Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Երևանում է՝ մասնակցելու հոկտեմբերի 14-15-ը իր իսկ նախաձեռնությամբ կազմակերպված Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին: «Ժողովուրդ»-ը Արա Աբրահամյանի հետ զրուցել է Հայաստանի հետ կապված նրա տնտեսական ծրագրերի եւ քաղաքական ասպարեզ մուտք գործելու մասին:
-Պարո՛ն Աբրահամյան, հոկտեմբերի 13-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած «Ռուսաստանի դաշնության հայկական սփյուռքը» խորագրով գիտաժողովի ժամանակ նշել եք, որ հայկական սփյուռքի պոտենցիալի մեկ տոկոսն է միայն օգտագործվում: Ի՞նչ պոտենցիալի մասին է խոսքը եւ ինչո՞ւ այն չի օգտագործվում:
-Չի օգտագործվում, որովհետեւ բացակայում է գաղափարախոսությունը սփյուռքում: Գիտաժողովի ընթացքում մենք պայմանավորվեցինք, որ ուսումնասիրենք մեր ունեցած պոտենցիալները, հստակեցնենք սփյուռքի գաղափարախոսությունը, նկատի ունեմ տնտեսական առումով: Ինչի մասին է խոսքը: Տեսեք, գիտության մեջ տարբեր երկրներում մենք ունենք գերհզոր մարդիկ, որոնք պատրաստ են գալ այստեղ աշխատելու, խորհրդակցելու: Մենք պետք է իրենց բերենք եւ միասին աշխատենք: Մենք պետք է միասնություն ցուցաբերենք: Պատկերացնում եք վաթսունյոթ երկրում կան կազմակերպված սփյուռքի ներկայացուցիչներ: Ինչ կլինի, եթե այդ վաթսունյոթ երկրների պոտենցիալ ուժը միացնենք մեր փոքր երկրին: Դուք ինքներդ պատկերացրեք, թե ինչ վիճակ այդ ժամանակ կստեղծվի: Խոսքը դրա մասին է: Մենք պետք է մի քանի հարցով միասին համագործակցենք: Օրինակ` ինչո՞ւ ցեղասպանության հարցով մենք համագործակցում ենք, բայց տնտեսական հարցերով չենք կարողանում: Ինչո՞ւ այսօր մենք չենք կարողանում կանգնեցնել արտագաղթը, բայց կարո՞ղ ենք, չէ, իհարկե, կարող ենք: Մեզ ինչ է պետք դրա համար. պետք է միայն հստակեցնենք` ինչ է պետք անել, ով պետք է անի եւ երբ: Մեզ այդ երեք հարցերի պատասխանն է պետք հստակեցնել, ոչ թե միայն խոսենք՝ մեր երկրին պետք է սա, սա, սա:
-Բայց որեւէ քայլ կատարվո՞ւմ է այդ ուղղությամբ:
-Գործնական քայլեր անելու համար բոլորը պետք է պատասխանատվություն կրեն: Տեսեք, հիմա ես եկել եւ ասում եմ` ֆորում եմ անցկացնում եւ ասում եմ` մյուս տարի մենք կունենանք նույն այս ֆորումը, ամեն տարի լինելու է: Ֆորումից հետո այս եւ մյուս տարվա տարբերությունը կնկատեք բոլոր ասպարեզներում:
-Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել եք, որ պետք է համաներում կիրառենք մեկս մյուսի հանդեպ, Դուք ո՞ւմ հանդեպ եք այն կիրառել:
-Բոլորի, այն մարդկանց հանդեպ, ովքեր ինձ վիրավորել են, մենք մեկս մյուսի հանդեպ շատ վատ ենք վերաբերվում: Հարգանք չկա: Ով որ ինձ ավելորդ տեղը վիրավորել է, ոչ միայն ինձ, այլեւ իմ ընտանիքի անդամներին, բոլորին ներում եմ:
-Մի առիթով ասել եք, որ Դուք ՌԴ-ում ոչ մի խնդիր չունեք, բավականին մեծ հաջողությունների եք հասել, Ձեր ֆինանսական վիճակը լավ է, սակայն գիտեք, որ Հայաստանում կան խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս, որ Ձեր խիղճը հանգիստ լինի։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում Ձեր խղճի հանգստության համար:
-Գիտեք, խիղճը գալիս է այն ժամանակ, երբ ինքն է ուզում, ոչ թե երբ մենք ենք կամենում: Որպեսզի մենք մեր ապագան ապահովենք երջանիկ եւ ուրախ, մենք պետք է ինչ-որ աշխատանք անենք: Այսօրվա աշխատանքը ապահովում է մեր ապագայի հանգստությունը: Ունենալով այս հնարավորությունները՝ իմ խիղճը ինձ թույլ չի տալիս այդ ամենը չօգտագործել իմ երկրի զարգացման համար: Ամենակարեւոր քայլը այսօրվա ֆորումն է: Դուք չեք պատկերացնում, թե սա ինչ հարթակ է, թե ինչ պոտենցիալ ունի այսօրվա միջոցառումը:
–Ներդրումների ներգրավման առումո՞վ:
-Ե՛վ ներդրումների, ե՛ւ, ընդհանրապես, համախմբելու: Պատկերացրեք ամբողջ սփյուռքի եւ նրանց ընկերների, ովքեր հայեր չեն, պոտենցիալները միավորենք մեր երկրի պոտենցիալի հետ, ինչ կլինի: Մենք պետք է պայմաններ ստեղծենք, իշխանությունները եւ մենք, մեզ երկար ժամանակ պետք չէ, մեր ժողովուրդը մեղք է:
-Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է նշել, որ մեր տնտեսությունը վատ վիճակում է…
-Տնտեսության վիճակը, իհարկե, վատ է, մենք բոլորս դա հասկանում ենք
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Վահագն Հակոբյան, Հովսեփ Հովսեփյան