Գնողունակության անկումը, աղքատությունը հետևանք է այն բանի, որ դրսից եկող տրանսֆերտները պակասել են. Վահագն Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնանկումը կարող է վտանգավոր դառնալ ՀՀ տնտեսության համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.9 տոկոս գնանկում: Սակայն տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով արձանագրված գնանկումը վկայում է այն մասին, որ ՀՀ քաղաքացիները սկսել են ավելի վատ ապրել, մարդկանց գնողունակությունը, ինչպես նաեւ՝ սպառողների քանակը պակասել է, ինչի արդյունքում առեւտրի ծավալները կրճատվել են:

-Պարո՛ն Խաչատրյան, այս տարվա սեպտեմբերին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.9 տոկոս գնանկում: Ձեր կարծիքով ի՞նչի արդյունք է դա:

-Սա Հայաստանի քաղաքացիների աղքատացման եւ գնողունակության անկման արդյունք է: Այն նաեւ պայմանավորված է ներքին տնտեսական խնդիրներով. նկատի ունեմ, որ տնտեսության աճ չկա, աշխատատեղեր չկան: Սրան զուգահեռ` պաշտոնական վիճակագրությունն ասում է, որ բյուջետային հիմնարկներում միջին աշխատավարձերի բարձրացում չկա: Գնողունակության անկումը, աղքատությունը հետեւանք է այն բանի, որ դրսից եկող տրանսֆերտները պակասել են, եւ դրանց նվազումը էական ազդեցություն է թողնում թե՛ ՀՀ-ի էկոնոմիկայի, թե՛ մարդկանց եկամուտների վրա: Հետեւաբար դրա հետեւանքով պահանջարկ չկա: Շուկան ավելի փոքրացել է, ներմուծումը նախորդ տարիներից սկսած կրճատվել է: Եւ այս ամենի արդյունքում շուկայում պահանջարկ չկա, որը կբերի գների աճի:

-Ի՞նչ ազդեցություն կունենա արձանագրված գնանկումը Հայաստանի տնտեսության վրա:

-Ե՛ւ դրական, ե՛ւ բացասական: Եթե մրցակցային միջավայր լիներ, իհարկե, դրանից տնտեսությունը շատ կօգտվեր, որովհետեւ դա առանձին տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ կստեղծեր, ավելի մրցունակ վիճակում կգործեին: Բայց քանի որ մեր հանրապետությունում հավասար մրցակցային վիճակ չկա, ապա, ըստ էության, տնտեսության էֆեկտը մեծ չի լինի: Եթե ինֆլյացիան պլանավորված բյուջեի եւ ծրագրի շրջանակներում է, դա միանշանակ նպաստում է, իսկ եթե ոչ, ապա այդ դեպքում նույնիսկ գնանկումը իր մեջ վտանգավոր էլեմնտներ է պարունակում եւ զարգացմանը կարող է խոչընդոտել:

Ի վերջո, ինֆլյացիան երբ սահմանվում է պետական բյուջեով, ապա դա իր մեջ մի կարեւոր խնդիր է լուծում՝ հիմնականում տնտեսական աճին կարող է նպաստել: Հիմա եթե դա չկա, փաստորեն, տնտեսվարողները հաջորդ տարի այն գումարները, որոնք պետք է վաստակեին որպես եկամուտ, չեն ստանա: Հետեւաբար ներդրումներ չեն լինի, ընդլայնում չի լինի:

-Ներկայումս ՀՀ-ի տնտեսությունում ի՞նչ զարգացումներ են ընթանում: Արդյոք կա՞ն երեւույթներ, որոնք լավատեսության հույսեր են ներշնչում:

-Ցավոք, լավատեսության հույսեր ներշնչող երեւույթներ չկան: Այսինքն այն միտումները, որոնք այսօր կան, ընդհակառակը՝ շատ ավելի վտանգավոր են ապագայի համար, որովհետեւ այդտեղ չկան ներդրումներ, խնայողություններ, չկա նորմալ հարկահավաքություն, բյուջեի կատարում: Ի վերջո, պետական ծախսերի կրճատումը նաեւ տնտեսության զարգացման վրա բացասական հետեւանք կունենա, եւ շուկան կնեղանա: Այսօրվա տնտեսության զարգացման ցածր տեմպը չի թողնում, որ պետական բյուջեում ազատ միջոցներ հայտնվեն, որոնք կարող են ուղղվել առավել կարեւոր նշանակություն ունեցող ճյուղերին, օրինակ՝ շինարարությանը:

-Պարո՛ն Խաչատրյան, երեկ լրացավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ ամիսը: Ինչպե՞ս կգնահատեք նրա մեկ ամսվա աշխատանքը:

-Չեմ կարծում, որ դա կարեւոր իրադարձություն է: Նաեւ վստահ չեմ, որ այս մեկ ամսվա ընթացքում դրական փոփոխությունների ականտես ենք եղել: Ես մեր երկրի կյանքի փոփոխութունները չեմ կապում անձերի հետ: Գտնում եմ, որ մեր երկրի կյանքում խնդիրները համակարգային են, հետեւաբար փոփոխությունները պետք է ուղղված լինեն այդ համակարգը փոխելուն: Քանի որ դա չի կատարվում, մեկ ամիս կլինի, թե երկու, երեք, միեւնույն է՝ որեւէ նշանակություն չի ունենա:

-ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը…

-Ուղղակի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շատ վատ ասոցացիաներ է առաջացնում ոչ միայն իմ, այլեւ մեր քաղաքացիների, գործարարների մոտ: Մի փաստ պետք է արձանագրել, որ մեր տնտեսությունը այս վիճակին հասցնող ամենամեծ մեղավորությունն ունեցողը հենց այդ ընկերությունն է: Իր ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա այնքան մեծ է, որ մինչեւ հիմա տնտեսությունը խելքի չի գալիս, մարդիկ՝ նույնպես: Եթե ուսումնասիրենք, թե մեր միջին երկամուտների քանի տոկոսն ենք տալիս գազին եւ էլեկտրաէներգիային, ապա կստացվի, որ աշխատում ենք միայն դրա համար:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս