա հայաստանյան քաղաքական ընտրանու պահվածքը, մեղմ ասած, տարակուսելի է: Մի շարք բացառությունները չհաշված` Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը նույնիսկ ամենաչնչին հարցերում հարցնում են Պուտինի կարծիքն ու կատարում նրա կամքը:

Օրինակ` գոյություն չունի Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան որեւէ հանդիպում, որի ժամանակ վերջինս իր «հսկայածավալ» շնորհակալությունները չարտահայտի: Նույնիսկ ավելորդ է խոսել Հայաստանի ներսում կառավարության ու առանցքային պաշտոններում ՌԴ իշխանությունների ցանկությունների բավարարման արատավոր պրակտիկայի մասին, ինչի լավագույն դրսեւորումը դարձավ Կարեն Կարապետյանի ու նրա նախարարների նշանակումը:

Ն. Հովսեփյան




Լրահոս